HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ի՞նչ էր ուզում ասել Դավութօղլուն

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին: Թեեւ նրանցում ոչ մի բառ չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ այն, թե, այնուամենայնիվ, ինչպես այն կանդրադառնա Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Մտահոգությունն, անշուշտ, անհիմն չէ: Ղարաբաղի հարցի շուրջ առաջացած հակասությունը քիչ էր մնում` տապալեր արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում:

Ստորագրման արարողությունը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ նախատեսվածից երեք ժամ ուշացումով: Ինչպես հետո պարզվեց, ստորագրումից հետո կողմերը պետք է հանդես գային հայտարարություններով: Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության տեքստում անդրադարձ կար նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչին սկզբունքորեն դեմ էր հայկական պատվիրակությունը: Ի վերջո, միջնորդների ջանքերով որոշվեց, որ ոչ մի կողմ հանդես չի գա հայտարարությամբ:

Այս միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ տվեց: Ռուսական  «Ռոսիյսկայա գազետան», հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ իրականում Դավութօղլուի հայտարարության մեջ Ղարաբաղի մասին խոսք չկար: Նա ցանկացել է հայտարարել, որ արձանագրություններով նախատեսվող հայ-թուրքական պատմական հանձնաժողովը կքննարկի նաեւ Ցեղասպանության հարցը:

Կա նաեւ հավանականություն, որ խնդիրը վերաբերել է ոչ թե զուտ հայտարարությանը, այլ արձանագրություններին կից վերապահմանը: Ընդհանրապես, վերապահումները տարածված երեւույթ են միջազգային իրավական պրակտիկայում: Ստորագրելով որեւէ պայմանագիր` կողմերից մեկը կարող է վերապահումներ անել կոնկրետ դրույթների վերաբերյալ: Ստորագրության պահին արված վերապահումը ստանում է իրավական կարգավիճակ: Ճիշտ է, հակառակ կողմը կարող է իր առարկություններն անել վերապահման վերաբերյալ, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում: Առանց նախապայմանների ստորագրվող այս արձանագրություններում որեւէ կողմի հայտարարած վերապահումը լինելու էր ոչ այլ ինչ, քան նախապայման:

Թեեւ արձանագրությունների ստորագրմանը ոչ մի նախապայման չխանգարեց, նախապայմանները կարող են խոչընդոտել դրանց վավերացմանը: Ստորագրման հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որպեսզի իր խորհրդարանը վավերացնի արձանագրությունները:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին Անկարային յուրահատուկ «մեսիջ» հղեց Բաքուն: Քիշնեւում Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի շուրջ բանակցություններից հետո Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ոչ մի առաջընթաց գործընթացում չի գրանցվել:

Սա այն դեպքում, երբ հակադիր հայտարարությամբ էին հանդես եկել Մինսկի խմբի համանախագահները, թե «կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ», իսկ նախագահները «հանձնարարել են իրենց ԱԳ նախարարություններին նախապատրաստել հաջորդ հանդիպումը»: Ալիեւը եւս մեկ անգամ խաղարկեց Թուրքիայի «քանի դեռ…» խաղաքարտը` հայտարարելով, որ ոչ մի առաջընթաց էլ չկա:

Իսկ արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն եւս մեկ անգամ հայտարարեց. «Թուրքայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացումը նախքան օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը ուղղակիորն հակասում է Ադրբեջանի շահերին»:

Սակայն արձանագրությունների ստորագրումը, ինչպես եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն ընդհանրապես Անկարա-Երեւան-Բաքու եռանկյունում իրադրությունը փոխել են այնպես, որ այն այլեւս չի ենթարկվում մինչ այժմ գործող օրենքներին:

Ահա թե ինչ է հայտնել լրագրողներին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` մեկնաբանելով Ցյուրիխում առաջացած ճգնաժամը: «Ես մի քանի անգամ ասացի ներգրավված բոլոր կողմերին, որ այս ամենը չափազանց կարեւոր է: Դա պետք է գիտակցել: Մենք չափազանց հեռու ենք գնացել: Մենք չպետք է հեռանանք այն ամենից, ինչ ընդգրկվել է արձանագրություններում»:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերություններում արդեն իսկ ամրացել է այն կետը, որից ետ դառնալու ճանապարհ չկա: Նման պայմաններում Անկարան, Երեւանը, նրանց հետ նաեւ Բաքուն ստիպված են խաղը նորից սկսել ներկա պահից` օգտագործելով այն խաղաքարտերը, որ նրանց բաժին է ընկել մինչ այժմ տեղի ունեցած զարգացումների արդյունքում:

Անդրադառնալով ցյուրիխյան արձանագրություններից հետո Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին` ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք է հայտնում, որ «հայկական կողմը կարող է հրաժարվել Ադրբեջանի հետ հետագա բանակցություններ վարելուց եւ «սառեցնել» հակամարտությունը ավելի հարմար պահի համար»:

Այս տրամաբանությամբ, անկախ նրանից` կհաստատվեն արձանագրությունները, թե ոչ, Հայաստանը Ղարաբաղյան ճակատում դիրքորոշումը կոշտացնելու հնարավորություն է ստանում: Սահմանի բացման դեպքում այդ քայլն ինքնըստինքյան բնույթ է կրում:

Այն դեպքում, երբ Թուրքիան շարունակի հաշտեցումը պայմանավորել Ղարաբաղյան հակամարտությամբ, դիրքորոշման կոշտացումը կրկին պետք է որ տրամաբանական լինի: Խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացումը իրականում խնդիր հարուցել չի կարող. երկու երկրների իշխող վերնախավն էլ մեծամասնություն է կազմում իր խորհրդարանում:

Սակայն ամեն հաջորդ քայլի անդառնալիության միտումը մի կողմից, խաղը նորից հավասար պայմաններով սկսելու հնարավորությունը մյուս կողմից լուրջ երկընտրանքի առջեւ են կանգնեցնում կողմերին: Համենայնդեպս, ցանկության դեպքում կողմերը միշտ էլ կարող են հույս դնել իրենց ընդդիմադիրների վրա եւ խուսափել արձանագրությունները հաստատելու տապալման պատասխանատվությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter