HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչպես ուտել տարիներ առաջ եփած սեփական ճաշը

Կամ ինչու է անիմաստ դառնում ԼՂՀ-ի ճանաչումը հիմա «Ժառանգություն» խմբակցությունն իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն արտահերթ կարգով քննարկելու նախաձեռնությունն իրականացրեց հենց այն ժամանակ, երբ ԵԱՀԿ փաստահավաք խումբը ՄԽ համանախագահների գլխավորությամբ ԼՂՀ շրջակա տարածքներն ուսումնասիրելու համար արդեն ժամանել էր տարածաշրջան: Չնայած այդ նախագիծը շրջանառության մեջ էր գտնվում ուղիղ 3 տարի, սակայն միայն հիմա «Ժառանգությունը» որոշեց այն որակել որպես անհետաձգելի հարց, ինչը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, նախագիծն արտահերթ կարգով քննակելու հիմք է հանդիսանում: Խորհրդարանում օրինագծի շուրջ ծավալված քննարկումների ժամանակ «Ժառանգությունն» այդպես էլ չհիմնավորեց, թե ինչո՞ւ հարցը հրատապ դարձավ հատկապես հիմա, եւ թե ի՞նչ է դա տալու հայկական կողմին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Օրենքի նախագծում էլ այս կապակցությամբ տրվում է ընդհանրական հիմնավորում. «Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլեւս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է ԼՂՀ բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` ԼՂՀ նկատմամբ նախահարձակ որեւէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում»: ԼՂՀ-ն դե յուրե ճանաչելու հնարավորությունը երբեք դուրս չի եկել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից: Սակայն Երեւանն այդ քայլին չի գնացել դրա համար շատ ավելի նպաստավոր իրավիճակներում` ոչ 1991 թ., երբ հռչակվեց ԼՂՀ-ի անկախությունը, ոչ էլ 1994 թ. հրադադարի ժամանակ: 1998-ից Հայաստանն իր վրա վերցրեց նախ գլխավոր, ապա նաեւ միակ բանակցողի դերը հայկական կողմից, եւ ԼՂՀ-ի ճանաչումը կորցրեց իր քաղաքական նշանակությունը. Հայաստանն արդեն չէր կարող ճանաչել ԼՂՀ-ն եւ շարունակել միաժամանակ հանդես գալ նրա փոխարեն: Արդյունքում ԼՂՀ-ի դե յուրե ճանաչման հարցը Երեւանի ձեռքին դարձավ ընդամենը ռեզերվային դիվանագիտական գործիք, որը մերթ ընդ մերթ որպես սպառնալիք կիրառվում էր եւ է կամ բանակցությունները Ադրբեջանի կողմից տապալելու փորձերի, կամ Բաքվի կողմից բանակցային ձեւաչափը փոխելուն ուղղված ակտիվ նախաձեռնություններին դիմակայելու ժամանակ: Այս «գործիքը» զգալիորեն թուլացավ հատկապես 2008 թ. նոյեմբերից` մայենդորֆյան հռչակագիրն ընդունելուց հետո, որով, ըստ էության, մի կողմից ամրագրվեց Հայաստանի` որպես միակ բանակցող կողմի կարգավիճակը, մյուս կողմից` իրավաքաղաքական պատնեշ կառուցվեց ԼՂՀ-ի առջեւ` բանակցային սեղանին մոտենալու ճանապարհին: Դրանից հետո նախ 2009 թ. հուլիսին լ,Աքուիլայում, ապա նաեւ 2010 թ. հունիսին Կանադայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններից հետո ԼՂՀ-ն հակամարտության օբյեկտի կարգավիճակից սուբյեկտի վերածելու հնարավորությունները խաղաղ կարգավորման համատեքստում հավասարվեցին զրոյի: Այսինքն` Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը ստրատեգիականից վերածվեց տակտիկական հարցի: Այս պայմաններում ԼՂՀ-ի անկախության ճանաչումը ոչ մեկի համար հասկանալի չի լինելու: Հայաստանը չի կարողանալու հիմնավորել, թե մադրիդյան սկզբունքներն ընդունելու պարագայում ինչո՞ւ է ճանաչում ԼՂՀ-ն, եթե արդեն իսկ համաձայնել է Ղարաբաղի հարակից տարածքներից հայկական ուժերի դուրսբերումից առաջ կամ հետո Ադրբեջանի հետ միասին ճանաչել ԼՂՀ-ի նախ ժամանակավոր, իսկ պլեբիսցիտից հետո նաեւ` վերջնական կարգավիճակը: ԱԺ-ում ԼՂՀ-ի ճանաչման մասին օրենքի ընդունումը դիտարկվելու է որպես ստանձնած պարտավորություններից Հայաստանի միակողմանի հրաժարում, ինչն իր հերթին նշանակելու է, որ Երեւանը հրաժարվում է շարունակել բանակցությունները: Դա կլիներ նշանակալի արդյունք եւ, ըստ էության, հայկական դիվանագիտության հաղթանակը: Բայց նման կտրուկ շրջադարձ կատարելու համար Երեւանը պետք է ռեսուրսներ ու համոզիչ հիմնավորումներ ունենա: ԱԺ քննարկումների ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի արած հայտարարությունը, թե Կառավարությունը ժամանակավրեպ է համարում նախագծի ընդունումը, ցույց է տալիս, որ Երեւանը ոչ մեկն ունի, ոչ էլ` մյուսը: Դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հայկական կողմը, ի դեմս ԼՂՀ-ի, հնարավորություն ուներ թույլ չտալու ԼՂՀ հարակից շրջաններում տիրող հումանիտար իրավիճակի եւ ենթակառուցվածքների ուսումնասիրման նպատակով ԵԱՀԿ եւ ՄԱԿ համատեղ փաստահավաք առաքելության իրականացումը, ինչով ուղղակի կհաստատեր հակամարտող, ուստի եւ գլխավոր բանակցողի իր իրական կարգավիճակը, բայց դա չարեց: «Ժառանգության» նախաձեռնությունը երկսայրի սուր էր, որի երկու կողմերն էլ այս պահին ուղղված էին մեր դեմ: Նախագծին դեմ քվեարկելու կամ քվեարկությանը չմասնակցելու միջոցով օրինագծի տապալումն ամրապնդելու էր միջազգային հանրության` դեռ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտահայտած համոզմունքը, թե անգամ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակը, հետեւաբար նաեւ` իշխանությունների լեգիտիմությունը: Իսկ եթե այն ընդունվեր, ինչը գրեթե բացառվում էր, ապա, մեղմ ասած, շատ անհարմար դրության մեջ էր հայտնվելու գործող իշխանությունը: ԱԺ-ում նման նախագծի շրջանառումը պարզորոշ ակնարկ էր միջազգային հանրությանը, որ ճանաչման հարցը գտնվում է Հայաստանի օրակարգում: «Ժառանգությունը», արտահերթ կարգով հիմա քննարկման ներկայացնելով նախագիծը, փաստորեն վատնեց այս փոքր, քարոզչական նշանակության ռեսուրսը: Եթե խմբակցությունը հոկտեմբերի վերջին փոխզիջման չգնա եւ պնդի նախագիծը դնել քվեարկության, ապա վերջնականապես կամրագրի տակտիկական պարտությունը: Որովհետեւ ԼՂՀ-ի ճանաչումը բացարձակապես անիմաստ է դառնում, եթե դա տեղի է ունենում մադրիդյան սկզբունքների շրջանակներում ընթացող բանակցություններին զուգահեռ: Իսկ այդ սկզբունքներն ուղղակիորեն բացառում են ԼՂՀ-ի այդպիսի կարգավիճակը առնվազն մի քանի տարիների կտրվածքով: «Ժառանգության»` հարցը արտահերթ կարգով քննարկելու քայլը, ամենայն հավանականությամբ, ուղղված է Հայաստանին բանակցություններից դուրս մղելուն: Սակայն արդյո՞ք մինչեւ վերջ հաշվարկվել են դրա բոլոր հետեւանքները: Ի՞նչ է լինելու ճանաչումից հետո, ի՞նչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալու բանակցային ներկայիս պրոցեսում, եւ արդյո՞ք այդ դեպքում ընդհանրապես կանգ չի առնելու բանակցային պրոցեսը, կամ այն դուրս չի գալու ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից: Համենայնդեպս, խորհրդարանական քննարկումների ժամանակ «Ժառանգությունը» չկարողացավ տալ այս հարցերի պատասխանը: Ռուսաստանը, ունենալով հսկայական քաղաքական, քարոզչական ռեսուրսներ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց խուսափեց այնքան ժամանակ, մինչեւ 2008-ին սանձազերծած օգոստոսյան զինված ագրեսիայի պատճառով Վրաստանի իշխանությունը նման առիթ չտվեց: Հայաստանն ինքն իրեն վաղուց դրել է այնպիսի վիճակում, որ ԼՂՀ-ի միակողմանի ճանաչումը հնարավոր ու տրամաբանական է դառնում միայն նմանատիպ առիթ առաջանալու պարագայում: Բայց Ալիեւը Սահակաշվիլի չէ ու նման շանս Հայաստանին հազիվ թե տա: Իսկ քանի դեռ նման շանս Բաքուն չի տվել, այս օրինագիծը կշարունակի մնալ խորհրդարանի գզրոցներում կամ բարեհաջող կտապալվի` նոր, անհեթեթ դրության մեջ դնելով հայկական կողմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter