HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Լիլիթ Պիպոյան. «Բեմում ավելի ազատ էի, քան կյանքում...»

«Երբ 10 տարեկան էի, Հայաստան էր եկել ֆրանսահայ Ժան Թաթլյանը: Երգում էր ռիթմիկ, շատ մոդայիկ երգեր: Ես էլ հայելու դեմ կանգնում էի, սենյակի դուռը փակում էի, որ ինձ ոչ ոք չտեսնի, ու սկսում էի ժան Թաթլյանի նման երգել, նրա պես շարժվել: Ու հիշում եմ, որ երբ երգում էի, ինձ շատ էր դուրս գալիս:

Զգում էի, որ ախր լավ եմ երգում, լավ է ստացվում ու իրեն շատ նման է ստացվում»,- պատմում է երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը: Երգչուհի դառնալու իր երազանքը ծածուկ էր պահելում բոլորից: Նա չէր ասում ծնողներին, որ իր կարծիքով լավ է երգում: Ծնողներն էլ միշտ անլուրջ զբաղմունք են համարել երգչուհու կարիերան: «Մինչեւ 5 տարեկանս ապրել ենք պապիկիս տանը, շատ է տպավորվել մեր տան պատի միջով աճող թթի ծառը: Երբ պապս կառուցել էր տունը, այդ ծառը չէր կտրել, խնայել էր, ու այն այդպես աճել էր: Մենք ամեն անգամ բարձրանում էինք տանիք ու թութ էինք ուտում: Ես հինգ տարեկան էի, երբ տունը քանդեցին: Դրանից հետո գնացինք ապրելու հորս արվեստանոցում: Մինչեւ մեր տունը սարքում էին, մենք երջանիկ ապրում էինք այդ փոքրիկ 30 քմ-անոց սենյակում: Խոհանոցը, ննջասենյակը, ամեն ինչն այդ մի սենյակում էր: Հայրս էլ մի փոքրիկ մաս էր վարագույրով առանձնացրել ու նկարում էր այդտեղ: Հիշողությանս մեջ տպավորվել է ներկի հոտը: Այնքան սիրելի էր այդ հոտը, որ մինչեւ հիմա շատ քաղցր հիշողություններ է բերում»,- մանկական հիշողություններն է պատմում Լիլիթը: Պիպոյանների ընտանիքում երաժշտությունը միշտ է հնչել: Լիլիթը պատմում է, որ հայրը` գեղանկարիչ Սուրեն Պիպոյանը, շատ էր սիրում դասական երաժշտություն, հատկապես Բեթհովեն: «Ամեն ուրբաթ հորս հետ գնում էինք այսպես կոչված «պերեդվիժկա»-ների (շրջիկ արվեստանոց): Նկարիչների տան բակից նկարիչներին ավտոբուսով տանում էին տարբեր վայրեր` բնանկարներ անելու: Պապաս էլ միշտ ինձ իր հետ տանում էր, իմ ուրախությանն էլ չափ չկար, որովհետեւ երբ իրենք նկարում էին, ես էլ վազվզում, թռչկոտում էի, բլուրների վրա էի բարձրանում: Բայց ամենից շատ սիրում էի, երբ իրենք մեծերով զրուցում էին, ես էլ լսում էի: Այդքան բովանդակալից, բայց միեւնույն ժամանակ թեթեւ եւ հումորով լի զրույցներ ես դրանից հետո չեմ լսել»,- ասում է Լիլիթը: Դպրոցում դասամիջոցներին «Պիոներ կանչ» կարդալուց բացի Լիլիթը վազվզում էր միջանցքներում, հետո գզգզված մազերով շնչասպառ նստում դասերին: Դասերից հետո վազում էր երաժշտական դպրոց: Բակում էլ ակտիվ է եղել, սակայն մի բան կար, որը նրան խանգարում էր ընկերների հետ խաղալ: «Երբ բակում աղջիկները «Կլաս» էին խաղում կամ պարան, ինքս ինձ երբեք չէի կարողանում առաջարկել, որ ինձ խաղի մեջ վերցնեն: Ես հիշում եմ` գնում էի, կանգնում, սպասում էի, որ ինձ կանչեն, բայց չէին կանչում: Հիմա էլ ես ինձ չեմ առաջարկում, բայց արդեն սկզբունքորեն: Ով ընդունակ է հասկանալ` նա կգնահատի»: Երբ Լիլիթն ավարտեց դպրոցը, երկար ժամանակ չգիտեր, թե ինչ աներ, ուր ընդունվեր, ինչ մասնագետ դառնար: 17-ամյա Լիլիթը մտածում էր ընդունվել որեւէ տեխնիկական բուհ, սակայն ափսոսում էր, որ զգացմունքային կողմը դրանով կսպանի իր մեջ, հայրը նրան դրդում էր նկարչության գծով շարունակել, սակայն Լիլիթը չէր ուզում միայն նկարչությամբ զբաղվել. «Իմ այդ ագահությունից գնացի ճարտարապետական: Մտածեցի, որ այնտեղ կա եւ նկարչությունը, եւ ճշգրիտ գիտությունը, եւ ինժեներիան: Բայց հինգ տարի սովորելով` ես ուղղակի հիասթափվեցի այն ժամանակների գորշ, անորակ շինարարությունից: Ավարտելով` որոշեցի, որ չեմ զբաղվելու նախագծմամբ, որովհետեւ դա ինձ համար ամենաձանձրալի բանն էր, ու ես գնացի թեորիայի ճանապարհով»: Ժամանակակից հայկական ճարտարապետությունը Լիլիթ Պիպոյանի համար կեղծ էր, ոչ ճշմարիտ, բացառությամբ մի քանի վապետ ճարտարապետների գործերի: Այդ պատճառով Նա որոշեց խորանալ հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ. «Այդ ընթացքում էլ Մոսկվայում պաշտպանեցի, ամուսնացա, ունեցա երկու երեխա եւ... վրա հասան մռայլ 90-ականները: Աշխատելը անհնար դարձավ»: Ուսանողական տարիներին Լիլիթը երգում էր «Հայրեն» երգչախմբում, որ հավաքված էին սրող երգիչներ: Այդ երգչախմբի հետ նա շատ էր շրջագայել եւ այնքան էր սովորել բեմին, որ երբ 24 տարեկանում Վահրամ Թաթիկյանը նրա համար մի քանի երգ գրեց ու առաջարկեց հանդես գալ որպես մեներգչուհի, Լիլիթը չշփոթվեց, հանգիստ ընդունեց առաջարկն ու բարձրացավ բեմ: «Ես այդ տարիքում ավելի վստահ էի բեմ դուրս գալիս, քան այսօր, ոչ փորձում էի, ոչ էլ: Բեմում իմպրովիզներ էի անում, նվագում էի` ոնց ուզում էի, ու մարդկանց դուր էր գալիս»,- ասում է երգչուհին: 19_10-l_pipoyan-1

Լիլիթ Պիպոյանի եւ Վահրամ Թաթիկյանի համագործակցությունը երկար կյանք չունեցավ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ուներ երգը կատարելու ոճի մասին: Հետագայում նա շարունակեց իր միայնակ երթը երաժշտական եւ բանաստեղծական ուղիներով, ձայնագրեց երեք սոլո ալբոմ, գրեց օրիգինալ երգեր եւ գործիքավորեց ժողովրդական երգի ընտիր նմուշներ լարային քառյակի, կիթառի, դաշնամուրի եւ որոշ էթնիկ գործիքների համար, երլույթ ունեցավ բազում երկրներում: Այժմ Լիլիթը երաժշտություն է գրում նվագախմբի համար: Երգչուհու միակ երազանքը մշտական, նոր ոճի խումբ ունենալն է: Վարձվող երաժիշտները ստեղծագործական իմաստով համախոհներ չեն, չունեն իր երաժշտությանը հարազատ մտածողություն: «Թեեւ նրանց մեջ կան շատ լավ կատարող երաժիշտներ, բայց հիմնականում նրանք չեն խորանում երաժշտության էության մեջ, քանի որ մեր համագործակցությունը ժամանակավոր բնույթ է կրում: Ամեն համերգից հետո ինքս ինձ խոսք եմ տալիս, որ այլեւս երաժիշտներ չեմ հրավիրելու, բայց չեմ կարողանում, չէ՞ որ ես զուտ երգչուհի չեմ, ես ստեղծում եմ բազմաձայն երաժշտություն, որը պետք է հնչի»,- ասում է Լիլիթը: Սկզբում նա նվագում էր իր սիրելի երգերը` ամեն անգամ ինչ-որ բան փոխելով, կարծես երաժշտական ձեւավորում անելով: Աստիճանաբար սկսեց ինքնուրույն ստեղծագործել ու գրել էթնիկ երաժշտություն: «Ճարտարապետությանն ընդմիշտ հրաժեշտ չեմ տվել: Հիմա դասավանդում եմ Ճարտարագիտական համալսարանում` «ճարտարապետության հիմունքներ» եւ «Անտիկ արվեստի պատմություն»: Մեկ-մեկ էլ հոդվածներ եմ գրում ամսագրերում, բայց դրան շատ տեղ չեմ տալիս, քանի որ գիտեմ, որ իմ իսկական սերը երաժշտությունն է: Ու երբ պակասում է երաժշտությունը, ես ինձ դժբախտ եմ զգում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter