HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Բարեգործական ճաշարանների փակումն աղետ է դրանցից օգտվողների համար

Բարեգործական ճաշարաններից այլեւս չօգտվելու նորությունը մի քանի տասնյակ մարդկանց համար ոչ միայն վատ լուր էր, այլ` սոված մնալու հեռանկար: Մեկ ամիս առաջ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության 32 ճաշարաններից երեքը` Գյումրիում, Վանաձորում եւ Վարդենիսում, դադարեցին գործել, իսկ մնացած 29-ից` Երեւանում եւ 8 մարզերում, օգտվողների ցուցակներում եղան կրճատումներ:

Այս գործընթացը դեռ շարունակվում է. մինչեւ 2009 թվականի հունվարը կփակվի եւս երեք բարեգործական ճաշարան: 

Քանի որ ի սկզբանե ճաշարանների սնունդը նախատեսված էր միայն անապահով ծերերի համար, այդ պատճառով առաջին հերթին ցուցակներից դուրս մնացին գործազուրկները, անապահով, բազմազավակ ընտանիքների եւ միայնակ մայրերի երեխաները: Հիմա ճաշարաններից օգտվում են միայն 60-ն անց թոշակառուները եւ բոլոր տարիքի հաշմանդամները:

Բարեգործական կազմակերպության Երեւանի Շենգավիթ համայնքի կենտրոնը տեղակայված է նախկին «դիետ ճաշարանում»: Այս կենտրոնում համայնքի անապահով մարդկանց տրվում է բազմապիսի սոցիալական եւ առողջապահական օգնություն, բայց մարդիկ այստեղ են գալիս հիմնականում տաք սնունդ ստանալու համար: Մեկ ամիս առաջ ճաշարանից ուտելիք ստանում էր 145 մարդ, հիմա` 125: 20 այցելուի տնօրինությունը ստիպված էր բացատրել, որ «գումար չլինելու պատճառով ճաշարանն այլեւս չի կարող նրանց համար սնունդ պատրաստել»: Կենտրոնի տնօրեն Լիաննա Հովսեփյանը չգիտի` այս որոշումը ժամանակավո՞ր է, թե՞ վերջնական:

Ճաշարանից օգտվող ծերունիներից ոմանք չեն ուտում իրենց հասանելիք բաժինը, այլ տանից բերած տարաներով եւ ամաններով տուն տանում սնունդը` ընտանիքի անդամների հետ կիսելու համար:

84-ամյա թոշակառու Ամալյա Այվազյանը խոհանոցից բերում եւ ցույց է տալիս ափսեի մեջ այդ օրվա իր մեկ բաժին ճաշը, որը նա պետք է կիսի չորս հոգու միջեւ: Մեկ ամիս առաջ նրա երկու անչափահաս` 7 եւ 12 տարեկան թոռնիկները նույնպես ստանում էին սնունդ: Երեխաներին խնամող միայնակ մայրն ասում է, որ դա շատ մեծ օգնություն էր իրենց համար:

«Տան միակ աշխատողն աղջիկս է, բայց նա հիվանդ է, ունի ողնաշարի եւ երիկամների հիվանդություն: Երբեմն միայն հնարավորություն է լինում շենքի բնակիչների համար վարձով տնային աշխատանքներ անել: Վատառողջ լինելու պատճառով ոչ ոք չի ուզում նրան մշտական աշխատանքի վերցնել»,- պատմում է տկն Ամալյան: Ընտանիքի միակ եկամուտը 22 հազար դրամ սոցիալական նպաստն է եւ 24 հազար դրամ թոշակը:

Բարեգործական ճաշարանների ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAD): Ծրագիրն ավարտվում է 2009 թվականի փետրվարին, որից հետո, լրացուցիչ գումար չլինելու դեպքում, բարեգործական ճաշարանները կփակվեն արդեն բոլորի համար:

«Մենք մտածում էինք, որ մինչեւ ծրագրի ավարտը կկարողանանք առանց կրճատումների ամենօրյա տաք սննդով ապահովել մեր բոլոր 4200 շահառուներին, սակայն հիմա ստիպված ենք որոշակի խմբի համար դադարեցնել մեր օգնությունը,- ասում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը,- 2003 թվականին, երբ մեր կազմակերպությունը կնքում էր ծրագրի պայմանագիրը, դոլարն արժեր մոտ 500 դրամ, հիմա այն արժե 305 դրամ: Բոլոր տնտեսումներով փորձեցինք գումար խնայել եւ պահել բոլորին, բայց այս վերջին թանկացումների պատճառով դա այլեւս անհնար է: Անցյալ տարվա կեսերից սկսած` թանկացումների պատճառով սնունդ մատակարարողների հետ մենք ամեն ամիս նոր պայմանագրեր ենք կնքում: Հացի մատակարարի հետ 20 օր առաջ կնքված պայմանագիրն ալյուրի թանկացման պատճառով երեկ նորից ենք վերանայել»:

Կառավարությունն արդեն բավականին երկար ժամանակ հրապարակում է տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներ, եւ միջազգային դրամատուները համարում են, որ ժամանակն է, որպեսզի պետությունն իր միջոցներով ապահովի կարիքավոր մարդկանց սոցիալական աջակցությունը: Այդ պատճառով դրամատուներն ավելի շատ հակված են դրամաշնորհներ տրամադրել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրերի համար:

«Մենք արդեն խոսել ենք ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարության հետ, եւ նրանք, կարծես թե, համաձայն են երկարացնել ծրագիրը, եթե գտնվեն լրացուցիչ ներդրողներ: Որքան էլ խոսվի տնտեսական զարգացման մասին, մեզ մոտ կան շատ ընտանքիներ, որոնք ամբողջ օրվա մեջ հաց ուտում են միայն մեր ճաշարաններում»,- ասում է Հռիփսիմե Կիրակոսյանը:

45-ամյա Մարիամ Արշակունյանն անչափահաս որդիներին միայնակ է պահում: Մոտ 5 տարի նրանք սնվում էին իրենց համայնքի ճաշարանում: Բայց մեկ ամիս առաջ ճաշարանից զգուշացրին, որ այլեւս չգան: Մայրն ասում է, որ իր երեխաները հաց ուտում էին մեկ անգամ` ճաշարանում: 10 եւ 11 տարեկան տղաների մայրը չի աշխատում: Ստանում է սոցիալական նպաստ` ընդամենը 15 հազար դրամ: «Եթե չենք գնում ճաշարան, ուրեմն երեխաներս սոված են մնում»,- ասում է Մարիամը:

«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով, որ պետությունը մոտ 30 մլն դրամի չափ գումար տրամադրի կրճատումներից խուսափելու եւ հետագայում ծրագիրը շարունակելու համար: Վարչապետին ուղղված նամակին կցված են նաեւ բազմաթիվ մարդկանց նամակները` խնդրանքով վերականգնել ճաշարանում սնվելու հնարավորությունն իրենց երեխաների համար:

«Ես բազմազավակ մայր եմ եւ ունեմ չորս անչափահաս երեխա: Մեկ տարի առաջ վիրահատել են տղայիս ոտքը: Ես շատ ծանր վիճակում եմ հայտնվել: Ճաշը բավականացնում էր իմ երեխաներին, եւ նրանք սոված չէին մնում: Խնդրում եմ վերականգնեք մեր բաժինը, չէ՞ որ երեխաները մեր ապագան են»,- ասում է Ժաննա Հայրապետյանը:

«Շուրջ երկու տարի է, որ օգտվում եմ Աջափնյակի համայնքում գործող ճաշարանից: Դա իմ ընտանիքը սովից փրկելու միակ միջոցն է: Ես ունեմ յոթ երեխա, որից երկուսն ամուսնացած են, հինգը` անչափահաս: Ամուսինս չի աշխատում: Իմ ընտանիքի միակ եկամուտը 40 հազար դրամ նպաստն է, ես չեմ կարողանում ծայրը ծայրին հասցնել»,- ասում է Կարինե Տերյանը:

«Ունեմ չորս անչափահաս երեխա: Երեխաներին մենակ եմ խնամում: Գործազուրկ եմ: Ճաշարանից օգտվելու ժամանակ երեխաներս սոված չէին մնում: Հիմա չգիտեմ` ինչպե՞ս պահեմ նրանցգ»,- ասում է Անուշ Խնկոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter