HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ է

Սեֆիլյանի հետ 2-ական տարով դատապարտվել էին նաեւ ազատամարտիկներ Վարդան Մալխասյանն ու Վահան Արոյանը:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց Սեֆիլյանին ոգեւորությամբ դիմավորեցին նրա համակիրները եւ հանձնեցին մեծ չափերի խորհրդանշական ՀՀ անձնագիր` ի հեճուկս իշխանությունների, որոնք 2003-ից ոչ միայն շարունակաբար հրաժարվել են լիբանանցի Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել, այլեւ ներկայումս մտադիր են նրան վտարել Հայաստանից:

«Այսօր ես շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին հերթին բոլոր այն լրագրողներին, որոնք, ի հեճուկս իշխանությունների, կարողացան մեր խոսքը հասցնել ժողովրդին: Անշուշտ, շատ բաներ ունեմ ասելու քաղաքական զարգացումների վերաբերյալ, սակայն այդ մասին կխոսեմ մոտ օրերս` ասուլիս հրավիրելով»,- հայտնեց Սեֆիլյանը:

Նախկին հրամանատարն ասաց, որ շարունակելու է զբաղվել «նույն գործով, որ զբաղվում էինք մինչեւ ապօրինի ձերբակալումը: Ուզում են 2 տարի պահեն, 20 տարի պահեն` դրանից ոչինչ չի փոխվի: Իրենք թող մտածեն իրենց մասին...»: Իրեն քաղաքացիություն տալու խնդրի մասին Սեֆիլյանը նշեց. «Ես կարծում եմ, վերջ ի վերջո, դրական արդյունք պիտի ունենա, բայց հիմա կանեն դա, թե չեն անի, դա իրենց գործն է: Վերջ ի վերջո, մեր երկրի իրավական նախագահը, ես կարծում եմ, դա անելու է... Աշխարհում նախադեպը չի եղել երեւի, որ ինչ-որ պետության զորամասի հրամանատար չունենա քաղաքացիություն»: Ինչ վերաբերում է իրեն Հայաստանից վտարելուն, 1990-ից հայրենիքում բնակվող Սեֆիլյանն ասում է, որ «եթե հետեւենք այս ռեժիմի քայլերին, ապա կնկատենք, որ ամեն մի քայլը մյուսից անհեթեթ է... Եղան խայտառակ, թող իրենք որոշեն` շարունակելու՞ են մնալ խայտառակության մեջ, թե՞ ոչ: Մենք մեր գործը ունենք` միասին, վերջ ի վերջո, կերտելու ենք մեր պատկերացրած պետականությունը»:

«Վարդաշենից» Սեֆիլյանն իր համակիրներով շարժվեց Եռաբլուր, ուր օրեր շարունակ հացադուլ են անում մի շարք ազատամարտիկներ` իրենց քաղբանտարկյալ ընկերներին ազատ արձակելու պահանջով: Հացադուլավորների հետ հանդիպման ժամանակ պահեստի փոխգնդապետը նշեց. «Ես կարծում եմ, որ հացադուլը պայքարի լավագույն ձեւը չէ, սակայն եթե մարդիկ կան, ովքեր այս ձեւն են ընտրում եւ գնում նման ծայրահեղ քայլի, ես հարգում եմ նրանց ընտրությունը եւ չի բացառվում, որ ես էլ, չընդունելով պայքարի այս ձեւը, միանամ նրանց: Երկու օրից ես բոլոր պայքարողների տրամադրության տակ եմ... Կարծում եմ, որ մեր պայքարը տվել է իր արդյունքը` իշխանափոխությունը մեծ մասամբ կատարված է: Կարծում եմ նաեւ, որ հունիսի 20-ի հանրահավաքը կունենա իր վճռական դերակատարությունը»: Սակայն, ըստ նրա, չի կարելի հստակ ժամկետներ չնշել հաղթանակի համար. «Ես չեմ կարծում, որ հունիսի 20-ով խնդիրը կլուծվի: Պայքարը կարող է 2 օր տեւել, կարող է 20 շաբաթ կամ 10 ամիս տեւել: Միեւնույն է` մենք շարունակելու ենք պայքարը»: Սեֆիլյանն այցելեց նաեւ զոհված ազատամարտիկների շիրիմներին: Հարցին, թե արդյոք չի պատրաստվում հանդիպել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, պատասխանեց. «Եթե Տեր-Պետրոսյանը ժամանակ ունենա, իհարկե, մեծ սիրով կհանդիպեմ»:

 Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter