HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյուղս է դատարկվում, քանիմ տարի հետո մարդ չի մնա, ի՞նչ սահման, ի՞նչ բան...»,- ասում է հայկաձորցի Վրեժ Աբրահամյանը

19_10-haykadzor-3Հայկաձորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթն ու խաչը վնասված են հրազենային կրակոցներից: Այդ «սխրագործության» հեղինակը թուրք ասկյար է եղել, ում դուր չի եկել լուսնի լույսի տակ շողացող խաչը: Կրակոցները հնչել են ընդամենը 200 մետր հեռավորության վրա գտնվող թուրքական սահմանապահ ուղեկալից: 1990-ականներն էին, անկախացման տարիները, ժողովրդի լեզվով ասած` «խառը տարիներ»:

Թուրքիան արդեն հասցրել էր փակել Հայաստանի հետ իր սահմանը: Թուրք ասկյարն էլ հավանաբար որոշել էր, որ կարճ կրակահերթը հայկական եկեղեցու ուղղությամբ իր երկրի հզորության հաստատումն է լինելու: 19_10-haykadzor-2Սահմանամերձ Հայկաձոր գյուղի միակ սրբատեղին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցված 980-ից 985 թթ.-ին, ոչ թե գյուղի տարածքում է, այլ փշալարից այն կողմ, միջսահմանային հատվածում: Ուխտավորներն ու գյուղի հավատավոր բնակիչները եկեղեցի այցելում են միայն տաղավար տոներին, այն էլ` միայն Շիրակի թեմի առաջնորդի եւ Գյումրիի սահմանապահ ուղեկալի միջեւ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց հետո: Հայկաձորը հայ-թուրքական սահմանից 60 մետր է հեռու: Տարիներ շարունակ չկարգավորվող մի շարք խնդիրներ սահմանամերձ այս բնակավայրից բնակիչների հեռացման պատճառ են դարձել: 19_10-haykadzor140 ընտանիքից ներկայումս Հայկաձորում 77 ընտանիք է ապրում: Ընդամենը 69 երեխա է հաճախում դպրոց: Զորիկ Սարգսյանի ընտանիքը, հավանաբար, երկու տարուց կտեղափոխվի այլ բնակավայր: «Իմացել ենք, որ դպրոցն 8-ամյա է դառնալու, մնանք ի՞նչ անենք,- ասում է 41-ամյա Զորիկը,-հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից են խոսում, բայց տարիներ շարունակ չեն կարողանում մի գյուղի ջրի հարց կարգավորեն, որ մարդիկ չհեռանան»: Զորիկի հայրը` մշեցու թոռ Իշխան Սարգսյանը, դեմ չէ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն առաջնահերթ է համարում Ցեղասպանության եւ Ղարաբաղի խնդիրը. «Թե չէ, աղջիկ ջան, Վրաստանն էլ մի բան չէ, որ մնանք էդ երկրի հույսին, գոնե մե հարեւանմ էլ ունենանք»,- խոսքը եզրափակում է Իշխան պապը: Հայկաձորում, հատկապես երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ, բավական ագրեսիվ էին տրամադրված եւ սահմանների բացման ուղղությամբ տարվող աշխատանքների մեջ ոչ մի դրական միտում չէին տեսնում: 19_10-vrej 35-ամյա Վրեժ Աբրահամյանին առավել հայրենի Հայկաձորի դատարկվելն էր մտահոգում. «Մեր հոգսերն էնքան շատ են, որ մեզ չի հետաքրքրում, թե ինչը կբացվի, կամ թե դիմացի սարին թուրքերն ինչ են գրել, կամ թե մտածեմ` ատե՞մ, թե՞ սիրեմ թուրքին: Գյուղս է դատարկվում, քանիմ տարի հետո մարդ չի մնա, ի՞նչ սահման, ի՞նչ բան, էդ սահման պահողը մենք ենք: Երեւի կուզեն, որ բացեն, մենք էլ հեռենանք, թուրքը գա մեր տեղը ապրի, էդ է ուզածները»: 19_10-rudikՀայկաձորի երիտասարդ համայնքապետ Ռուդիկ Գեւորգյանն ասաց, որ կառավարությանը զգուշացրել է` եթե Հայկաձորում խմելու ջրի հարցը չլուծվի, գյուղը կդատարկվի: «Ես 30 տարի է էս գյուղում եմ ապրում եւ կարող եմ վստահաբար ասել, որ սահմանն առանց բնակչության չի պահվի, թեպետ սահմանապահ ուղեկալ գյուղի մոտ կա, բայց մեկ է` իրանցից շատ էս գյուղի բնակիչներն են ծառայում,- ասում է պրն Գեւորգյանը,- մենք դրուժինա ունենք մի քանի խմբերից բաղկացած, որ իրիկունները հերթապահություն են անում, գիշերը շրջում են գյուղում: Այս կողմերի մարդիկ մի աչքը բաց են քնում, իսկ մեր հարազատ կառավարությունը գումարներ չի գտնում, որպեսզի գյուղում ջրի հարց լուծվի, տրանսպորտի հարց լուծվի»: Հայկաձորից ամեն օր 20-30 մարդ Գյումրի է գնում եւ վերադառնում 4 գյուղերի սպասարկող միակ երթուղային ավտոբուսով: Ամենաէժան տրանսպորտային միջոցից` գնացքից չեն կարողանում օգտվել: «Գազել»-ի տոմսը մինչեւ Հայկաձոր 400 դրամ է, իսկ գնացքով տեղ հասնելու համար ընդամենը 170 դրամ են վճարելու հայկաձորցիները: «Երկաթգծի կառամատույց ենք ուզում սարքել, որպեսզի գնացքը գյուղի մոտ էլ կանգառ ունենա: Ես պատրաստ եմ ներդնել 1մլն 200 հազար դրամ, որ մի փոքրիկ տեղ կառուցվի, մարդիկ իջնելիս գծերի վրա չընկնեն,- բացատրում է գյուղապետը,- իրանցից մենակ տեղանքի քարտեզագրում անել է պահանջվում եւ համապատասխան թույլտվություն, որը երկաթգծի վարչությունն արդեն 15 տարի է ձգձգում է: Էնպես որ, ես միակ գյուղապետը չեմ, որ էս հարցով հետաքրքրվում եմ»: 5մլն դրամ կառավարությունը հատկացրել է Հայկաձորի համայնքապետարանին, որպեսզի գյուղի տարածքում ջրի համար հորատանցք բացեն: Այնինչ նախահաշվով նմանատիպ աշխատանքի համար 19մլն դրամ է հարկավոր: «Հայտարարություն եմ տվել աշխատանքները սկսելու համար, ոչ մի շինարարական կազմակերպություն չի համաձայնվում 5 մլն դրամով գործն անել,-պատմում է համայնքապետը,- ու վատը գիտե՞ք որն է, որ վաղը մյուս օրը փաստի առաջ ենք կանգնելու, մի քանի միլիոնի պատճառով գյուղը դատարկվելու է, բնականաբար, նման պայմաններում ապրող մարդկանց սահմանների բացումն էդքան էլ չի հետաքրքրելու»: 19_10-hovhanesՀայկաձորում սահմանների բացումը պատկերացնում են այսպես. իրենց մոտ էլ, ինչպես Ախուրիկում, սահմանային կետ է գործելու, մաքսատուն: Ու դրա հետ կապված` Հովհաննես Սմբատյանը բավական լիահույս է. «Կարծում եմ, որ սահմանները բացվեն, մարդիկ գնան-գան, մեզ համար էլ լավ կլինի, ապրանքը կէժանանա, կարող է հայկաձորցին էլ վերջապես լավ ապրի: Թե չէ` մերոնք ապրանքը կհասցնեն Փոթի, էնտեղ մերոնց վախտ կա լավ էլ կքաշեն վրացիք»: 19_10-sashaԻսկ Սաշա Եղոյանին այլ բան է մտահոգում: «Էս սոված ժողովրդի համար արժի՞, որ թուրքի հետ բարեկամություն անի: Դրանք անուշ լեզու են, մեկ էլ տեսար ասին` այ խանում, այ բաջի, ի՞նչ ես մնացել էստեղ, արի քեզի հետս տանիմ, էնտեղ լավ կլինի, տանիմ Կարս, Ստամբուլ, ապրի էլի քեզի համար,- ասում է Սաշա պապը,-բարոյական կողմը մերոնք պահել չգիտեն: Հիմի էլ քիչ չեն էրթա, բայց վախենամ հետո շատնան: Չէ, ես համաձայն չեմ, որ սահմանը բացվի, եթե պիտի բացեն, գոնե արգելքներ էլ գործեն թուրքերի համար»: 7 տարի առաջ Հայկաձորը տուրիստական կենտրոն դարձնելու ծրագրեր են եղել, հայկաձորցիների հիշելով` «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունն է շահագրգռված եղել այդ հարցով: Ծրագրված է եղել կառուցել 120 նոր տուն, հյուրանոց, որպեսզի Արեւմտյան Հայաստանի պատառիկներով հիացող տուրիստները գիշերելու տեղ ունենային: Ցավոք, սա էլ, ինչպես շատ ծրագրեր` կապված Հայկաձորի հետ, մնացել է թղթի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter