HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես անջատել անանջատելին

Օրացուցային սիմվոլիկա

Նույնիսկ հիմա, երբ հայտնի արձանագրությունների հետ կապված հայության կողմ եւ դեմ ելույթներից կարելի է դուրս բերել միայն մեկ ընդհանուր հայտարար` գործընթացի հետ կապված լուրջ մտահոգություն, կասկած չկա, որ դրանք պաշտոնապես ստորագրվելու են:

Քանի որ հակառակ տարբերակն էլ ավելի ծանր է նստելու այն կողմի վրա, որն առաջինը կանի ետքայլը եւ չի ստորագրի:  Ընդ որում` այդ ետքայլն ամենեւին չի նշանակելու ֆուտբոլային կոչված դիվանագիտությանը նախորդող ստատուս-քվոյի վերականգնում բոլոր այն հարցերում, որոնք այսպես թե այնպես, ակնհայտորեն, թե տողատակերում կան արձանագրություններում:

Վերջին մեկ տարին առհասարակ ցույց տվեց, որ երեք ութերի (08.08.2008) գլխավոր հետեւանքը  «X ժամի» աստիճանական գիտակցումն էր ու տեսանելիությունը, այն, որ սրանից հետո փոփոխություններ կլինեն ոչ միայն Վրաստանի եւ Ռուսաստանի, այլեւ մնացածների, հատկապես հարավկովկասյան ու շահագրգիռ այլ պետությունների համար: Հայկական եւ թուրքական կողմերի համար առավելեւս, քանի որ ողջ ետխորհրդային ընթացքում տարածաշրջանի համար պայքարողների առաջ կանգնած մյուս լրջագույն խոչընդոտը հենց հայ-թուրքական հարաբերություններն են:

Ռուսաստանաբնակ հայերի հետ հանդիպումով համահայկական շրջագայությունն ավարտած ՀՀ նախագահը այսօր Մոլդովայի մայրաքաղաքում հանդիպում է Ի.Ալիեւի հետ: Սա այն մի շարք դեպքերից է, երբ միջազգային որեւէ մի կազմակերպության միջոցառմանը մեկնած նախագահների ներկայությունն օգտագործվում է նաեւ ղարաբաղյան բանակցությունների համար:

Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս անցած հուլիսին, Մինսկի խմբի նախաձեռնած նախորդ բանակցություններից հետո եւ մինչեւ վերջերս այն արտառոց ոչինչ չէր նախանշում: Եթե, իհարկե, նկատի չունենանք օգոստոսյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական բանակցային այնպիսի ինտենսիվությունը, ինչպիսին չի եղել Ի.Ալիեւի նախագահ դառնալուց ի վեր:

Անշուշտ կարելի էր ուշադրություն չդարձնել քիշնեւյան հանդիպմուից մի քանի օր առաջ թուրքական մամուլի այն հաղորդագրությանը, թե արձանագրությունների ստորագրման արարողությունը տեղի կունենա Ցյուրիխում արդեն հոկտեմբերի 10 կամ 11-ին, եթե չլինեին երկու հանգամանքներ:

Առաջին` եթե չլիներ ադրբեջանական տեղեկատվամիջոցներով ապրիլից հետո ավելի ու ավելի ինտենսիվ տարածվող այն թեզը, թե գործնականում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական զարգացումներն այժմ սինխրոնացվում են (երբեմն նաեւ կիրառվում է զուգահեռացում բառը), եւ սա է ընդամենն այն ետքայլը, որն արել է Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության մեջ իր նախկին պահվածքից:

Եվ երկրորդ` եթե սեպտեմբերի երկրորդ կեսից, համահայկական քննարկումների ու բանավեճերի թեժացմանը զուգահեռ այսքան միանշանակ ու հաճախ ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, հետո միջնորդ պետությունների նախագահները միասին, դրանից հետո նաեւ Մինսկի խմբի հանախագահները, իսկ բոլորովին վերջերս էլ Բ.Օբաման չհայտատարեին, թե երկու գործընթացները չպետք է կապված լինեն իրար հետ եւ պետք է զարգանան առանձին, իրենց տրամաբանության համապատասխան:

«Համանախագահներն ուզում են եւս մեկ անգամ հաստատել իրենց կառավարությունների կողմից նախկինում արած հայտարարությունները, որ ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված Մինսկի գործընթացն ինքնուրույն գործընթաց է, պետք է զարգանա սեփական ուրույն տրամաբանութամբ, առանց որեւէ նախապայմանների եւ շաղկապումների, խոհեմ ժամկետներում եւ առանց  գործընթացն արագացնելու կամ դանդաղեցնելու պարտադրանքի», - ասվում է Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 1-ին Երեւանում արած հայտարարության մեջ:

Տպավորություն կա, թե այս հայտարարություններն արվում են ադրբեջանական կողմի համար, սակայն ըստ ամենայնի արձանագրությունների հետ կապված բուռն բանավեճերի համատեքստում այն կոնկրետ հասցեագրվում է նաեւ հայկականին իր հեշտ ընկալելի ազդակներով:

Ադրբեջանցիներն ըստ այդ հայտարարությունների պետք է ընդունեն ու հաշտվեն, որ այսուհետ հայ-թուրքական գործընթացում ադրբեջանական շահերն այդքան ցուցադրաբար չեն կարող մեջտեղ բերվել, իսկ հայերը պետք է փարատեն իրենց մտահոգությունները, թե գոնե Ղարաբաղյան հարցում արձանագրություններն ամրագրում են այն, ինչ պահանջում էին քսան տարի շարունակ` հեռու պահել Թուրքիային ղարաբաղյան բանակցություններից:

Անջատում, զուգահեռացում եւ սինխրոնացում

Ի՞նչ է կատարվում այժմ Ղարաբաղյան գործընթացի հետ, այս երեք տարբերակներից ո՞ր ուղղությամբ այն կընթանա իրականում, եւ կա՞ արդյոք սրանց միջեւ էական տարբերություն, եթե հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակասությունները հատկապես անցած երկու տասնյակ տարիների ընթացքում երեք կողմերի ընկալումներում ու գործողություններում հասցրել են արտահայտվել որպես խորապես ու խճճված թելերով փոխկապված մեկ ամբողջություն:

Նույնիսկ դրսում ադրբեջանական եւ թուրքական լոբբինգով զբաղվող մարդիկ ու ուժերը նույնն են:  Ինչպես անջատել հայ-թուրքական գործընթացը հայ-ադրբեջանական բանակցությունների տրամաբանությունից, եթե դրանցից եւ ոչ մեկը ոչ հիմա, ոչ էլ հետագայում ժամանակային առումով չի ստորադասվելու մյուսին:

Ի՞նչ տարբերություն, այս երկու գործընթացները կընթանան զուգահե՞ռ եւ հետեւաբար` քայլերի ու որոշումների որոշ ստաբիլ հերթականությամբ, թե՞ համատեղ, ինչն այս պարագայում դարձյալ պահանջելու է կողմերի խաղի կանոնների երաշխավորված պահպանում:

Եվ վերջապես, մի՞թե սինխրոնացման ու զուգահեռացման միջեւ տարբերությունն այդքան սկզբունքային կարող է լինել, եթե ոչ նախկինում, ոչ էլ նույնիսկ հիմա չկա հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակասություններն անջատ ընկալելու եւ մի խնդիրը մյուսի հետ չկապելու ոչ մի հիմնավոր օրինակ՝ ոչ հայկական, ոչ ադրբեջանական եւ ոչ էլ հատկապես թուրքական ներկայիս քաղաքական դիսկուրսում:

Նրանք, ովքեր Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության մասին արձանագրություններում խոսք անգամ չլինելու պարագան ընկալում են որպես Թուրքիայի կողմից արված զիջում, Հայաստանի ձեռքբերում եւ Ադրբեջանի մարտավարական պարտություն, նաեւ պետք է հիշեն, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակասությունները միախառնվել են ոչ 1993 թ. մարտին, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ իր սահմանը եւ այդպիսով բացեիբաց հանդես եկավ որպես Ադրբեջանի շահերի պաշտպան:

Նրանք, ովքեր Ադրբեջանում այդ նույն հանգամանքը (ադրբեջանական պահանջների արձանագրություններում գրավոր ներկա չլինելը) բացատրում են, թե Թուրքիան ինքնուրույն պետություն է եւ ղեկավարվում է նախեւառաջ սեփական երկրի շահերով, իրականում շատ լավ գիտեն, որ Ադրբեջանի շահերի պաշտպանությունը Թուրքիայի համար էթնիկ համերաշխության պարզ դրսեւորում չէ, այլ պայմանավորված է նաեւ ներքաղաքական, էներգետիկ, աշխարհաքաղաքական եւ թուրքական պետության համար կարեւոր մի քանի այլ խնդիրներով:

Համեմատաբար վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի պետի առաջին տեղակալ Ն. Մքլդոունին հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման մասին ասել էր հետեւյալը  «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ:

Դա առանձին գործընթաց է: Սակայն կա հնարավորություն, որ բոլոր կողմերը կարող են մի հարցի լուծումն օգտագործել հօգուտ այլ հարցի լուծման»: Եվ ուրեմն ավելացնենք մեր կողմից, որ մի հարցի տապալումն անպայմանորեն օգտագործվելու է նաեւ մեկ այլ հարցերի տապալման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter