HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Թուրքիան` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում

Ամռանը Թուրքիան իր մոտ հյուրընկալեց կարիբյան գագաթնաժողովը, այնուհետեւ` Թուրքիա-Աֆրիկա համագործակցության գագաթնաժողովը, միջնորդության փորձեր արեց տարածաշրջանի պետությունների միջեւ հակամարտություններում` Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, արդյունքում հոկտեմբերի 17-ին քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվեց ձայների 2/3-ով. ՄԱԿ-ի անդամ 192 պետություններից 151-ը քվեարկեցին Թուրքիայի օգտին: Վերջին անգամ նմանատիպ արդյունք էր ցույց տվել Շվեդիան` 1996-ին ստանալով 157 ձայն:

Ճիշտ է, ԱԽ-ում ընդգրկվելու ուղղությամբ Անկարան աշխատում էր շուրջ չորս տարի, սկսած այն պահից, երբ 2003-ին Խորհրդում ընդգրկվելու հայտ ներկայացրեց: Վերջին անգամ Թուրքիան ԱԽ-ում եղել էր 1961-ին, այնուհետեւ Կիպրոսի հակամարտության պատճառով անհնար էր եղել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հունաստանի մուտքը Անվտանգության Խորհուրդ: 1990-ականներին Թուրքիան կրկին երկու անգամ ստիպված եղավ տարբեր պատճառներով հետ կանգնել Խորհրդին անդամակցելու իր հայտից:

Այս դիվանագիտական հաջողության համար Անկարան պարտական է Արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցչին` դեսպան Բաքի Իլքինին, ով հանդիսանում է չորս տարիների այս քարոզարշավի ծրագրողն ու համակարգողը եւ պատրաստվում է շուտով թոշակի անցնել:

151 երկրների աջակցությունը ստանալը ամենեւին էլ հեշտ չի եղել: Թուրքիա-Աֆրիկա համագործակցության գագաթնաժողովում, օրինակ, Անկարան իր մոտ հյուրընկալած 50 պետություններին խոստացավ թուրքական 15 նոր դեսպանատուն բացել աֆրիկյան երկրներում, ինչպես նաեւ` ավելացնել Աֆրիկային ուղղված թուրքական օգնության ծավալները: Ինչպես քվեարկությունից հետո նշել է վարչապետ Էրդողանի` արտաքին քաղաքականության գծով խորհրդական Ահմեթ Դավութօղլուն, քվեարկության հաջող ելքը «ոչ այն է` հաջողություն է, ոչ այն է` կաշառք»:

Թուրքիան այժմ բավականին արագ տեմպերով է զարգանում. այն շահառու երկրից դարձել է դոնոր երկիր` տարեկան շուրջ 600-700 մլն դոլար զարգացման աջակցության բյուջեով: Թուրքիայի համագործակցության եւ զարգացման գործակալությունը (TIKA), որը գրասենյակներ ունի 25 երկրներում, ներգրավված է զարգացման տարբեր ծրագրերում շուրջ 100 պետություններում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կազմակերպության ամենակարեւոր մարմինն է: Այն ունի հինգ մշտական անդամ` ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, որոնք ունեն վետոյի իրավունք, մյուս տասը անդամներն ընտրվում են ռոտացիոն կարգով` 2 տարի ժամկետով, ամեն տարի փոխվում են ոչ մշտական անդամներից հինգը:

Խորհրդի գործառույթներն են պատժամիջոցների սահմանումը, խաղաղապահ առաքելությունների հիմնումը եւ ռազմական գործողության թույլատրումը: Ճիշտ է, Խորհրդի մշտական անդամներն ունեն վետոյի իրավունք, սակայն դա չի նշանակում, որ ոչ մշտական անդամները չեն կարող որեւէ կերպ ազդել որոշումների ընդունման վրա:

«Թուրքիայի ներգրավումը Անվտանգության Խորհրդում ավելի հավանական է դարձնում, որ ամերիկյան, եվրոպական եւ ռուսական դիվանագետների միջեւ ավելի մեծ համագործակցություն եւ մրցակցություն կլինի իրենց նոր թուրք կոլեգաներին շողոքորթելու համար»,- գրում է Today՚s Zaman-ը:

«Գրեթե կասկած չկա, որ Անվտանգության Խորհրդում տեղ զբաղեցնելու` Թուրքիայի հիմնական շարժառիթը պարզապես ազգային հպարտությունն է: Չնայած իր հաճախ ագրեսիվ, նույնիսկ ռազմատենչ ազգայնական հռետորությանը` Թուրքիան խիստ զգայուն է այն ամենի հանդեպ, թե ինչ են ուրիշները մտածում նրա մասին»,-գրում է Eurasia Daily Monitor-ը: «Հատկապես AKP-ի («Արդարություն եւ Զարգացում» կուսակցություն- հեղ.) օրոք միջազգային հեղինակության փնտրտուքը դարձել է արտաքին քաղաքականության հիմնական որոշիչը` երբեմն հետին պլան մղելով ավելի շոշափելի քաղաքական եւ տնտեսական օգուտները»,- մեկնաբանում է թերթը:

Անվտանգության Խորհրդում ընդգրկվելը, սակայն, հեղինակությունից եւ հնարավորություններից բացի ենթադրում է մեծ պատասխանատվություն: Թուրքիան այժմ ստիպված է լինելու հստակ դիրքորոշում արտահայտել Իրանի, Իրաքի, Աֆղանստանի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, աբխազական եւ հարավօսական, ղարաբաղյան հակամարտությունների վերաբերյալ:

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը ԱԽ անդամությունից հետո չի փոխվի: «Այն ամենը, ինչ մենք ասել ենք Կիպրոսի հիմնախնդրի վերաբերյալ, կշարունակենք ասել Անվտանգության Խորհրդի անդամ դառնալուց հետո»,- հայտնել է Բաբաջանը թուրքական մասնավոր NTV հեռուստաալիքին:Ըստ նրա` Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը նաեւ Կովկասյան խնդրի եւ Մերձավոր Արեւելքի զարգացումների վերաբերյալ:

«Մտավախությունները, որ Խորհրդի օրակարգում Իրանի եւ Իրաքի հետ կապված հարցերը կարող են Թուրքիային բարդ կացության մեջ դնել, հաճախ են բարձրաձայնվում: Սակայն խուսափել ռիսկից` լինելով Անվտանգության Խորհրդի անդամ, անհնար է: Մենք չենք կարող ընտրել ամենահեշտ ճանապարհը եւ փորձել գոհացնել բոլորին: Օրինակ` եթե մենք անկեղծորեն հավատում ենք, որ իրանական միջուկային ծրագիրը իրական վտանգ է ներկայացնում, մենք պետք է համապատասխանաբար արձագանքենք: Եթե սեղանին է դրված վրացական հարցը, մենք կպնդենք Վրաստանի տարածքային ամբողջականության վրա»,- գրում է Turkish Daily News-ը:

Հայաստանի համար Թուրքիայի անդամությունը կարեւոր է այնքանով, որ այն կարող է շոշափել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Սա հատկապես հավանական կլինի այն դեպքում, երբ հակամարտության կարգավորումը միակողմանիորեն միջնորդելու Անկարայի ջանքերը ձախողվեն: Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ամեն կերպ փորձում են փոխել միջնորդության Մինսկի խմբի ձեւաչափը, եւ խնդրի լուծումը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելը փոփոխության տարբերակներից մեկն է: ՎՈՒԱՄ երկրները Գլխավոր Ասամբլեայում «Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունների» վերաբերյալ որոշումներ ընդունելու լավ պրակտիկա են մշակել: Իսկ նման որոշումները այժմ արդեն` վրաց-ռուսական պատերազմից հետո, նոր թափ կարող են ստանալ:

Ճիշտ է, Անվտանգության Խորհուրդ Ղարաբաղի հարցը կմտնի ծայրահեղ դեպքում: Անվտանգության Խորհուրդը մինչ այժմ Ղարաբաղյան հարցով 4 բանաձեւ (822, 853, 874, 884) է ընդունել` բոլորը 1993 թ.-ին` կոչ անելով «դուրս բերել օկուպացին ուժերը Ադրբեջանի հանրապետության օկուպացված տարածքներից»:

Այնուամենայինիվ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլինջը Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան, դառնալով ԱԽ ոչ մշտական անդամ, կնպաստի «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը: «Թուրքիան այդ պաշտոնում մտադիր է նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած չորս բանաձեւերի իրականացմանը եւ օգնել խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»,- նշել է դիվանագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter