HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկու փայլի ետեւում. պատառոտված հողատարածքներ եւ հրատապ հարցադրումներ

Ոսկու հանդեպ տենչանքը մշտապես պարունակել է խենթության տարրեր: Հազարամյակներ շարունակ այդ արբեցնող փայլի մեջ ինչ-որ բան մարդկանց մղել է ծայրահեղ ցանկությունների` այն ունենալու, դրան տիրելու համար պայքարել են, նույնիսկ` սպանել:

Իրավիճակը ծնում է եռացող փոթորիկ բնապահպանների և  ոսկու ձեռնարկատերերի միջև: Ոսկին այժմ ապրում է բոլորովին նոր ժամանակներ` նոր հնարավորությունների և նոր ռիսկերի:

Արարատի ոսկու վերամշակման հումքը տեղափոխվում է Սևանա լճից 20 կմ հեռու գտնվող Սոթքի հանքավայրից, որտեղ մոտավորապես կես տոննա ավազի մեջ կա 0.46 գրամ ոսկի: Հանքաքարը մանրացվում է, իսկ ոսկին այս մանրացված տարրերից կորզվում է ցիանական նատրիումի միջոցով:
Ոսկու կորզումից հետո մնում է մածուցիկ զանգված, որը պարունակում է այլ մետաղներ, որոնք խառնված են ջրի հետ: Գործարանից ջուրը և քիմիական այլ նյութերն ու մետաղները խողովակներով ուղղվում են դեպի պոչամբար: 

Պոչամբարները լինում են տարբեր ծավալների` մեծ և փոքր: Դրանք հիմնականում կառուցվում են հարթավայրերում և գրավում են 100-ավոր հեկտար տարածքներ:   
Այս պոչամբարը, որը վերամշակման կոմբինատի հարևանությամբ է, կառուցվել է Սովետական Միության ժամանակաշրջանում: Այն  մինչ օրս շահագործվում է:

«Պոչամբարները խնդիրների մի ամբողջական պահեստարան են ոսկու վերամշակման գործընթացում,- ասաց VSB-Օստրավայի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պավել Դանիհելկան,- եթե պոչամբարները սխալ են կառուցված, կամ եթե դրանք ճիշտ վայրում չեն կառուցված, ապա բավական լուրջ բնապահպանական հետևանքներ կառաջացնեն»: 

Հայ բնապահպանները փաստում են, որ Արարատ քաղաքում կառուցված պոչամբարը մոտ է տեղի բնակավայրին` մոտակա գյուղերից կենդանիները գալիս են այստեղ արածելու:

«Վերջին տարիների ընթացքում, հատկապես պոչամբարի շուրջ գրանցվել են թռչունների և կենդանիների անկման դեպքեր,- ասաց Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մեզ տված հարցազրույցի ժամանակ,- իսկ եթե կենդանական աշխարհի համար վտանգավոր է, ապա մարդկանց համար էլ վտանգավոր է»:

Պատճառահետևանքային կապն ինքնին պարզ է, քանի որ կենդանիներն արածում են այն խոտը, որն աճել է պոչամբարի շրջակայքում, իսկ մարդիկ սնվում են այդ կենդանիներից ստացած կաթնամթերքով և մսամթերքով:

Սակայն ձեռնարկատերերը կենդանիների անկման դեպքերն այլ կերպ են մեկնաբանում: «Գյուղացիներն իրենք էին բերում իրենց սատկած անասուններին և գցում պոչամբարի մոտ, իսկ նախկին սեփականատերերը` հնդիկները, խուսափում էին աղմկահարույց տեսարաններից ու յուրաքանչյուր սատկած անասունի համար փող էին առաջարկում»,- ասաց «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) բնապահպանական հարցերով կառավարիչ Միքայել Կուկուլյանը:

Ըստ մասնագետների` պոչամբարում կուտակվող զանգվածը թունավոր է և ռադիոակտիվ: «Այստեղ կան մենդելեևյան աղյուսակի հիմնական էլեմենտները, որոնք փոշիացած են,- ասաց «Հայաստանում Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը,- ի դեպ` դրանց փոշիացած վիճակն է’լ ավելի վտանգավոր է, քան եթե դրանք հանքանյութի մեջ են»:

Բնապահպաններն ասում են, որ երբ ցիանիդը, կապարը և մնացած այլ նյութերը փոշիանում են, դրանք քամու օգնությամբ հեշտությամբ օդ են բարձրանում, անձրևի ժամանակ հոսում են դեպի գետեր, երբեմն էլ` անցնում ստորգետնյա ջրեր:

Պոչամբարը կարելի է երկար շահագործել ճիշտ կառավարման ժամանակ: Ըստ բնապահպանների` ավելի լավ է շահագործել միևնույն պոչամբարը, բայց չոչնչացնել մնացած տարածքները:

«Մենք այժմ չենք պատրաստվում նոր պոչամբար կառուցել, այլ մտադիր ենք ավելի մեծացնել ու լայնացնել հին պոչամբարի տարածքը»,- ասաց Միքայել Կուկուլյանը: Սակայն ձեռնարկության ղեկավարությունը խնդիրների առաջ է կանգնել, քանի որ պոչամբարի շուրջ կառուցվել են արհեստական ձկնաբուծարաններ:

Ձեռնարկատերերին հետաքրքրում է` ինչպես ձեռք բերել այն տարածքները, որոնք օրենքով իրենց են հասնում, քանի որ պոչամբարը կառուցվել է շատ վաղուց, ու հարակից տարածքները նույնպես գծագրի մեջ են ներառված: Իսկ տեղի բնակիչներին անհանգստացնում է ձկների` սխալ վայրում բազմանալը, քանի որ ձկնաբուծարանները բավական մոտ են պոչամբարին ու ավելի վտանգավոր դրության մեջ են:

«Խնդիրն այն է, որ վթարային իրավիճակներ չառաջանան,- ասաց Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը,- պետք է լրիվ կորզում կատարելուց հետո կարողանան բերել գյուղատնտեսական տեսքի, և որ անձրևաջրերի հետ չթափվեն ջրային ռեսուրսներ»:

Ըստ մասնագետների` գրեթե անհնար է պայքարել պոչամբարը վնասազերծելու և գյուղատնտեսական տեսքի բերելու համար,: Դեռևս ԽՍՀՄ տարիներին ցիանիդը չեզոքացվում էր քլորով` ժավելով: Իսկ ժավելն ամայացնում է հողատարածքները, եւ դրանք այլևս պտուղ չեն կարող տալ: Հետագայում արդեն` 90-ական թվականների վերջին, երբ մեկը մյուսի ետևից փոխվում էին ձեռնարկության սեփականատերերը, նրանք նույնպես ցիանիդը չեզոքացնում էին քլորով: Բայց այս մասին շատ քչերն են խոսում:

«Մեզ պարզապես ստիպում էին օգտագործել քլոր, քանի որ դա «Նաիրիտի» արտադրական թափոնն էր»,- ասաց Միքայել Կուկուլյանը:

Ըստ բնապահպանների` եթե ցիանիդը հավաքվում է հողի մեջ և ժամանակի ընթացքում քայքայվում, ապա քլորը չի քայքայվում: Ցիանիդը քլորով չեզոքացնում են միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, որտեղ պահպանվել են հին տեխնոլոգիաները:

Ձեռնարկության ներկայացուցիչներն ասում են, որ մինչ ԱՈԱՁ-ում ցիանիդը չեզոքացնում են քլորով` միջազգային ընկերությունները նույն գործողությունը կատարում են թթվածնի երկօքսիդով, որն ավելի արդյունավետ է և պակաս վնասակար:

«Քլորը մենք պիտի առնեինք երկրից, իսկ թթվածնի երկօքսիդը` արտերկրից: Այս քայլին մենք պատրաստ էինք գնալ, քանի որ քլորը բավական թույլ էր և ստիպված ավելի շատ էինք օգտագործում, որի հետևանքով էլ առաջանում էր հարցերի մի ամբողջ շարան»,- ասաց Մ. Կուկուլյանը:

Բնապահպաններն ասում են, որ պոչամբարի ճիշտ կառավարումը նշանակում է, որ այն պետք է մեկուսացած լինի, ունենա հիանալի հայելի և ամուր պատվար: «Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ այդ պոչամբարի հատակը մեկուսացված չէ, իսկ պատվարն էլ հողից կառուցված մի թումբ է: Սակայն այն պետք է դիմանա ցանկացած ուժգնության երկրաշարժի»,- ասաց Հ. Սանասարյանը:

Ձեռնարկության աշխատակիցներն ասում են, որ վերջին տարիների ընթացքում վթարներ տեղի չեն ունեցել: Սակայն 2005 թվականին մամուլն արձանագրեց` «Վերջին հինգ տարիների ընթացքում եղել են մեկ տասնյակի հասնող վթարներ: Մի քանի անգամ պոչամբար տանող խողովակները վթարվել են, ինչի արդյունքում ցիանախույսը հոսել է բանջարանոցներ, այգիներ, թունավորվել են կովեր, ձկներ: Վերջին վթարը եղել է 2004 թ. նոյեմբերի 28-ին: Ցիանաջուրը լցվել էր Սուրեն Մարգարյանի 4600 քմ խաղողի այգու մեջ»:  («Հնդիկները չեն հրաժարվում թունավորելու մտքից»):

Ձեռնարկության ղեկավարությունն այս անգամ ևս խուսափեց աղմկահարույց տեսարաններից և վթարների մասին տեղեկությունների հրապարակայնացումից ու հարցը լուծեց հողի տիրոջ հետ: Սակայն խողովակաշարի պաշտպանիչ տաշտակն այդպես էլ չվերանորոգվեց:

«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն այցելել հնարավոր չէ, կամ անհրաժեշտ է հետևել հատուկ ընթացակարգի»,- ասում են սեփականատերերը` մեկնաբանելով, որ դա իրենց տունն է, և որևէ մեկն իրավունք չունի առանց թույլտվության մտնել այնտեղ: Իսկ հատուկ թույլտվություն հնարավոր է ձեռք բերել ՀՀ բնապահպանության նախարարությունից երկար բանակցություններից հետո:

2007 թվականի նոյեմբեր ամսին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հատուկ փորձագետներին երկար բանակցություններից հետո միայն հաջողվեց տեսնել պոչամբարը և զրուցել ձեռնարկության ներկայացուցիչների հետ:

«Ձեռնարկատերերը մտադիր են տեխնոլոգիական լուրջ փոփոխություններ իրականացնել»,- ասաց Ֆրից Բալկոն, ով Հայաստան էր ժամանել տեղի ոսկու վերամշակման տեխնոլոգիաների ուսումնասիրության և կառավարությանն աջակցելու նպատակով` գտնելու այն մեխանիզմները, որոնք թույլ կտան նվազեցնել վնասներն ու վթարները:

«Այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են ձեռնարկության կողմից, պարզապես անընդունելի են»,- ասաց ավստրալացի Ֆիլիպ Փեքը: Մոտավորապես 20-30 տարին մեկ անգամ տեխնոլոգիաներն ու մեթոդները վերանայվում են, որպեսզի հնարավոր լինի նաեւ վերամշակված հումքը նորից վերամշակել:

«Հումքը կարելի է 2-3 անգամ վերամշակել, քանի որ մեկ կորզումից հնարավոր չէ ստանալ հումքի ամբողջ ոսկին,- ասաց Ֆ. Բալկոն,- երկրորդ` ամեն անգամ փորձ է արվում ոսկին կորզել ցիանիդի ցածր տոկոսայնության օգտագործմամբ»:

Ըստ միջազգային փորձագետների` պոչամբարի հումքը կարելի է վերամշակել 3-4 անգամ: ԱՈԱՁ-ի ներկայացուցիչները նրանց հայտնել են, որ Արարատի պոչամբարի հումքը ընդհանուր առմամբ 2.5 անգամ վերամշակվել է: Ավելի ուշ ԱՈԱՁ-ից մեզ հայտնեցին, որ միևնույն հումքը կվերամշակվի ևս 2 անգամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter