HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հրամանատար Սեֆիլյանն անցանկալի անձ է ՀՀ իշխանությունների համար

Դատապարտված ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն մայիսի 19-ին հայտարարեց, որ «ստացվել են խիստ անհանգստացնող եւ ուղղակիորեն Ժիրայր Սեֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից»:

Ահա եւ օրեր առաջ Սեֆիլյանին արտաքսելու հայցով ՀՀ վարչական դատարան է դիմել ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ Մխիթարյանը: Մայիսի 21-ով թվագրված փաստաթղթերը Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ստացել է ամսի 23-ին: 


Հետաքրքիր է, որ հենց մայիսի 21-ին ԱԺ-ում պատգամավոր Զ. Փոստանջյանի հարցին ի պատասխան` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հայտարարել է. «Ուղղակի ասեմ, որ, բնականաբար, այն կարգավիճակը, որում գտնվում է Սեֆիլյանը, հիմք չի տալիս նրան քաղաքացիություն շնորհելու»: Նախարարի հավաստիացմամբ` այդ պահին Սեֆիլյանին արտաքսելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվում. «Հետագայում, եթե դրա համար հիմքեր ծագեն, հարցը կդառնա քննարկման առարկա»:

Մայիսի 23-ին մի շարք կազմակերպություններ դիմել են ՀՀ իշխանություններին` Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հալածանքները դադարեցնելու եւ Հայաստանում բնակվելու իրավունք տրամադրելու պահանջով: Նրանք փաստի վրա հրավիրել են նաեւ միջազգային կառույցների ուշադրությունը:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, պահեստի փոխգնդապետ, առաջին աստիճանի «Մարտական խաչի» շքանշանակիր, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների համակարգող, «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել էր 2006-ի դեկտեմբերի 9-ին եւ 2007-ի օգոստոսի 6-ին ապօրինի զենք կրելու մեղադրանքով դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման: Նրա հետ միասին դատապարտվեցին ազատամարտիկներ Վարդան Մալխասյանն (2 տարով) ու Վահան Արոյանը (վերջինս առաջին ատյանի դատարանի վճռով ազատազրկվեց 1,5 տարով, իսկ վերաքննիչը խստացրեց պատիժը` 2 տարի) (Տես հոդվածը` ):

«Վարդաշեն» ՔԿՀ-ից Սեֆիլյանը դուրս է գալու հունիսի 9-ին, բայց երեւում է` ՀՀ իշխանությունները գտել են ընդդիմադիր ակտիվիստից «ազատվելու» ձեւը: Դեռ 2006-ի դեկտեմբերին Սեֆիլյանը հայտարարել էր, որ իրենք բռնելու են 2007-ի խորհրդարանական ընտրությունները կեղծել պատրաստվող ձեռքը, բայց դրանից հետո նա անմիջապես ձերբակալվեց, իսկ ընտրություններից հետո ազատազրկվեց: Այդ ընթացքում Բեյրութում վախճանվեց ազատամարտիկի մայրը: «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմն անհեթեթ պատճառաբանություններով շարունակ մերժել է Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին վաղաժամկետ ազատելու համար միջնորդություն ներկայացնել համապատասխան հանձնաժողովին: Նախագահական ընտրություններում նախկին դաշնակցականը ՔԿՀ-ից արված իր հայտարարություններով ակտիվորեն աջակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ համաժողովրդական շարժմանը: Վերջերս Սեֆիլյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին ասել է. «Մենք պետք է շարունակենք ակնհայտ ոճրագործ ռեժիմի` իշխանությունից հեռացման համաժողովրդական այս շարժումը մինչեւ հաղթական ավարտ... Մեր ավելի կոնկրետ անելիքները դեռ պետք է դառնան մեր համախոհների քննարկման լուրջ թեմա, որից եւ պետք է ծնվի հավաքական որոշումը: Շուտով` իմ ազատության մեջ հայտնվելուց հետո, մամուլով մենք տեղյակ կպահենք ու կհրավիրենք մեր ժողովրդին, հատկապես` հին ու նոր համակիրներին, մի խորհրդակցական բաց հավաք կազմակերպելու համար, որտեղ եւ կխոսենք մեր անելիքների մասին»: Իշխանությունների պատասխանն այս խոսքերին երկար սպասել չտվեց:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը 1990-ի հուլիսից հաստատվել է Հայաստանում, բայց միայն 2003-ին է դիմել քաղաքացիություն ստանալու համար (Սահմանադրությամբ` ազգությամբ հայերը քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով): 2003-ին եւ 2005-ին նախագահականից այդպես էլ պատասխան չի եկել, 2004-ին, 2006-ին եւ 2008-ին դիմումներն առանց հիմնավորման մերժվել են: Սեֆիլյանն այժմ չունի նաեւ ՀՀ-ում կացության որեւէ կարգավիճակ: Դա նրան պարզապես չեն տալիս: Հենց կարգավիճակ չունենալու հիմքով էլ իշխանությունները պատրաստվում են արտաքսել նրան: Բայց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով` «արգելվում է արտաքսել Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացուն, եթե նա իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա»: Իսկ Սեֆիլյանը Երեւանում երկու անչափահաս որդի ունի` 14-ամյա Պետոն եւ 2 տարեկան Վահագնը: Նրա կինը` Նանոր Սեֆիլյանը, որին նույնպես քաղաքացիություն չեն տալիս, աշխատում է ՀՀ-ում Լիբանանի դեսպանատանը եւ միայն դրա շնորհիվ է, որ Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել:

Փաստաբան Գրիգորյանը հայտնել է, որ իրենք բողոքարկելու են ոստիկանության որոշումը: Այդ դեպքում արտաքսման գործընթացը կասեցվում է: Եթե դատարանը չբավարարի հայցը, ինչը կնշանակի դեմ գնալ «վերեւներին», ապա օրենքով Ժիրայր Սեֆիլյանին պետք է ժամանակավոր կացության կարգավիճակ տրվի: Իսկ արտաքսվելու դեպքում օրենքով հաստատված կարգով ազատամարտիկն ընդգրկվելու է Հայաստանի համար անցանկալի անձանց «սեւ ցուցակում»:

«Հայաստանում ոչ մի օրենք չի հարգվում, եւ չի բացառվում, որ Ժիրոյին արտաքսեն,- ասում է Ն. Սեֆիլանը, բայց հավելում,- պիտի ամեն տեղ, ամեն ձեւով պայքարենք»: Հարցին, թե եթե Ժիրայրին արտաքսեն, հնարավո՞ր է, որ ինքն ու երեխաներն էլ ինքնակամ հեռանան, տկն Նանորը պատասխանում է. «Ոչ, ինչի՞ համար: Այստեղ է իմ աշխատանքը, երեխաս այստեղ է սովորում, արաբերեն ոչ մի բառ չգիտի... Ռոբիկի, Սերժիկի ինադու ես այստեղ եմ մնալու: Սա նաեւ մեր հայրենիքն է...»:

Արցախյան պատերազմի անվանի հրամանատար Սեֆիլյանը մայիսի 22-ին դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով: Սահակյանը դեռեւս չի պատասխանել: Անցյալ տարի էլ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը դիմել էր ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Նրան այդ ժամանակ պատասխանել էին, որ դիմումը կքննարկվի միայն «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո:

 

Բաց նամակ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին
ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսին
ՀՀ-ում Լիբանանի դեսպանին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Human Rights Watch

2006թ. դեկտեմբերի 9-ից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սէֆիլյանը, ով շուրջ 17 տարի ապրում է Հայաստանի Հանրապետությունում, գտնվում է կալանքի տակ` իշխանությունների քաղաքական հետապնդման արդյունքում: 2008 թ. հունիսի 9-ին լրանում է նրա ազատազրկման ժամկետը: Ժիրայր Սէֆիլյանը երեք անգամ դիմել է Հայաստանի իշխանություններին` իրեն ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով: Սակայն այդ խնդրանքը անհիմն մերժվել է: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող են ստանալ օրենքի հիման վրա` պարզեցված կարգով: Մինչդեռ հայտնի ազատամարտիկի նկատմամբ սույն օրենքը ապօրինաբար չի կիրառվել:

Սկսած 2008թ. ապրիլից` զանգվածային լրատվամիջոցները լուրեր էին տարածում, թե իշխանությունները պատրաստվում են Ժիրայր Սէֆիլյանին վտարել Հայաստանից: Իսկ մայիսի 21, 2008թ. ՀՀ Ոստիկանությունը Ժիրայր Սէֆիլյանի արտաքսման վերաբերյալ վարչական դատարանին արդեն հայց է ներկայացրել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ժիրայր Սէֆիլյանը, ՀՀ օրենսդրության համաձայն, Հայաստանում բնակվելու հնարավորություն ունենալու համար պետք էր ձեռք բերեր կամ հատուկ կացության կարգավիճակ, կամ ստանար Հայաստանի քաղաքացիություն, վարչախումբը չարամտորեն խուսափեց նշվածի վերաբերյալ որոշում կայացնել` Շուշիի ազատագրման հերոսներից մեկին չտրամադրելով ոչ կացության կարգավիճակ, ոչ քաղաքացիություն:

Ժիրայր ՍԷֆիլյանն ամուսնացած է, ունի երկու որդի` Պետո ՍԷֆիլյանը (ծնված 1994թ., Բեյրութում), եւ Վահագն Սէֆիլյանը (ծնված 2006թ., Երեւանում): Հանիրավի դատապարտված հայրենասերի տիկինը` Նանօր Սէֆիլյանը, աշխատում է որպես Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպանի օգնական եւ օգտվում է դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի 1961թ. ապրիլի 18-ի Կոնվենցիայով նախատեսված անձեռնմխելիությունից եւ արտոնություններից:

Սէֆիլյանների ընտանիքը գրեթե երկու տասնամյակ ապրելով Հայաստանում` դարձել է հայաստանյան հասարակության լիիրավ անդամ, ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք, ավագ որդին հաճախում է միջնակարգ դպրոց: Որդիները տիրապետում են միայն հայերեն լեզվին: Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի սպա է, ունի փոխգնդապետի զինվորական կոչում: Հեղինակություն վայելող հասարակական գործիչ է: Մինչդեռ Լիբանանում Սէֆիլյանների ընտանիքը չունի որեւէ սեփականություն, եկամտի աղբյուր կամ կենսակերպն ապահովող այլ միջոցներ:

Ժիրայր Սէֆիլյանին չտրամադրելով ոչ հատուկ կացության կարգավիճակ, ոչ քաղաքացիություն, ինչպես նաեւ Ժիրայր Սէֆիլյանի արտաքսման վերաբերյալ վարչական դատարանին հայց ներկայացնելով` ՀՀ իշխանությունները փաստացի պարտադրում են Սէֆիլյանների ընտանիքին կատարել «ընտրություն»` կամ ընտանիքի անդամների միմյանցից բաժան-բաժան ապրելակերպ, կամ ողջ ընտանիքով պարտադրված մեկնում Լիբանան, ինչը կենսագոյության նվազագույն միջոցների իսպառ բացակայության պատճառով խիստ բացասաբար կանդրադառնա հայրենանվեր ընտանիքի ապագայի վրա: Նաեւ հանրահայտ փաստ է, որ վերջին պատերազմական գործողությունների արդյունքում բազմաթիվ լիբանանահայեր ստիպված են եղել լքել Լիբանանը:

Ուստի ՀՀ իշխանություններից պահանջում ենք`

- դադարեցնել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ շարունակական բնույթ կրող քաղաքական հալածանքները,
- Ժիրայր Սէֆիլյանին տրամադրել Հայաստանում բնակվելու իրավունք:

Միջազգային պատկան կազմակերպություններից պահանջում ենք`

- անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել` կանխելու ժողովրդավարություն կերտող հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկի հանդեպ քաղաքական այլախոհության պատճառով Հայաստանի ղեկավարության կողմից չդադարող հետապնդումները, ինչպես նաեւ թույլ չտալ Հայաստանից Ժիրայր Սէֆիլյանի ապօրինի վտարումը, քանզի դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

«Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանության խումբ»
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան
«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ, Սեդա Մելիքյան
«Հույս» ՀԿ, Լալա Ասլիկյան
«Զարթոնք-89», Սիլվա Վարդանյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Լեւոն Բարսեղյան
«Սկսել ա» երիտասարդական շարժում, Արսեն Խառատյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter