HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն մեկն իր «կռիվն ունի» հայ-թուրքական գործընթացում

Արդեն միանշանակ պարզ է, որ հայ-թուրքական արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ձեւակերպումների բացակայությունը եւ օգոստոսի 31-ից մինչ այսօր թուրքական տարբեր բարձրաստիճան հայտարարությունների հակասականությունն էր այն դիվանագիտական սկանդալի պատճառը, որին ականատես եղանք հոկտեմբերի 10-ին:
Եվ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ առանց դիվանագիտական շրջանցող ու «սվաղող» արտահայտությունների տեսանելի էր հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական փոխկապվածության ողջ խորությունը, հայ-թուրքական բարդագույն գործընթացի ողջ ծանրությունն ու պահի լրջությունը բառացիորեն բոլոր երեք կողմերի համար էլ` եւ Հայաստանի, եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի:
Ցյուրիխում հայտարարություններ չարվեցին, բայց եւ փաստաթղթերը ստորագրվեցին միայն եւ միայն այն պատճառով, որպեսզի չտապալվեն արձանագրություններն առհասարակ: Դա, անշուշտ, այդ պահին (առաջատար երկրների արտգործնախարարների ներկայությամբ) անելու նպատակ չուներ ոչ ոք, որովհետեւ այս ողջ ընթացքում հայկական եւ թուրքական կողմերը պետք է ոչ մի պարագայում բանը չհասցնեին գործի դրված անիվի տակ առաջինը քար դնելու անխուսափելիությանը:
Այսուհետ այս պայքարն էլ ավելի է դաժանանալու, քանի որ հայ-թուրքական ողջ գործընթացը սկսվեց հակադիր մարտավարական նպատակներով:

Հայկական կողմի համար էական էին եւ են երեք խնդիրներ.

առաջին` դեմ չգնալ արտաքին հանգամանքներին (ՀՀ նախագահի ձեւակերպմամբ` պահի թելադրանքին), քանի որ դրա համար չկան ոչ ներքին, ոչ արտաքին բավարար ռեսուրսներ, երկրորդ` հնարավորինս ազդել թուրք-ադրբեջանական կապի ամրության վրա, քանի որ ըստ էության տարածաշրջանում շոշափելի դերակատարություն ունենալու համար Թուրքիան տրամաբանորեն ստիպված էր լինելու ինչ-որ կերպ համադրելու եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի շահերը («0 խնդիր հարեւանների հետ»), եւ քանի որ այդպես հնարավոր էր լինելու վերջ դնել Ադրբեջանի նախկին մարտավարությանը` մեկուսացնելով Հայաստանին ստիպել նրան զիջման գնալու Ղարաբաղյան խնդրում:

Հայաստանի հետ հարաբերությունների «ավգյան ախոռները» կարգի բերելու որոշման մեջ Թուրքիայի համար էական խնդիրները գալիս էին եւ են «մարելու» հայկական հավակնությունները.

առաջին` օգտվել պահի հնարավորությունից` Հարավային Կովկասով ամերիկյան հետաքրքրվածության հարաբերական նվազումից եւ Ռուսաստանի հետ մարտավարական շահերի համընկնելու ժամանակահատվածից եւ շեշտակիորեն բարձրացնել սեփական դերակատարությունը տարածաշրջանում,

երկրորդ` փորձարկել Հայաստանի կողմից «առանց նախապայմանների» կարգախոսի իրագործելիությունը, եւ դրանով այսօր եւ տեսանելի ապագայում անցնել Ցեղասպանության ընդունման պահանջների «կողքով»,

երրորդ` զուգահեռացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացները, ինչը նույնն է, թե արտաքնապես տարանջատել երկու հարցերն իրարից, իսկ իրականում պահպանել դրանց փոխկապվածությունը:

Եվ հետեւաբար` մտնել Ադրբեջանի ոխերիմ թշնամու հետ հաշտության երկարատեւ գործընթացի մեջ առանց Ադրբեջանի հետ գժտվելու, մյուս կողմից էլ առանց ավելորդ վնասների դուրս գալ այն երկարատեւ պատմության միջից, որը կոչվում է «Ղարաբաղյան կարգավորում» եւ որը Թուրքիայի «սեփական կռիվը չէ»:

Իհարկե, հայերի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական հարցը` Ցեղասպանության ճանաչման վտանգը, Թուրքիայի համար ավելի էական նշանակություն ունի, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առհասարակ: Ի վերջո, ամեն մի պետություն մտահոգվում է սեփական տարածքների պահպանության խնդրով:

Ուստի, Ցյուրիխի նախօրեին եւ Ցյուրիխի հաջորդ օրը տարածած ադրբեջանական հայտարարությունները եւս մեկ անգամ ընդգծում են, թե հատկապես ինչն է մտահոգում ադրբեջանական կողմին հայ-թուրքական այս պատմության մեջ` սահմանի բացման հնարավորությունը:

Ադրբեջանում ցեղասպանության ընդունման, ճանաչման հարցը համարում են «Թուրքիայի կռիվը»: Քիշնեւյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը ադրբեջանական պետական ԱզերԹաջ գործակալությանը տված իր հարցազրույցում ծավալուն ու հանգամանալից պատասխան էր տվել արձանագրությունների ստորագրման եւ բուն արձանագրությունների բովանդակության մասին հարցին եւ նշել հետեւյալը. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրք-հայկական սահմանի փակման գլխավոր պատճառը դարձավ Քելբաջարի շրջանի օկուպացիան: Բնական է, որ այդ պատճառի վերացման դեպքում սահմանը կարող է բացվել: Սա մեր դիրորոշումն է: Այս հարցի վերաբերյալ նաեւ Թուրքիայի ղեկավարներն են բազմիցս արտահայտել իրենց դիրքորոշումը: Ես հուսով եմ, այս դիրքորոշումը կհաղթի եւ արձանագրություններում, եւ դրանց գործնական իրագործման ընթացքում այս հանգամանքը հաշվի կառնվի: Թուրքիայի ղեկավարների պաշտոնական հայտարարություններում եւ մեզ հետ անձնական հանդիպումների ընթացքում Թուրքիայի ղեկավարները մեզ բազմիցս հավաստել են, որ քանի դեռ չի լուծված Լեռնային Ղարաբաղի հարցը, թուրք-հայկական արձանագրությունները չեն վավարեցվի խորհրդարանում (Թուրքիայի - Լ.Բ.), եւ այդպիսով սահմանը չի բացվի: Սա ասել են Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, արտգործնախարարը, եւ մենք հավատում ենք դրան: Հավատում ենք, որ այդպես էլ կլինի: Այդ դեպքում տարածաշրջանում կլինի խաղաղություն: Կարծում եմ, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն նախքան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, ապա բանակցային գործընթացում Հայաստանի դիրքրոշումը կարող է կարծրանալ: Հայաստանը կփորձի դա ներկայացնել որպես իր քաղաքական եւ դիվանագիտական հաջողությունը, եւ ամենայն հավանականությամբ բանակցությունների ժամանակ կբռնի ավելի կոշտ եւ մեզ համար անընդունելի դիրքորոշում: Կան բավական հիմքեր այդպես ասելու համար: Ես միանգամայն համոզված եմ, որ այդ երկու գործընթացները պետք է զարգանան զուգահեռ: Դրանց մեջ թող որ չկան պաշտոնական, բայց կա ոչ պաշտոնական կապ: Այդ կապը պետք է պահպանված մնա, եւ այդ երկու խնդիրները (սահմանի բացումն ու ղարաբաղյան կարգավորումը- Լ.Բ.) պետք է լուծվեն միաժամանակ եւ զուգահեռ: Հակառակ դեպքում տարածաշրջանում ստատուս-քվոն բացասական փոփոխություն կկրի: Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, եւ ես ուզում եմ մեկ անգամ էլ նշեմ, որ հավատում եմ տրված խոսքին: Հավատում եմ Թուրքիայի ղեկավարների հայտարարություններին եւ վստահ եմ, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չի լուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը»,-ասել է Ի.Ալիեւը:

Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասին, որտեղ հիշեցվում է, որ թուքական բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հավաստել են «նախքան Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման դադարեցումը հայ-թուրքական սահմանի բացման անհնարինության մասին» եւ նշվում է, որ թեեւ «այլ պետությունների հետ մի պետության հարաբերությունների հաստատումը այդ պետության սուվերեն իրավունքն է..., սակայն, նախքան ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումն անմիջականորեն դեմ է Ադրբեջանի շահերին եւ մթագնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ խորը պատմական արմատներ ունեցող եղբայրական հարաբերությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter