HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Չարենցին Չարենցավանի հետ կապող հուշասրահի ու նրա փակ դռների մասին

Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի առիթով որոշվել էր Խորհրդային Հայաստանի քաղաքներից մեկը կոչել մեծն բանաստեղծի անունով: Ընտրվեց որպես Գյումուշ ՀԷԿ-ի բանվորական ավան ստեղծված 20-ամյա Լուսավանը. այն վերանվանվեց Չարենցավան:

Երկար տարիներ Չարենցին ու Չարենցավանին կապում էր միայն անունը: Քաղաք այցելած հյուրերը հաճախ էին հետաքրքրվում քաղաքի անվան ծագումնաբանությամբ` Չարենցն ապրե՞լ է այս քաղաքում: Ի վերջո, որոշվեց քաղաքում «չարենցյան անկյուն» կառուցել, որն ինչ-որ կերպ կապ կստեղծեր քաղաքի անվան ու մեծ բանաստեղծի միջեւ: 

Երբ նշվում էր բանաստեղծի 80-ամյակը, Չարենցի դուստրերը շրջեցին Չարենցավանի ամբողջ տարածքում` իրենց հորը հոգեհարազատ մի անկյուն գտնելու համար: Ընտրվեց քաղաքային զբոսայգու համեստ խաղատունը, որն էլ շուտով վերածվեց Չարենցի հուշասրահի:

Երկար տարիներ չարենցավանցիներն այն կոչում էին «թանգարան»` այնտեղ ուղեկցելով քաղաք այցելած հյուրերին: Բազմաթիվ էին կազմակերպվող միջոցառումները, գրական երեկոները: Սակայն հիմնադրումից 30 տարի անց «թանգարանն» ասես մոռացության է մատնվել: Մեկ տարի առաջ քաղաքի 60-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ այն այդպես էլ ստվերում մնաց:

Նախկինում հուշասրահը Ե. Չարենցի մայր թանգարանի մասնաճյուղն էր: Սրահի էքսկուրսավար-ֆոնդապահ Անահիտ Արտուշյանի խոսքով` այդ օրերին հուշասրահը հարուստ ցուցանմուշներ ուներ, որոնք բերվում էին մայր թանգարանից ու պարբերաբար թարմացվում: «30 տարի աշխատել ենք բոլոր պայմաններից անկախ: Անվանի հյուրեր ենք ունեցել` Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Շիրազ եւ ուրիշներ: Եվտուշենկոն իր «Չարենցավանում» բանաստեղծությունն այստեղ է գրել` նվիրելով մեր հուշասրահին: Չարենցի դուստրերն այստեղ հաճախակի են եղել: Արփենիկ Չարենցը շատ էր սիրում մեր հուշասրահը, ասում էր` սա իմ հայրական երկրորդ տունն է»,- պատմեց Ա. Արտուշյանը:

90-ականներին հուշասրահի տնօրինումը հանձնվեց համայնքին: Մայր թանգարանի ցուցանմուշները տեղափոխվեցին Երեւան: «Մեզ մոտ մնացին ցուցանմուշներ, որոնք ֆոտոմուլյաժներ են, օրիգինալ ոչինչ չկա»,- նշեց Ա. Արտուշյանը: Ֆոնդապահը խոստովանեց, որ տարիներ շարունակ հուշասրահը չի թարմացվել, նույնիսկ երկար տարիներ չի վերանորոգվել` տանիքը կաթում էր: Շենքային պայմանները բարելավվել են «Եղիցի լույս ԲՀ» ՍՊԸ-ի միջոցներով, փոխվել է մանրահատակը, ձեռք է բերվել գույք, սակայն հուշասրահի ցուցանմուշները թարմացնելու, նոր ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ այդպես էլ չեն տարվել: Բացի այդ, պահպանվել է միայն մեկ հաստիք` ֆոնդապահ-էքսկուրսավարինը, որը նաեւ համատեղում է տեխնիկական աշխատանքները:

Չարենցավանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սուրեն Մուրադյանը տեղեկացրեց, որ իրենք միայն աշխատավարձ են վճարում միակ աշխատողին, որը կցված է Գառզուի անվան արվեստի դպրոցին: Մեկ հաստիքի առկայությունն էլ մեկնաբանեց աշխատանքի ոչ ծանրաբեռնվածությամբ: Ինչ վերաբերում է ֆոնդերի թարմացմանն ու ցուցադրությունների կազմակերպմանը, Ս. Մուրադյանի խոսքով` աշխատողը պետք է առաջարկություններ ներկայացնի, ինչի հիման վրա էլ քաղաքապետարանը ֆինանսավորում կտրամադրի: Մինչդեռ որեւէ առաջարկ առայժմ չի ստացվել: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շուշանիկ Սարգսյանը նշեց, որ Չարենցավանի քաղաքային զբոսայգին, որտեղ գտնվում է նա— հուշասրահը, վարձակալությամբ հանձնված է «Եղիցի լույս ԲՀ» ՍՊԸ-ին եւ, ըստ պայմանագրի, ընկերությունը պետք է 200.000 դրամի չափով ներդրում կատարի հուշասրահում, նաեւ` միջոցառումներ կազմակերպի այնտեղ:

Շ. Սարգսյանը մեջբերեց վարձակալության պայմանագրի այդ հատվածը. «... վարձակալը միակողմ պարտավորվում է ... մինչ— 200.000 դրամ գումարի սահմաններում իրականացնել տարածքին հարող գոտում գտնվող «Եղիշե Չարենցի սրահի» հիմնական ու ընթացիկ վերանորոգման անհրաժեշտ բոլոր աշխատանքները, ինչպես նաեւ այն ներգրավել Վարձակալության հանձնված եւ տարածքում տեղակայված իր մյուս գույքի պահպանության համար կատարվելիք միջոցառումների ցանկում` դրա դիմաց իրավունք ունենալով հիշյալ սրահում փակցնել կամ տեղադրել համապատասխան բովանդակությամբ ցուցանակներ, ինչպես նաեւ շարադրվածի մասին տեղեկատվությունն օգտագործելու իր առեւտրային գործունեությունը գովազդելու համար»:

«Եղիցի լույս ԲՀ» ՍՊԸ բաժնետեր եւ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը մեզ տեղեկացրեց, որ թեեւ որեւէ վահանակ ինքը չի տեղադրել, սակայն 200.000 դրամի փոխարեն 2 մլն 600 հազար դրամի ներդրում է կատարել, նաեւ միջոցառումներ է կազմակերպել: Նշեց, որ հուշասրահն իրեն վարձակալությամբ տրամադրված չէ, եւ ցուցանմուշների ձեռքբերումը քաղաքապետարանի խնդիրն է: «Ես հոգնել եմ իրենց հետ վիճելուց, նույնիսկ հոսանքի վարձն եմ ես վճարում»,- ասաց Ռ. Թովմասյանը:

2005 թ. Չարենցավան քաղաքի ավագանին որոշում է կայացրել վարձակալությամբ տալ քաղաքային զբոսայգու տարածքի շենք, շինություններն ու գույքը` հաշվի առնելով «զբոսայգու վերականգնման, շահագործման հույժ անհրաժեշտությունը, դրա նշանակությունը քաղաքի մշակութային կյանքի, բնակիչների հանգստի կազմակերպման խնդրում», ինչը, ավագանու գնահատմամբ, բավականին ծախսատար է եղել համայնքի բյուջեի համար: Որոշմանը հետեւել է պայմանագրի կնքումը: Նախորդ տարի համայնքի ղեկավարի փոփոխությունից հետո քաղաքապետարանը տեղի հեռուստաընկերությամբ հայտարարեց, որ «Եղիցի լույս ԲՀ» ՍՊԸ-ն չի կատարում իր պարտավորությունները: Հակառակ հայտարարությամբ հանդես եկավ Ռ. Թովմասյանը: Օրինակ` պայմանագրի համաձայն` վարձատուն պետք է ապահովի տարածքին հարող կանաչ գոտիների ագրոտեխնիկական եւ ագրոքիմիական սպասարկումը, սակայն այս տարի այգին նույնիսկ ոռոգման ջուր չի ունեցել:

Մեզ հետ զրույցի ընթացքում երկու կողմերն էլ առանձին-առանձին խոսեցին մյուս կողմի թերացման, պայմանագրի պահանջները չկատարելու մասին: Դժվար է ասել, թե երբ «Եղիցի լույս ԲՀ» ՍՊԸ-ն եւ Չարենցավանի քաղաքապետարանը բանակցային ընդհանուր սեղանի շուրջ կնստեն, որպեսզի միմյանց հարկադրեն կատարելու պայմանագրի պահանջները: Զերծ մնալով պայմանագիրը մեկնաբանելուց ու մեղավորներ փնտրելուց` նշենք, որ արդյունքում տուժում է «կռվախնձոր» դարձած հուշասրահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter