HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայ-թուրքական սահման. ջրափեցիները եւ' ուզում են եւ' չեն ուզում, որ սահմանը բացվի

1970-ականներին, երբ սկսվեցին Ախուրյանի ջրամբարի կառուցման աշխատանքները, ջրափեցիները կատակում էին, թե ծովափնյա գյուղ են դառնալու, հնարավոր է` փոքրիկ նավատորմիղ էլ ունենան: Սրանք միայն կատակներ էին, իսկ իրականում Ախուրյանի ջրամբարի կառուցումը լուրջ պետական ծրագիր էր, ռազմավարական քայլ, հարեւան երկրների միջեւ եղած սահմանային տարածքներն ընդլայնելու ու ամրապնդելու խորհրդային պետության քաղաքականության մի մասը:

Ջրամբարի կառուցումից հետո ջրային սահմանների հսկողությունը մի քանի տարի իրականացնում էին Սեւծովյան նավատորմիղի 6 սահմանապահ-նավաստիներ եւ մեկ միչման մոտորանավակ: Ներկայումս ջրամբարի երկարությամբ ձգվող կամրջի վրա են գտնվում երկու երկրների սահմանապահ ուղեկալները: Հսկողությունն էլ ցամաքային ճանապարհով է: 12_10-sahman-1 Շիրակի մարզի Ջրափի գյուղը նախկինում բաժանված է եղել երկու մասի: Ներքին Ջրափին` նախկին Չրփլին, հիշատակվում է դեռեւս 10-11-րդ դարերում: Բնակավայրի տարածքում մինչեւ ջրամբարի կառուցումը պահպանվել էին միջնադարյան քարավանատունը եւ կամրջի մնացորդները` կառուցված Անի մայրաքաղաքի ծաղկման առաջին կամ երկրորդ ժամանակաշրջանում: Քարավանատունը պատկանում է եռանավ դահլիճ տիպին, իսկ եռաթռիչք կամուրջն իր չափերով միջնադարյան Հայաստանում ամենախոշորն էր: 12_10-sahman-2 Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով քարավանատունը եւ Վերին Ջրափիի 19-րդ դարի կառույց եկեղեցին տեղափոխվել եւ վերականգնվել են նոր տեղում, իսկ կամրջի ավերակները մնացել են ջրի տակ: Ջրափեցիները վստահեցնում են, որ երբ ջրամբարի ջրի մակարդակը բավականաչափ իջնում է, իրենք գնում են հիանալու ջրի տակից երեւացող կամրջի մնացորդներով: Ցավոք, դա շատ հազվադեպ է պատահում: Ասում են` միայն երաշտ տարիներին, երբ Արարատյան դաշտավայրի համար ջրթողի քանակը գերազանցում է նորման, եւ ջրամբարում ջրի քանակը չի գերազանցում 15 մլն խորանարդը: Մինչեւ 1947 թ.-ը այս գյուղում սահման հասկացությունը չի եղել: Ջրափիի եւ հարեւան թուրքական Քինակ գյուղի սահմանը Ախուրյան գետն էր: Գետի լայնքը հազիվ 4-5 մետր է եղել ու այնքան ծանծաղ, որ երբ ցամաքել է, հնարավոր է եղել ոտքով հանգիստ անցուդարձ անել: Հայրենական պատերազմից հետո գյուղը հայտնվել է փշալարից ներս: Ելքն ու մուտքն էլ դարձել է անցաթղթով: 12_10-rafik80-ամյա Ռաֆիկ Գրիգորյանն այդ տարիներից պահպանված այնքան էլ լավ հուշեր չունի: Թուրքերի հետ բարեկամությանը չի հավատում: «Էն ժամանակները, որ երեխա էինք, գնում Ախուրյան գետը լողանում էինք: Թուրքի լամուկները կհավաքվեին, քար կշպրտեին վրեքս, մինչեւ հիմի դեմքիս սպին կա, որ էս մորուքս չլիներ` ցույց կտայի,-նեղված պատմում է Ռաֆիկ պապը,- դրանց հետ բարեկամություն էնողը պիտի փետն էլ ձեռքը պահի»: Ռաֆիկ պապն ամբողջ կյանքն ապրել է սահմանամերձ Ջրափիում ու դեմ է սահմանների բացմանը: «Թուրքը պապիս Ղուկաս ախպորը Ջուլֆայի կռիվներում է սպանել, մյուս ախպորը` էս դեմի սարի վրա, ձիու համար: Ձին ղարաբաղյան ցեղատեսակի է եղել, թուրքի աչքը խմել է, էլ չի ասել, թե հարեւանս է: Թուրքը հարամ է, աղջիկ ջան,- ասում է Ռաֆիկ պապը,- թուրքին պետք չէ հավատալ: Կարողա հետդ հաց ուտե, գիշերը միտքը ծռե, քեզի մորթե»: Ռաֆիկ պապը շատ է կարդում, հիմնականում պատմավեպեր: Հիմա էլ Վալենտին Պիկուլի «Բայազետ» պատմավեպն է վերընթերցում: Ուշի-ուշով հետեւում է բոլոր քաղաքական զարգացումներին: Ասում է, թե հաճախակի են մեծերով հավաքվում մեկի տանն ու մտքեր փոխանակում: «Կնիկս շատ աշխատասեր է, բայց անգրագետ,-պատմում է Ռաֆիկ պապը,- էն օրը մեր դռանը հավաքված կխոսինք Ղարաբաղից, ես ասի, թե փայլուն հաղթանակ էր: Կնիկս կըսե` ինչներիս էր պետք Ղարաբաղը…ես միշտ բերնին գուկամ, թե` ախմախ կնիկ էս, էդ թուրքն ու ադրբեջանցին օր կապրին էդ հողերի վրա, էդոնք մերն են: Հաստատ գուկա մի օր ու էդ սաղ մեըը կեղնի»: «Թուրքը կհասկնա, որ Ցեղասպանությունը ճանչցավ` պիտի մեր հողերը ետ տա կամ էլ գումարով փոխհատուցե, ինչխոր գերմանացիք հրեաներին,- զրույցն ավարտում է Ռաֆիկ պապը,- կարեւորը էս հարցում անգրագետ չեղնին մեր մեծերը, ինչխոր իմ կնիկս, անգրագետի հետ շատ դժվար է»: Ջրափիում հայ-թուրքական սահմանների բացման վերաբերյալ կարծիքները երկփեղկված են: Գյուղում կային մարդիկ, ովքեր լավ էին հիշում ջրամբարի կառուցման տարիները եւ պնդում էին, որ կողք-կողքի աշխատող հայ ու թուրք շինարարների միջեւ երբեք տարաձայնություններ չեն եղել: Թեեւ ԿԳԲ-ի կողմից խիստ հսկողություն է եղել, ու արգելված է եղել շփումը: Ախուրյանի ջրամբարի երկարամյա աշխատակից, ինժեներ Սպարտակ Միքայելյանը հարցին` կուզենար, որ հայ-թուրքական սահմանը բացվի, ծիծաղելով պատասխանեց, թե իր համար արդեն 30 տարի այդ սահմանները փակ չեն: «Մենք ամիսը մեկ անգամ հանդիպում ենք մեր թուրք գործընկերների հետ ջրամբարի ջրթողման աշխատանքները կարգավորելու համար,- ասաց Սպարտակ Միքայելյանը,- գործերից որ պրծնում ենք, նստում ենք միասին հաց ենք ուտում»: Բավական մտերմացել են, միմյանց ընտանիքներից են հարց ու փորձ անում: Սահմանապահները ներկա են լինում այդ հանդիպումներին, խոսակցությունն էլ ռուսերեն է տարվում ու մինչեւ օրս ոչ մի պրոբլեմ չի եղել, վստահեցնում է Սպարտակը. «Թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան: Ժողովրդական խոսք է. «Գյուղ չկա, որ շուն չլինի», ինչի մեր հայերը լրիվ լավն են…թող սահմանը բացվի, ես երկու ձեռքով կողմ եմ»: 12_10-hripsimeՍահմանի բացման վերաբերյալ դրական կարծիք ունի Ջրափիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հռիփսիմե Պետրոսյանը. «Կարծում եմ` ավելի լավ է վատ խաղաղությունը, քան լավ պատերազմը: Շիրակի մարզն առանց էդ էլ ծանր պայմաններում է գտնվում, աղքատ մարզ է, գոնե հնարավորություն կունենա տնտեսապես շահելու: Ֆինանսական դրությունը մարդկանց կշտկվի: Աշխատատեղեր կլինեն, առեւտուրը կաշխուժանա»: Հռիփսիմեն պատմեց, որ իր պապի տունը եղել է Ախուրյան գետի ափին: Մի օր տատը տեսել է, որ մեղուն պարս տված անցել է գետն ու վախենալով, որ կզրկվի մեղվաընտանիքից, առանց մտածելու մի քանի շրջանակ թեւի տակ դրած` անցել է գետն ու հայտնվել Քինակ գյուղի տարածքում: Հետո միջամտել են ռուս սահմանապահները ու սահմանախախտ տատին վերադարձրել տուն, իսկ մեղվաընտանիքը վերադարձնելուն օգնել են հարեւան թուրքերը: Պատմում են, որ ծանծաղ գետի պատճառով հայ-թուրքական սահմանը մինչեւ 1970-ականները` մինչեւ ջրամբարի կառուցումը, հիմնականում խախտում էին անասունները: Մի զվարճալի պատմություն էլ եղել է խոզի հետ կապված: Հայկական կողմից դիմացի ափն է անցնում ջրափեցիներից մեկի խոզը: «Պիղծ» կենդանուն տեսնելու համար թուրք բնակչությունը հավաքվում է կենդանու շուրջը, սակայն չեն վնասում: Ռուս սահմանապահները կենդանուն առգրավում են, սակայն տիրոջը չեն վերադարձնում` հայտարարելով, թե հնարավոր է կենդանին վարակված է ու պիտի հարկադիր մորթի ենթարկեն: Ջրափեցու հարս Անահիտ Թովմասյանը սահմանների բացման հարցում բավական մարտական է տրամադրված. «Թող նախ Ցեղասպանությունը հաստատեն, հետո բացեն: Ես դեմ եմ էդ սահմանի բացմանը: Մեր Տերյանը լիներ, Չարենցը լիներ, Շիրազը լիներ, իրանք ավելի լավ կպատասխանեին էս հարցին,- ասում է Անահիտը,- գիտեք, շատ դժվար է ապրել մի գյուղում, որի դիմաց քո հողն է, բայց հնար չունես մտնելու, սեփականդ չէ»: 12_10-siranushԱնահիտի 81-ամյա սկեսուրը՝ Սիրանույշը, նույն կարծիքին չէ: Սիրանույշ տատն ուզում է, որ սահմանը բացվի. «Հենց բացվավ, ձագ ջան, պիտի գնամ Մշու գավառ, մերոնք Մշու կողմերից են եղել, գնամ մերոնց գյուղը տեսնեմ: Սահման է, էլի, թող բացվի, գոնե մինչեւ մեռնելս պապերիս հողը տեսնիմ»: Ջրափի գյուղի դիմաց` թուրքական կողմում, երկու բարձրադիր սարերի վրա թուրքերեն մակագրություններ կան: Դրանցից մեկը հնարավոր եղավ լուսանկարել. «ONCE VATAN», որ թարգմանաբար նշանակում է թուրքի հող կամ տուն: Մյուս մեծ մակագրությունը, արված սարի վրա, ջրափեցիները թարգմանեցին այսպես. «Երջանիկ է նա, ով թուրք է ծնվել»: Ասում են` սա էլ է քաղաքականություն: Ամեն բարի լույսին հայը, ուզի թե չուզի, տեսնում է թուրքերեն այս մակագրությունները: Իսկ եթե աչքը վարժվեց, գուցե միտքն էլ վարժվի, մտածել են թուրք հարեւանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter