HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Միացումը» այրեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները

Այսօր երեկոյան «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպեց հերթական բողոքի ակցիան:

Մասնակիցները ցուցապաստառներով և «Դավաճաններ, հեռացեք», «Ոչ թուրքական արձանագրություններին»,«Հող հանձնողը` դավաճան» վանկարկումներով Մերգելյան ինստիտուտից քայլերթով հասան Ծիծեռնակաբերդ, որտեղ և տեղի ունեցավ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների խորհրդանշական այրումը:

06_10-Miatsum1

«Միացում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ինքնանպատակ չի համարում հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշական այրումը: «Ի տարբերություն մնացյալ ուժերից` մենք ամբողջությամբ մերժում ենք այս մատուցված արձանագրությունները և առհասարակ ողջ պրոցեսը: Մենք պատրանք չունենք, որ արձանագրություններն այրելով, կդադարի գործընթացը: Պարզապես մեր այս քայլը ժողովրդի մեծամասնության սրտից է բխում»,- ասաց Ժ.Սեֆիլյանը: Ծիծեռնակաբերդում ակցիայի մասնակիցները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը բարձրաձայն կարդաց Տերունական աղոթքը, որից հետո էլ հրապարակավ վառեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները:

06_10-Miatsum2

Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուք սկսվեց, երբ ազատամարտիկի մայր տիկին Փառանձեմը փորձեց այրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը: Ոստիկանները խլեցին նկարը: Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: Բարձրաստիճան մի ոստիկան Տիգրան Խզմալյանին որակեց «չկայացած արվեստագետ» և խորհուրդ տվեց վերջինիս նկարել ու քանդակել: Մեկնաբանելով դիպվածը` Տ.Խզմալյանը ասաց. «Տեսնում ե՞ք, թե ում հետ գործ ունենք: Բողոքի ակցիան նրանք որակում են` որպես չկայացած արվեստագետների պոռթկում: Ոստիկաններն այսօր խորհրդանշում են այս իշխանության օտարացումը հասարակությունից: Այնինչ նրանք պարտավոր են պաշտպանել հասարակությունն ու Սահմանադրությունը, այլ ոչ թե վերջիններիս ոտնահարող ոհմակը»: «Միացում» ազգային նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ոստիկաների քայլերը որակեց ոչ իրավաչափ`ավելորդ համարելով մարդկանց նկատմամբ բռնության կիրառումը: Նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով`իրենք տեղյակ չէին նախագահի նկարի վառման մտադրությանը: «Տեղի ունեցածը եղել է ինքնաբուխ, բայց քաղաքացին իրավունք ունի իր կարծիքն հայտնելու իր ձևով: Իմ կարծիքով, խոհրդանշական էր երևույթը, և իր արձագանքը կունենա հայության մեջ»: Ժ.Սեֆիլյանը հայտարարեց, որ «Միացում» ազգային նախաձեռնությունը շարունակելու է պայքարը քարոզչական դաշտում: Երկու օրից նախատեսվում է Երևանի համայքներում արձանագրությունների խորհրդանշական այրում և ստորագրահավաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter