HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զգուշացեք, դռները փակվում են

Վրաց-ռուսական ռազմական բախումը եւ դրան հետեւած հայ-թուրքական երեւանյան հանդիպումը ստվերեցին Հայաստանի այն մտահոգությունները, որոնք ծագել էին ապրիլ եւ հունիս ամիսներին ընդունված ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պատճառով:

Նման իրավիճակում ԵԽ-ին իր անդամության ողջ ընթացքում երկիրը հայտնվել էր առաջին անգամ: Հայաստանի ժողովրդավարական եւ կայուն զարգացման մասին նախկինում տարածված կարծրատիպը տեղի տվեց այն վերջնագրային ձեւակերպման առջեւ, ըստ որի բանաձեւերում նշված խնդիրները մինչեւ 2009 թվականի հունվարը չլուծելու դեպքում Հայաստանը կզրկվի եվրոպական այս կարեւոր կառույցում ձայնի իրավունքից: 

Թե ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ Հայաստանի համար, հանրությանը ոչ ոք մանրամասնորեն չէր ներկայացնում ոչ նախքան օգոստոսի 8-ը, ոչ էլ, առավելեւս, հիմա, երբ հայ քաղաքական միտքը զբաղված է հայ-թուրքական զարգացումների, Ղարաբաղյան միջնորդական ձեւաչափի փոփոխման-չփոփոխման խնդիրներով:

Սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ընթացքում ԵԽ Մարդու իրավունքների հարցերով Գլխավոր հանձնակատար Թ. Համարբերգի 10 րոպեանոց զեկույցն այն մասին, թե ինչպես է Հայաստանը կատարում երկու բանաձեւերի դրույթները, դարձավ հայկական ԶԼՄ-ների ընդամենը մեկ-երկու օրվա թեման: Իսկ այն, որ ըստ Համարբերգի` Հայաստանը դեռ շատ բան ունի անելու մինչեւ «վճռորոշ ժամը» եւ անհրաժեշտ է ձեռնարկել ավելի էական քայլեր, կարծես մնաց ետնաբեմում:

Մի տեսակ «ոչ օրակարգային» հնչեղությամբ էր ներկայացվում նաեւ մասնագիտական մի շարք կազմակերպությունների ահազանգը, որ հայաստանյան հեռարձակողների լիցենզիաները երկու տարով երկարաձգելն անմիջապես անդրադառնալու է «Ա1+» հեռուստաընկերության մասին Եվրադատարանի հայտնի որոշման պատշաճ կատարման վրա:

Հիմա բոլորը զբաղված են արտաքին քաղաքական խնդիրներով, եւ նույնիսկ հեռուստատեսային հայտնի թոք-շոուի ժամանակ լրագրողը հարցնում է ընդդիմության ներկայացուցչին` արդյո՞ք արտաքին այս խառնաշփոթ պայմաններում պետք չէ ադրբեջանական եւ վրացական ընդդիմության նման սառեցնել ներքաղաքական պայքարը:

Հավանաբար այդ լրագրողը տեղյակ չի, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններն առանց սուր պայքարի են ընթանալու ոչ թե իշխանությունների հետ ընդդիմության հետօգոստոսյան համերաշխության, այլ այն պատճառով, որ այս երկրում նախքան օգոստոսյան իրադարձություններն էր հայտարարվել ընտրությունները բոյկոտելու եւ այդ կերպ Ադրբեջանի անհամապատասխանությունը ժողովրդավարական չափանիշներին եւս մեկ անգամ ցույց տալու մտադրության մասին:

Վրաստանի հասարակության մեջ «ինչո՞ւ, ինչպե՞ս, ու՞մ պատճառով դա պատահեց» հարցերի կուտակման այս փուլից հետո ամեն ինչ Ռուսաստանով կամ էլ ռուսաստանյան գործակալների առկայությամբ բացատրելու սովորույթն այլեւս ներքաղաքական իրավիճակ չի փրկելու: Եվ սա արդեն սկսում է դրսեւորվել:

Ցավում եմ, որ ԵԽԽՎ պատգամավորի իր մանդատը հունիսին վայր դրած Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ երկար պետք է սպասի, մինչեւ Հայաստանը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: Իհարկե, դեռ հայտնի չէ, թե իրականում եվրոպական տեսանկյունից Հայաստանն ու Թուրքիան իրենց սեպտեմբերյան մի քանի ժամյա շփման շնորհիվ որքան ներքաղաքական խնդիրների լուծում դեռ կարող են հետաձգել: Սակայն այն, որ այդ շփումն իր որոշակի ազդեցությունն ունենալու է երկու երկրների եվրոպական ընկալումների վրա, դարձյալ կասկածի հիմք չի տալիս:

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի պատճառով դարձան այդ նույն հունիսյան նստաշրջանում 1614 բանաձեւի ընդունման պատճառ:

Նույնիսկ դեռ մինչեւ օգոստոսյան իրադարձությունները դժվար էր ասել, թե ո՞րն էր այդ բանաձեւի նպատակը` նախազգուշացո՞ւմը, հայկական ետընտրական զարգացումների կրկնությունն Ադրբեջանում կանխարգելելու հրամայակա՞նը: Թե՞ այն, որ, ինչպես նշվում էր փաստաթղթում, Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցումից հետո անցկացված բոլոր ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ստանդարտներին, եւ որ երկիրն այլեւս «չի կարող իրեն թույլ տալ այս ամենի կրկնությունը եւս մեկ անգամ»:

Դժվար էր, քանի որ բանաձեւի ընդունման պահից մինչեւ ընտրություններն ընկած ժամանակահատվածում (ընդամենը երեք ամիսների ընթացքում) մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէր լինելու էապես շտկել ադրբեջանական ներքին իրավիճակը: Բայց բանաձեւի նպատակի ընկալման հիմնական դժվարությունն այն էր, որ Ադրբեջանում ժողովրդավարական իրադրությունը դրանում պայմանավորվել էր Ղարաբաղյան հակամարտության առկայությամբ:

Ձեւակերպումը, թե «Վեհաժողովը կարծում է, որ կայուն ժողովրդավարական զարգացումը Ադրբեջանում չափազանց դժվար կլինի, քանի դեռ չի վերականգնված երկրի տարածքային ամբողջականությունը» սկզբունքորեն թույլ էր տալիս հետագայում էլ ունենալ այնպիսի ընտրություններ, ինչպիսին եղել են մինչ օրս, այսինքն` ժողովրդավարական ստանդարտներին չհամապատասխանող: Եվ այս բանաձեւի շնորհիվ Ղարաբաղյան հակամարտության պատանդներ դարձան բոլոր նրանք (ադրբեջանական ընդդիմությունն ու իրենք իսկ` եվրոպական կառույցները), ովքեր հոկտեմբերյան ընտրություններից հետո պետք է ձայն բարձրացնեին եվրոպական չափանիշներին դրանց չհամապատասխանելու մասին:

Հենց վրաց-ռուսական բախմանը նախորդող օրերին Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնը Ադրբեջանում խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ ավարտել էր հայ եւ ադրբեջանցի փորձագետների, քաղաքական գործիչների եւ իրավապաշտպանների հարցումները Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման եւ այդ գործընթացներում եվրոպական կառույցների դերակատարության թեմայով:

Կարելի՞ էր, արդյոք, սկզբունքորեն ակնկալել, թե մեր հարցերին պատասխանող անձինք զերծ կմնան Հայաստանի եւ Ադրբեջանի, առավելեւս Վրաստանի ժողովրդավարական գործընթացների համեմատությունից: Միամիտ կլիներ մտածել, թե` այո:

Ճիշտ է, եվրոպական կառույցները մինչեւ հունիսյան նստաշրջանը ջանացել են ցույց տալ, թե Հայաստանից եւ Ադրբեջանից «հավասար հեռավորության» վրա են իրենց պահում: Բայց նույնիսկ այդ ժամանակ հայ եւ ադրբեջանցի մասնագետներից շատ քչերն էին մնում միայն սեփական, տնական խնդիրների շրջանակներում:

Սովորաբար, ավելի մեծ ուշադրություն էր դարձվում այն բանի վրա, թե ինչ տարբերություն կա իրենց եւ հարեւան, առավելեւս` հակառակորդ երկրների հասցեներին հնչեցված գնահատականների միջեւ: Իսկ սրանից հետո համեմատություններն արվելու են, ինչպես ասում են, ըստ սահմանման, չէ՞ որ Ադրբեջանի ժողովրդավարացմանը խոչընդոտող Ղարաբաղյան հակամարտությունը կապ ունի ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական իրականության հետ:

Բացի այլեւայլ խնդիրներ պարզաբանելու խնդրանքից, մենք դիմել էինք փորձագետներին հարցով` «Ղարաբաղյան հակամարտությունն ազդու՞մ է, արդյոք, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման վրա»: Բոլորն անխտիր պատասխանել էին, որ ազդեցությունը կա, բայց դա չէ երկու երկրներում տիրող իրավիճակների պատճառը:

Այսպես մտածողներն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում էապես ավելի շատ են, քան հակառակը պնդողները: Գիտեի՞ն այս մասին ԵԽԽՎ-ում, երբ Ադրբեջանի բանաձեւում նշում էին Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձեւակերպումը: Հարցս, իհարկե, պետք է հռետորական համարել:

Ուզում եմ մեր հարցումներից ընդգծել մի ուշագրավ հանգամանք: Որտե՞ղ պետք է հասարակ քաղաքացիները փնտրեն ճշմարտությունը, եթե նրանց իրավունքները ոտնահարվել են, իսկ դատական ատյանները կայացնում են կանխակալ որոշումներ:

Արդեն նաեւ հայաստանյան իրականության համար բավական հրատապ դարձած այս խնդիրն ինքը` ադրբեջանցի փաստաբան Ֆ.Աղաեւը բարձրացրեց եւ ինքն էլ պարզաբանեց` նշելով, թե «(Ադրբեջանի-խմբ.) իշխանություններին չի հաջողվի ազդեցություն գործել Եվրոպայի խորհրդի ամենակարեւոր օրգանի` Եվրոպական դատարանի վրա այնպես, որպեսզի կարողանան ուղղորդել նրա որոշումների բովանդակությունը»:

Գուցե մասնավոր անձանց պարագայում նրա ասածը ճիշտ է ոչ միայն Ադրբեջանի համար: Բայց մյուս կողմից էլ` Եվրադատարանում «Ա1+» հեռուստաընկերության գործի քննությունից հետո սկսեցի մտածել` արդյոք, պատահաբա՞ր հասավ հերթը հենց այն փուլում (հինգ տարի հետո), երբ ԵԽԽՎ-ում ընդունվում էին Հայաստանի մասին երկու բանաձեւերը:

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին հայտնի աշխարհաքաղաքական անցուդարձերի համատեքստում Հայաստանի համար 1609 եւ 1620 բանաձեւերն իրենց կարեւորությունը չեն կորցրել: Չնայած` մեզանում կան ուժեր, որոնք հույս են փայփայում, թե հիմա «ժողովրդավարության պատճառով» երկրներ պատժելու ժամանակը չէ (դրա համար կան արդեն ուրիշ, ավելի անմիջական հնարավորություններ): Բայց հնարավոր է նաեւ, որ հենց այդ առիթը ոչ մի դեպքում բաց չի թողնվի, քանի որ հիմա չափազանց մերկ ու ցցուն են դարձել տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ միջազգային կազմակերպությունների ու առանձին տերությունների իրական նկրտումները:

ԵԽ-ում որեւէ մի երկրի ձայնի իրավունքից զրկելու ողջ գործընթացի փորձը ցույց է տալիս, որ գործը կամ կարող է չհասնել վերջնագրի իրականացմանը, ընդ որում` առանց կացության մեջ էական փոփոխության (ինչպես դա պատահեց 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանի պարագայում), կամ էլ ձայնազրկությունը կտեւի որոշ, որպես օրենք ոչ երկար ժամանակ (ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում 1996 թվականին, չեչենական երկրորդ պատերազմից հետո):

Ճիշտ է, Ռուսաստանն ու Ադրբեջանն այն երկրներն են, որոնք ինչպես նախքան օգոստոսը, այնպես էլ հիմա առաջ են բերում եվրոպական պետությունների եւ առհասարակ միջազգային հանրության բոլորովին այլ, ժողովրդավարության հետ ամենեւին կապ չունեցող հետաքրքրություններ: Բայց Հայաստանի դեպքում նույնիսկ այժմ, երբ ծագել են տարածաշրջանում նրա դերակատարությունը փոքր-ինչ շոշափելի դարձնելու հնարավորություններ, այդպես չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter