HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մկները մեզ ուտում են... ոչ մեկ ուշադրություն չի դարձնում»,-ասում է կիրովաբադցի Ալվինան

1989 թվականի հունվարի 27-ն էր, երբ Ավլինա և Օնիկ Անանյանները իրենց երեխաների հետ եկան Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղում հաստատվելու: 55-ամյա Ալվինան կիրովաբադցի աղջիկ է, հարս է գնացել Խանլարի շրջանի Գետաշենի մոտ գտնվող «101» կոչվող ավան: Նույն ավանից Կութ է տեղափոխվել ևս 10 փախստական ընտանիք:

«Շատ լավ ենք ապրել, ով էր ասում` աչքիդ վրա ունք կա: Էս Ղարաբաղի հարցը որ որոշեցին, տենց էլ կռիվները սկսվեցին,-հիշում է Ալվինան,-կմորթեին, եթե չգայինք: Ցերեկը գնում էին հայերի տներին խաչ դնում, որ գիշերը իրենց գործը տեսնեն: Ես իմ էրեխեքը վերցրել եմ, փախել, իսկ Գետաշեն շատ են սպանել կացնով»:

Ալվինայի ամուսինը Ադրբեջանում ատաղձագործ է եղել, հետո «գյուղսովետում» քարտուղար, զուգահեռ մեկ կով են պահել և այդպես նորմալ ապրել են: Երբ սկսվել են «խառը ժամանակները», ծանոթները խորհուրդ են տվել մեկնել Կութ գյուղ, որտեղ թուրքերի թողած դատարկ տներ են մնացել: Անանյաններն այդպես էլ արել են. եկել ու թուրքերից մեկի տանն են հաստատեվել, որը, սակայն, այլ սեփականատեր ունի: Չնայած արդեն 22 տարի է` այդտեղ են ապրում, բայց ամեն օր Անանյանները սպասում են, որ տանտերը կարող է գալ և վտարել իրենց:

Անանյանները երեք դուստր և մեկ որդի ունեն, որոնց արդեն ամուսնացրել են: Որդին գնացել է տատի հետ ապրելու, որովհետև տունը, որտեղ Անանյաններն ապրում են, վթարային է և գոմ չկա: Որպեսզի մկները չներխուժեն տուն, Ալվինան բուրդ կամ այլ իրեր է մտցնում անցքերի մեջ: «Էսի տուն ա, ստե մի ժամ չես կարա մնաս, որտեղ կանգնում ես, ընկնում ես: Ստե սաղ ծակ է, փլված է: Մկները մեզ ուտում են,-դժգոհում է տիկին Ալվինան,-մարզպետի վրա գրել եմ, ասել են, եթե ուրիշի սարքենք, ձեզ էլ ընդառաջ կբերենք: Էլ չգիտեմ` ում վրա գրեմ»:

Ալվինան ասում է` որպեսզի Կութում կարողնաս նորմալ ապրել, պետք է շատ անասուններ պահես. «Ստե լավն էն է, որ առողջություն ունենաս, սարերն ապրես, կովեր պահես, բայց իմ թղթերը բերեմ, կտեսնեք, համ զոբ ունեմ, համ կիստա, կանացի օրգաններս սաղ ճղել հանել են: Տարին 12 ամիս պիտի ծախես տանես բժիշկներին տաս: Խեղճ էրեխես 3 երեխա ունի, իրա՞ ընտանիքը պահի, թե՞ ինձ պահի, դեռ սկեսուրս էլ կենդանի է»:

Նախորդ վիրահատության ժամանակ Ալվինային «Վորլդ Վիժըն» կազմակերպությունն է օգնել, գումար է տրամադրել: Ամուսինը նույնպես առողջական խնդիրներ ունի, չի կարող աշխատել. ողնաշարի վրա «գրիժա» կա, ողնաշարն էլ կոտրված է, 2000 դոլար են ուզել, որ վիրահատեն:

Ալվինա Անանյանին կես դրույքով գյուղապետարանի հավաքարար են նշանակել, դեռ մեկ ամիս է` աշխատում է: Ամսական 17 հազար դրամ պետք է ստանա: Ալվինան ուզում է տուն ունենալ` գոնե մեկ սենյակ, որ ամուսնու հետ ապրեն, մինչև թոշակի անցնելը: Ասում է` գյուղում այլևս պիտանի չեն:

«Ոչ մեկն ուշադրություն չի դարձնում: Արդեն էնքան խոսացել ենք, չենք էլ ուզում էդ մասին խոսալ: Ասում են` մաղարիչ պիտի տալ, իսկ մենք նույնիսկ գոմ սարքելու փող չունենք, ուր մնաց մաղարիչ»,-ավարտում է Ալվինա Անանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter