HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին

ՆSERJախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին. Հարց. Պարոն նախագահ, հիմա, երբ արձանագրություններն արդեն ստորագրված են, կարելի՞ է համարել, որ Ձեր դրած պայմանը` Թուրքիա գնալ բաց սահմանի դեպքում, կատարված է: Նախագահ Սարգսյան. Մենք երբեք որեւէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան առանց որեւէ նախապայմանի: Խոսքը բավարար նախադրյալների առկայության մասին էր, եւ, կարծում եմ, այսօր այդ նախադրյալներն առկա են: Բացի այդ, ես հարաբերություններում ընդհանրապես շատ եմ կարեւորում փոխադարձության սկզբունքը. Թուրքիայի նախագահ պարոն Գյուլն արձագանքեց իմ հրավերին` եկավ Հայաստան, եւ ես հիմա լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրավերը չընդունելու: Իմ գործընկերը գրավոր հրավեր է ուղարկել, եւ եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա եւ սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին: Հարց. Պարոն նախագահ, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունները: Նախագահ Սարգսյան. Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է առաջին հերթին ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել, խստացնել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այնուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ, եւ իմ կարծիքով, դրանք առաջին հերթին ուղղված են ադրբեջանական լսարանին: Հակառակ պարագայում ինձ համար շատ տարօրինակ է. եթե իրոք թուրքերը չեն վավերացնելու արձանագրությունները, ապա ինչո՞ւ են  նախօրեին ստորագրել: Միգուցե, նրանք մտածում էին, թե մենք կարող էինք բավարար կամք  չցուցադրել եւ նահանջի քայլ կատարել: Միգուցե: Բոլոր պարագաներում այսօր գնդակը թուրքական դաշտում է, եւ մենք բավարար համբերություն ունենք` սպասելու իրադարձությունների զարգացմանը: Մենք մեր քայլերի մասին հրապարակավ հայտարարել ենք եւ առանց վարանելու շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ: Կվավերացնե՛ն թուրքերը արձանագրությունները, ձեռնամուխ կլինե՛ն այն գրաֆիկին, որ հաստատվել է` կշարունակենք գործընթացը, չե՛ն վավերացնի` մենք կաշկանդվելու ոչինչ չունենք եւ կանենք այն, ինչի մասին հայտարարել ենք: Հարց. Պարոն նախագահ, Քիշնեւի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց,  որ արդեն համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը: Կհաստատե՞ք կամ կհերքե՞ք այս հայտարարությունը: Նախագահ Սարգսյան. Այդ հացազրույցի մեջ զարմանալին այն չէ, որ Ադրբեջանի նախագահը դժգոհ է բանակցությունների արդյունքներից: Զարմանալին նրա արտահայտած մի քանի մտքերն են, այդ թվում` նաեւ ձեր ասածը: Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցրել Ադրբեջանի նախագահը, եւ եթե նկատել եք հենց այդ պարբերության մեջ որոշակի անորոշություններ կան: Նա չի ասում` երբ, որտեղ: Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել: Նա դժգոհ է բանակցությունների ընթացքից եւ արդյունքներից, որովհետեւ մենք քննարկել ենք ընդամենը երկու հարց` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի եւ միջանկյալ կարգավիճակի հարցերը: Իսկ եթե նա դժգոհ է` ես այս հարցում նրան ոչնչով օգնել չեմ կարող: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter