HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրդեհ է ստեղծում ու սպասում է, որ ԱՄՆ-ն կհանգցնի»,- ասում է վրաց բախումնաբան Պաատա Զաքարեիշվիլին

- Վրաստանից եկող տեղեկատվությունը շատ քիչ է հասկանալու համար, թե ինչ է կատարվում այս օրերին Վրաստանում եւ ինչպես են ընկալում տեղի ունեցած իրադարձությունները վրաց քաղաքական ուժերն ու վերլուծաբանները:

- Իրադարձություններն սկսվեցին հուլիսի 3-ին, երբ Հարավային Օսիայի տարածքում տեղի ունեցան մի քանի ահաբեկչական գործողություններ, սպանվեց մի օս ոստիկան, հետո կատարվեց մահափորձ Սահակաշվիլու կողմից որպես Հարավային Օսիայի ներկայացուցիչ ճանաչվող Սանակոեւի դեմ, վրացական իշխանությունները հայտարարեցին, որ այս ամենն այլեւս հնարավոր չէ հանդուրժել: Հուլիսի 3-ից սկսվեցին պերմանենտ փոխհրաձգություններ գրավելու համար այն ռազմավարական բարձրունքները Ցխինվալիի շրջանում, որոնք վրացական կողմը կորցրել էր 2004 թվականին:Վրաց-օսական կոնֆլիկտը, որը Սահակաշվիլին ուզեց լուծել ուժային ճանապարհով, մեկ օրվա ընթացքում վերածվեց վրաց-օսական լայնամասշտաբ պատերազմի: Ցավալի է, որ որպես միջնորդ, խաղաղարար գործառույթ ստանձնած պետություն Ռուսաստանը Վրաստանի ոչ ճիշտ քայլերին պատասխանեց անհամաչափ, ոչ ադեկվատ, ոչնչացրեց Վրաստանի ողջ ենթահամակարգը, ագրեսիա իրականացրեց եւ ցույց տվեց իր ձգտումն ի դեմս Վրաստանի տեսնելու ոչ անկախ պետություն: Ակնհայտ է, որ ցուցաբերելով ատելություն Վրաստանի` որպես պետության, եւ նույնիսկ վրացիների նկատմամբ, Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող լինել միջնորդ, խաղաղարար: Ռուսաստանի այսպիսի արձագանքը միանգամից մի կողմ դրեց այն ամենն, ինչ արեց Վրաստանը, եւ հիմա բոլորը խոսում են այն մասին, թե ինչ արեցին ռուս զինվորականները Վրաստանում: Եվ եթե առաջ մեկը խոսեր Ռուսաստանի այսպիսի պահվածքի մասին, ապա դա դժվար հավատալի բան կլիներ: 


- Հատկապես ի՞նչ նկատի ունեք «Վրաստանի ոչ ճիշտ քայլեր» ասելով:

- Սկսած 2004 թվականից Վրաստանն իրեն ճիշտ չէր պահում, դադարեցրեց օսերի հետ բոլոր բանակցությունները` գտնելով, որ ոչ թե նրանք են հակամարտության կողմը, այլ Ռուսաաստանն է իր գլխավոր մրցակիցը, անցավ ուժի, մկանների ցուցադրման քաղաքականությանը, միաժամանակ իրագործեց «բաժանիր եւ տիրիր» մարտավարությունը` Վրաստանում ստեղծելով զուգահեռ օսական կառույցներ ոմն Սանակոեւի գլխավորությամբ, որն, իբրեւ համարվում է կոնֆլիկտի կողմ եւ որի հետ պետք է վարի բանակցություններ: Նման մեքենայությունների պատճառով էլ օսական ողջ հասարակությունը խորթացավ վրաց հասարակությունից, Վրաստանից: Օսերը ոչ մի իմաստ չէին տեսնում Վրաստանի հետ բանակցություններ վարելու մեջ եւ դարձան Ռուսաստանի խամաճիկները: Վրաստանը լիովին կորցրեց այս հակամարտության վրա ազդելու բոլոր հնարավորությունները:

- Ինչու՞ Վրաստանը գնաց հարավօսական ուղղությամբ, չէ՞ որ մինչ այդ խորթացումը վրացիների եւ օսերի միջեւ այդքան խորը չէր, եւ մասնագետների կարծիքով հենց հարավօսական հակամարտությունը կարելի էր լուծել խաղաղ ճանապարհով:


- Հիմա, 2008 թվականին նման հարց ինձ համար արդեն չկա: Բայց 2004-ին, երբ սկսվեց Սահակաշվիլու այսպիսի քաղաքականությունը, այդ հարցը ես էլ էի տալիս: Մենք քննադատել ենք Է. Շեւարդնաձեին եւ շատ հարցերում տեղին ենք քննադատել, բայց նաեւ Հարավային Օսիայի տարածքում առաջին ռազմական գործողություններից հետո անցած տասը տարիների ընթացքում (1992-2002 թթ.) կարելի էր տեսնել եւ նույնիսկ զարմանալ, թե ինչքան շատ բան են այդ մարդն ու նրա կողմնակիցները հասցրել անել այս ուղղությամբ. կային ջերմ հարաբերություններ վրացիների եւ օսերի միջեւ, ոչ մի այլ հակամարտային գոտիներում, ասենք` Կիպրոսում, Կոսովոյում, Ղարաբաղում, Աբխազիայում այդքան կարճ ժամանակաընթացքում ժողովուրդների այդպիսի արագ մերձեցում չկա, ինչպիսին կար Հարավ-Օսական ինքնավար հանրապետության տարածքում օսերի եւ վրացիների միջեւ: Պատերազմից տասը տարի անց մենք ունեինք խառն ամուսնություններ, ընդհանուր շուկաներ, Հարավային Օսիայում գործում էր վրացական տարադրամը, կար ազատ երթեւեկություն երկու ուղղություններով. Ցխինվալ մեկնած վրացիներին թշնամի չէին համարում եւ նրանք Ցխինվալի տարածքով կարող էին մեկնել Ռուսաստան: Երբ Սահակաշվիլին հաղթանակ տարավ Շեւարդնաձեի, այնուհետեւ սրընթաց հաղթանակ տարավ նաեւ Ասլան Աբաշիձեի նկատմամբ, համարեց, որ վրաց-օսական հարաբերություններում ոչ մի տեղաշարժ չկա, կամ էլ, որ այն ինչ կա, դա երկնքից է թափվել: Մինչդեռ այդ անցած տասը տարիների ձեռքբերումները քրտնաջան աշխատանքի արդյունք էին: Մենք Շեւարդնաձեի քաղաքականությունն էլ էինք քննադատում, բայց նրանից հետո եկած ղեկավարն ավելի վատ վարվեց: Սահակաշվիլին համարում էր, որ վրացիների նկատմամբ օսերի բարյացակամությունը ոչ թե նրանց կողմից ցուցաբերվող խաղաղության ցանկությունն էր, այլ Հարավային Օսիայի թուլության նշանը: Այն, ինչ հիմա մենք ունենք, 2004 թվականից սկսված գործընթացների արդյունք է, երբ ճիշտ չգնահատվեց իրականությունը, եղան ճնշումներ, երբ նորից սկսվեց խորթացումը:

- Այսինքն` կատարվածը Դուք կապում եք Սահակաշվիլու անձի, այլ ոչ թե այն բանի հետ, որ ինչպես պնդում են շատերը, Վրաստանն ի դեմս նրա նախագահի աներկբայորեն իրագործում է ԱՄՆ ծրագրերը:


- Ես բացարձակ չեմ ընդունում, թե կատարվածը ԱՄՆ-ի սցենարն էր: Իհարկե, Սահակաշվիլին ունի ԱՄՆ-ի աջակցությունը, եւ ԱՄՆ-ի համար էլ Սահակաշվիլին որպես քաղաքական ֆիգուր ավելի ընդունելի է, քան մեկ ուրիշը Վրաստանում: Բայց Սահակաշվիլուն ամերիկամետ չես անվանի, ինչպես որ չես համարի ռուսամետ: Սահակաշվիլին «սահակաշվիլամետ է», սիրում է իշխանություն եւ խաղում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակասությունների հետ: Նրա գլխավոր խնդիրը համաշխարհային ուշադրությունը գրավելն է` հակասություններ, բախումներ հրահրելով: Հրդեհ էր կազմակերպում, եւ համոզված էր, որ եթե Վրաստանը պետք է ԱՄՆ-ին, ուրեմն եւ «ամերիկյան բարի քեռին» կգա եւ կհանգցնի հրդեհը: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ին ամենեւին էլ դուր չի գալիս Սահակաշվիլու այս պահվածքը, ես նույնիսկ վստահ եմ, որ այս իրադարձություններն իրենց սկսվելու ժամանակ ճիշտ չեն ներկայացվել ԱՄՆ-ին, իբրեւ թե այստեղ ոչ մի լուրջ բան տեղի չի էլ ունենում:

- Վրաստանի ընդդիմադիր ուժերը հայտնել են գործող նախագահին իրենց աջակցության մասին: Դա բացատրվում է Վրաստանի տարածքների ռմբահարումներո՞վ միայն:


- Վրաստանի ընդդիմադիր ուժերը Սահակաշվիլուն ոչ մի աջակցություն չեն հայտարարել, բառացիորեն միայն ասվել է, որ ստեղծված պայմաններում, երբ երկրում գտնվում են օկուպացիոն զրոքերը, դադարեցվում է Սահակաշվիլու քննադատությունը: Չեն եղել առավելեւս Սահակաշվիլու գործողությունները սատարող հայտարարություններ, այլ եղել է լռություն: Երբեմն լռությունն այս կարգի իրավիճակներում ավելի պերճախոս է լինում: Լռության մյուս պատճառն այն է, որ Վրաստանում իրականում ռազմական դրություն է, եւ գուցեւ ձեւականորեն տեղեկատվության սահմանափակում չկա, բայց կան բարոյական հրամայականներ, եւ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները կիսատ-պռատ, շրջանցումներով խոսելու փոխարեն գերադասում են առայժմ չասել ոչինչ: Ես կարծում եմ, ոչ, ես վստահ եմ, որ Վրաստանից օտար, թշնամական պետության զորքերի հեռանալուց եւ խոսքի ազատության սահմանադրական ողջ փաթեթի վերականգնումից հետո կատարվածի քննադատությունը երկրի ներսում կլինի բավական լուրջ եւ կոշտ:

- Ռուբիկոնն անցած է: Ի՞նչ զարգացումներ եք տեսնում Վրաստանի եւ Ռուսաստանի համար:

- Ռուսաստանը փչացրեց իր միջազգային վարկը ոչ ինչ-որ բան զիջելու համար: Ռուսաստանը միշտ է խնդիրներ ունեցել Կովկասում: Սա բավական հզոր, աշխարհում լուրջ դերակատարություն ունեցող երկիր է, որը լուրջ արտաքին թշնամիներ չունի: Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարը» միշտ Կովկասն է եղել, հատկապես Հյուսիսայինը: Վրաստանի էկզեկուցիայով Ռուսաստանը լրջորեն եւ երկար ժամանակով ամրացավ Կովկասում: Այնպես որ, տանուլ տալով Արեւմուտքում, Ռուսաստանը մեծապես շահեց ներսում: Վրաստանում նրա գործողությունները մեսիջ էին նաեւ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների համար` տեսեք, ինչ արեցինք Վրաստանում, կանենք նաեւ ձեզ հետ: Նրա համար սա ավելի կարեւոր է: Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը նաեւ ԱՊՀ-ում, առհասարակ ԱՊՀ-ից Վրաստանի հեռանալուց հետո այս կազմակերպությունը կուռ կդառնա: ԱՊՀ այն անդամները, որոնք մինչ այժմ այնքան էլ հլու կեցվածք չէին ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ, հիմա կհասկանան, թե ինչ պետության հետ նրանք գործ ունեն: Այս երկու ուղղություններով Ռուսաստանը բավական ամրապնդեց իր դիրքերը: Նա ունեցավ լուրջ խնդիրներ ԱՄՆ-ի, եւ ավելի քիչ ԵՄ-ի հետ: Ցավոք, այս խառնաշփոթից Ռուսաստանը դուրս եկավ ավելի շատ շահած, քան կորցրած: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ում կհասկանան, որ պետք է պաշտպանել Վրաստանին որպես անկախ պետություն եւ կտրամադրեն անդամության համար Անհատական գործողությունների ծրագիրը (MAP-ը): Եվ դա կանեն Վրաստանի պետության, նրա էլ ավելի ժողովրդավարացման համար: Հիմա Վրաստանն ունի ժողովրդավարական դառնալու եւ աբխազներին ու օսերին որպես այլ Վրաստան ներկայանալու խնդիր: Մենք կարող ենք վերադարձնել այդ երկու ժողովուրդներին միայն այն դեպքում, եթե լինենք Ռուսաստանից ավելի լավը: Որովհետեւ Ռուսաստանից ավելի վատը լինել հնարավոր չէ:

- Աբխազներին եւ օսերին վերադարձնելու հույսեր դեռ կա՞ն, եւ դրանք Դուք կապում եք ՆԱՏՕ-ի՞ հետ:

- Մեր առջեւ ոչ ոք պայման չի դրել, որ Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց առանց այդ տարածքների: Իհարկե, ՆԱՏՕ-ում մեզանից պահանջում էին, որ հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով: Կարեւորը ոչ թե ժամկետներն են, այլ երկրի ժողովրդավարացումը, նաեւ` թե ինչպես է Վրաստանը լուծում հակամարտոթյունները: MAP-ը կտարածվի Վրաստանի իրավասության տակ գտնվող ողջ տարածքում: Հնարավոր է, որ ի վերջո մեզ չընդունեն ՆԱՏՕ, բայց գոնե մինչ այդ մենք MAP-ը կստանանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter