HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Թուրքիան շարունակում է ժխտել

Նախորդ շաբաթները ցույց տվեցին, որ Հայոց Ցեղասպանության հիմնահարցը շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող գործոններից մեկը: Թեեւ վերջին շրջանում հայ-թուրքական փոխգործակցությունը կարծես վկայում էր այն մասին, որ Թուրքիան եւս Ցեղասպանության հարցը այլեւս չի դիտում որպես հարաբերությունների կարգավորման նախապայման:

Սակայն Բարաք Օբամայի` Միացյալ Նահանգների նոր նախագահ ընտրվելու հանգամանքը նոր մեկնաբանությունների առիթ տվեց. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Օբաման, ինչպես հայտնի է, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խոստում տվեց, ավելի ուշ հաստատեց իր խոստումը պահելու պատրաստակամությունը:


Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեռեւս ամերիկյան ընտրություններից առաջ Բարաք Օբամային նույնիսկ անվանել էր «դիլետանտ քաղաքականության մեջ»` Հայոց Ցեղասպանության մասին իր հայտարարությունների համար:

Թուրք քաղաքական գործիչները, ինչպես եւ թուրքական մամուլը, անհանգստությամբ արձագանքեցին Օբամայի հայտարարություններին` կոչ անելով Միացյալ Նահանգներին հետ կանգնել նման քայլից. չէ՞ որ Թուրքիան այժմ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման սեփական նախաձեռնություններով եւ մտադիր է ուղիղ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ:

Վարչապես Էրդողանը, երկու շաբաթ առաջ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում «Թուրքիայի դերը ապագան ուրվագծելու գործում» վերնագրով իր ելույթի ժամանակ նշելով, որ Թուրքիան եւ Միացյալ նահանգները «բացասական ժամանակաշրջան» են ունեցել 2007թ.-ին Իրաքի հյուսիսից եկող ահաբեկչական հարձակումների եւ «1915թ. իրադարձությունների» հայկական պնդումների պատճառով, հույս է հայտնել, որ ամերիկյան նոր ադմինիստրացիան «հաշվի կառնի Թուրքիայի զգայունությունը կենսական նշանակության հարցերի հանդեպ»:

Էրդողանը Ամերիկայի հայկական լոբբիի ջանքերը անվանել է «էժանագին»: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիան հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Արդարացի չէ դատողություններ անել` հենվելով նման էժանագին քաղաքական լոբբիի վրա»,- նշել է նա:

Իր ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետը եւս մեկ անգամ բարձրաձայնեց թուրքական կողմի առաջարկը` ստեղծել Ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով: «Մեր առաջարկը դեռ սեղանի վրա է: Եկեք թողնենք դա պատմաբաններին,- կոչ աչեց Էրդողանը:- Մենք բացել ենք մեր արխիվները, եւ հայերը եւս պետք է բացեն իրենց արխիվները: Մինչ այսօր մենք ուսումնասիրել ենք 1 մլն փաստաթուղթ»:

Էրդողանի այս առաջարկը առաջին անգամ հնչեցվեց դեռ 2005թ.-ին, ինչը, փաստորեն, այն ժամանակ մերժվեց Երեւանի կողմից:

«Այն ժամանակաշրջանի թուրքական արխիվները թեեւ ցուցադրաբար բաց են, այնուամենայնիվ, խիստ գրաքննության տակ են, իսկ այն գիտնականները, ովքեր ուսումնասիրում են Ցեղասպանությունը, վերահսկվում եւ ահաբեկվում են Թուրքիայի անվտանգության ծառայությունների կողմից. դրա մասին են վկայում այն գիտնականները, ովքեր փորձել են հետազոտել Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայի արխիվներում»,- նշում է «Ասպարեզը»:

Ամերիկայի հայոց ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով՝ պատմաբանների հանձնաժողովի գաղափարի վերաբացումը Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժողականության քարոզարշավի եւս մեկ մարտավարությունն է: Ըստ նրա` այս առաջարկությունն ընդհանրապես հակասության մեջ է մտնում հայտնի 301 հոդվածի հետ, որով Հայոց Ցեղասպանության վերաբերյալ անկեղծ դատողությունները Թուրքիայիում դատական կարգով հետապնդելի վիրավորանք են համարվում:

Նախանցած երկուշաբթի գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն բացարձակապես չկա. «Մենք չենք կարծում, որ դրանով հնարավոր կլիներ որևէ բանի հասնել: Մենք ցանկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, բացել սահմանները, այնուհետև միջկառավարական գործընթացի մակարդակով կարող ենք քննարկել հարևան երկրներին վերաբերող բոլոր հարցերը: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մենք նախապայման չենք համարում հարաբերությունների հաստատման համար: Մենք ցանկանում ենք վերջինս, բայց՝ ոչ ամեն գնով»:

Ավելի մեծ աղմուկ հանեց Թուրքիայի պաշտպանության նախարար Վեչդի Գյոնյուլի հայտարարությունն այն մասին, որ եթե հույներն ու հայերը դեռեւս ապրեին երկրում, Թուրքիան չէր լինի այն ազգային-պետությունը, որպիսին հիմա է: Թուրքիայի պաշտպանության նախարարը այս մասին հայտարարեց նոյեմբերի 10-ին Բրյուսելում թուրքական դեսպանատանը` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցի միջոցառման ժամանակ:

«Եթե հույներ լինեին Էգեյանում եւ հայեր Թուրքիայի շատ շրջաններում այսօր, կլինե՞ր, արդյոք, դա նույն ազգային-պետությունը: Ես չգիտեմ, թե ինչ բառերով կարելի է բացատրել բնակչության փոխատեղման կարեւորությունը, բայց եթե նայեք գործի նախկին իրավիճակին, այդ կարեւորությունը պարզ կլինի»,- նշել է Գյոնյուլը: Թուրքիայի պաշտպանության նախարարը նկատի ուներ հայտնի «մեծ փոխատեղումը» Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ: Այն նախատեսվել էր 1923թ. Լոզանի հաշտության պայմանագրով: Դրա արդյունքում տեղահանվեց մոտավորապես 2 մլն մարդ, որից 1.5 մլն հույն հարկադրված լքեց իր հայրենիքը Փոքր Ասիայում:

Նախարարն իր ելույթում նաեւ ակնարկեց, թե Հայաստանն աջակցում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): «Մենք չենք կարող ժխտել, որ այն մարդիկ, ովքեր իրենց համարում են այս ազգի կառուցման եւ հատկապես բռնի գաղթի զոհեր, ներդրում ունեն հարավարեւելյան Անատոլիայում տեղի ունեցող պայքարում»,- նշեց նա:

Վեչդի Գյոնյուլի այս հայտարարությանն արձագանքեցին 40-ից ավել թուրքահայեր վարչապետ Էրդողանին ուղղած իրենց բաց նամակում` նախարարի մեկնաբանությունները որակելով որպես «էթնիկ զտման եւ հանցագործության գովաբանում»: Նամակի տակ ստորագրել են նաեւ մի շարք թուրք մտավորականներ` այդ թվում նաեւ Թաներ Աքչամը:

Նամակում նշվում է, որ Գյոնյուլի դիտողությունները հակասում են Թուրքիայի Սահմանադրությանը, որում ասվում է, որ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի թուրք է:
«Շատ դժվար է հասկանալ, եթե խոսում ենք թուրքական ազգի մասին, ինչո՞ւ հայերը եւ հույները (ոչ մուսուլմանները) չեն կարող լինել այս ազգի մի մասը, երբ քրդերը, արաբները եւ ալբանացիները (մուսուլմանները) կարող են: Որքանո՞վ է այս մտածողությունը, որն ընդգծում է, որ կրոնական միասնություն է անհրաժեշտ ազգ լինելու համար, համատեղվում ժամանակակից օրենքի պետության հետ»,- հռետորական հարց է տրվում նամակում:

Պաշտպանության նախարարի այս մեկնաբանություններին արձագանքեցին նաեւ հունական կողմից: Հունաստանի ԱԳՆ խոսնակ Գեորգ Կումուտսակոսը հայտնեց, որ Թուրքիայում հունական եւ հայկական համայնքների ոչնչացումը հրամայական էր արդի թուրքական ազգային պետության ստեղծման գործընթացում: «Թուրքիայի պաշտպանության նախարարի կողմից արված հայտարարությունները առնվազն դժբախտություն են: Նման հայտարարությունները անընդունելի եւ վտանգավոր են, եւ պետք է թողնված լինեին մութ անցյալում, որին եւ պատկանում են»:

Բացասական արձագանքներ եղան նաեւ թուրք մտավորականության կողմից: Ստամբուլի Բիլգիի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սոլի Օզելը Hurriyet Daily News & Economic Review -ին հայտնել է, որ «80 տարի անց այդ քայլը (բնակչության փոխատեղումը-հեղ.) հանգեցրեց Թուրքիայի սոցիալական եւ մշակութային աղքատացմանը»:

Պրոֆեսոր Բասկին Օրանի խոսքերով՝ հույների եւ հայերի տեղահանումը Անատոլիայից հետաձգեց Թուրքիայի արդյունաբերականացումը առնվազն 50 տարով` տնտեսական տեսանկյունից, իսկ էթնիկ եւ կրոնական զտումները վերացրեցին Թուրքիայի բազմակարծությունը` քաղաքական առումով:

Վեչդի Գյոնյուլը ատիպված էր հրապարակային հայտարարություն անել` պնդելով, որ իր խոսքերը սխալ են հասկացվել:

Վերջին շրջանում Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում ավելի շատ են խոսում Ցեղասպանության մասին: Դեռեւս մի քանի շաբաթ առաջ ազատական Taraf թերթում հետաքրքիր հոդված էր հեղինակել Իզմիրի մոտ գտնվող Օդեմիշի դատավոր Ֆարուկ Օզսուն: Դատավորը մասնավորապես խիստ քննադատության է ենթարկում 301 հոդվածը, իսկ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական գծի հետեւորդներին անվանում «կույր հայրենասերներ»:

Անդրադառնալով վերջերս շվեյցարական դատարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը մերժելու համար երեք թուրքերի դատապարտմանը՝ Օզսուն նշում է, որ Շվեյցարիան ոչ թե սահմանափակել է խոսքի ազատության իրավունքը, այլ պաշտպանել մարդկային արժանապատվությունը` հարգելով նահատակների հիշատակը: Ընդունելով, որ ցեղասպանության մերժումը ցեղասպանության շարունակությունն է, թուրք դատավորը նշում է, որ Շվեյցարիան պարզապես թույլ չի տվել, որ «զոհերը երկրորդ անգամ նահատակվեն»:

Սա, թերեւս, առաջին անգամն է, երբ գործող դատավորը նման քննադատությամբ է հանդես գալիս: Հայոց Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջերս ծավալված քննարկումները ակնհայտ առաջընթաց են Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում: Նման քննարկումները անխուսափելիորեն կբերեն հարցի վերաբերյալ բազմակարծության ձեւավորմանը եւ չարաբաստիկ 301 հոդվածի վերացմանը: Եվ գուցե այս դեպքում եւս հայերն իրենց ներդրումն ունենան այն գործում, ինչին ձգտել են հասնել բոլոր ժամանականերում Թուրքիայի հայազգի քաղաքացիները` Թուրքիայի ժողովրդավարացմանն ու զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter