HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանացի ներդրողը Հայաստանը ապահով եւ անվտանգ երկիր չի համարում

Բայց չի կորցնում հավատը նրա ապագայի նկատմամբ

«ԻստԻնվեստոր» (Ostinvestor) գերմանական ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը Հայաստան է այցելել` կարգավորելու «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի (սեփականատերը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է) հետ ծագած խնդիրը:

«ԻստԻնվեստորի» տնօրենը որոշել է դատական վեճի մեջ մտնել և գործը հասցնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս պահին նա բանակցում է փաստաբանների հետ: Հիշեցնենք, որ Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետերերի 2008 թ. հոկտեմբերի 12-ի արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) կոմբինատի բաժնետոմսերը` դրանցից ամեն 2363.5 հատը փոխարկելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: «Իստինվեստորը» չէր ցանկացել իր բաժնետոմսերը վաճառել 18 908 հազար անվանական արժեքով` օգտվելով Սահմանադրության` սեփականության իրավունքի մասին 8-րդ հոդվածի դրույթից: Արդյունքում դեռևս 2006 թ.-ին 105 հազար դրամով ձեռք բերած յուրաքանչյուր մարման ենթակա բաժնետոմսի համար կոմբինատը սահմանել է մոտ 9000 դրամ: «Հետքը» անդրադարձել էր նշված խնդրին «Օտարերկրյա ներդրողը կորցնում է իր բաժնետոմսերը Հայաստանում» հոդվածում:

«Հետքի» հարցերին պատասխանում է «Իստինվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը

-Պրն Լաքսհուբեր, ո՞րն է Ձեր այցի հիմնական նպատակը, և ի՞նչ ակնկալիքներով եք ժամանել Հայաստան:

-Այս այցելությունը, ինչպես իմ այցելությունների մեծ մասը, ես կասեի` մոտ 90 տոկոսը, պայմանավորված է Կոնյակի կոմբինատի հետ ծագած խնդրով: Ես այստեղ եմ` քննարկելու և փնտրելու, թե կա՞, արդյոք, որևէ լուծում, և ինչպե՞ս կարող ենք մենք գտնել այն: Բացի դրանից, ես հոգ եմ տանում նաև այլ ներդրումների  մասին: Մենք պորտֆելային ներդրողներ ենք, Հայաստանում փոքր բիզնեսներ ունենք և ներդրումներ երկաթի հանքարդյունաբերության մեջ, հայաստանյան բանկերից մեկում և այլն, և պետք է հետևեմ, թե ինչպես է ընթանում բիզնեսը հատկապես ֆինանսական ճգնաժամից հետո:

-Ինչո՞ւ որոշեցիք հիմա դիմել դատարան և անդրադառնալ Կոնյակի կոմբինատի հետ կապված խնդրին և ոչ` հենց կոնսոլիդացման գործընթացից անմիջապես հետո:

-Հենց սկզբից մենք աշխատում էինք սովորական ճանապարհով հարթել խնդիրը, հետո սկսեցինք փաստաբան փնտրել: Բավականին դժվար էր և մեզանից երկար ժամանակ խլեց գտնել մի փաստաբանի, ով հոժարակամ կստանձներ մեր գործը և կաջակցեր մեզ դուրս գալ «Մուլտի գրուպի» դեմ: Ես Հայաստանում ծեծել եմ շուրջ 12 փաստաբանական գրասենյակների դռներ և ստացել եմ պատասխան, որ` մենք խորհուրդ կարող ենք տալ, բայց վախենում ենք դուրս գալ «Մուլտի գրուպի» դեմ: Այստեղ ոչ թե շահերի բախման խնդիր կար, այլ պարզապես նրանք վախենում էին: Սկզբում մենք հնարավորություն չունեցանք իրավական քայլեր ձեռնարկել, միևնույն ժամանակ մենք պետք է առաջ շարժվեինք և գտանք մի քանի քաջ փաստաբաններ: Ամենազարմանալին էր, որ նրանց մեծ մասը կանայք են, որոնք պատրաստակամ են մեր գործը վերցնել և չեն վախենում անցնել այդ ճանապարհը:

-Կարծես թե Դուք վիրավորված եք Հայաստանից, Ձեզ համար այս գործում ամենացավոտ հարցը ո՞րն է:

-Իհարկե, մենք խնդիրներ ունենք, ինչպես ես եմ անվանում նրանց` ձեր օլիգարխների հետ, բայց ես կարծում եմ, որ ամենասարսափելին այն է, որ մենք այդպես էլ չստացանք որևէ պատասխան, ոչ մի արձագանք ո'չ կառավարությունից, ո'չ քաղաքական դաշտից և ո'չ այլ տեղերից: Նրանք բոլորն էլ տեղյակ էին եղելությանը, քանի որ մենք շատ նամակներ էինք փոխանցել թե' անձնապես, թե' հասցեագրված և անհատապես զրուցել էինք նրանցից շատերի հետ: Եվ ինձ ու մեր ներդրողներին հետաքրքրում էր (և որը հիասթափեցուցիչ էր), թե ինչու այդպես էլ որևէ պատասխան չեղավ: Միակ աջակցությունը գերմանական դեսպանատնից ենք ստացել, բայց նույնիսկ նրանք չկարողացան ոչինչ անել, քանի որ ոչ ճշգրիտ ինֆորմացիա չէին ստացել: Դա այնքան էլ խրախուսելի չէր: Մենք շատ բան ենք արել Հայաստանում: Այս 6 տարվա ընթացքում մենք բավականին ներդրումներ ենք արել և մոտ երկու տարի առաջ 40 ներդրողների հետ այցելեցինք Հայաստան, նրանցից շատերը հիմա հիասթափված են Հայաստանից: Ես դեռևս չեմ հիասթափվել և հավատում եմ այս պետությանը, ես հավատում եմ Հայաստանին: Դուք ունեք կրթված մասնագետներ, և ընդհանուր առմամբ, երբ մենք առնչվել ենք հայերի հետ, նրանք լավ բիզնեսմեններ, աշխատասեր մարդիկ են երևում: Իրականում շատ ամոթ է, որ այս ամենը կատարվել է և գցում է երկրի հեղինակությունը: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը փայլուն ապագա ունի, բայց մեզ հետ կատարվածը և հատկապես այն մոտեցումը, որ նրանք ցուցաբերել են այդ խնդրին, սարսափելի է: Մեկ անգամ ևս թույլ  տվեք ասել, որ սա մի խնդիր է, որ մենք պետք է ի վիճակի լինենք լուծել կամ կլուծենք իրավական ճանապարհով:

-Ինչպե՞ս հետամուտ լինել և առաջ շարժվել:

-Օրինակ` եթե նայենք երկու տարի առաջ, երբ մենք ներդրողների հետ այցելել էինք Հայաստան, մեր ներդրողներից շատերը պատրաստ էին ներդրումներ կատարել Հայաստանում, բայց երեկ ես մի օրինակ պատմեցի տեքստիլ արդյունահանող մի ֆաբրիկայի սեփականատիրոջ մասին, որոնք հիմա արտադրում են Վիետնամում և Չինաստանում: Նրանք այցելել էին Հայաստան և արդեն պատրաստ էին գործարան գնել, բայց երբ տեղեկացան Հայաստանում Գագիկ Ծառուկյանի հետ կապված մեր խնդրի մասին, հասկացան, որ չկա ոչ ոք, որ պաշտպանի իրենց, և անմիջապես դադարեցրին բանակցությունները և ներդրումները այս երկրում, որովհետև սա ապահով ու անվտանգ երկիր չէ: «Եթե մենք որևէ պաշտպանություն կամ հովանավորություն չունենք` լինելով արտասահմանյան ներդրող, ո՞վ գիտե, միգուցե մենք մրցակցենք մեկ այլ հայաստանյան օլիգարխի հետ և ավարտենք` ինչպես «ԻստԻնվեստորը»»,-մտածում են նրանք և հիմա ներդրումներ են անում Մոլդովայում:

-Փորձե՞լ եք հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և անձամբ քննարկել այս հարցը: Միգուցե խնդրի լուծման այլ տարբերակնե՞ր գտնվեն:

-Ամենասկզբում, երբ այս խնդիրը ծագեց, ես զրուցեցի «Մուլտի գրուպի» տնօրենի հետ, ավելի ճիշտ` ոչ անմիջական նրա, այլ թարգմանչի, բայց զրույցն օպտիմիստական չէր, այլ ավելի շատ` սպառնալիքներով լի: Պատասխանը` դուք պետք է մեզ վերադարձնեք բաժնետոմսերը, որովհետև սա մեր ընկերությունն է, և դուք որևէ իրավունք չունեք այստեղ, այլապես կսնանկացնենք ձեզ: Մենք գնել էինք այդ բաժնետոմսերը, մենք բաժնետերեր էինք, և նրանք չէին կարող ասել, որ մենք գողացել ենք դրանք: Մենք ներդրում էինք արել այս երկրում, որովհետև հավատացել էինք երկրի ապագային:

-Ուրիշ ո՞ր երկրներում ներդրումներ ունեք:

-Այս տարածաշրջանում` Վրաստանում և Հայաստանում, բայց ԱՊՀ երկրներից ներդրումներ ունենք նաև Ուզբեկստանում, Մոնղոլիայում և բավական շատ` Ուկրաինայում:

-Ի՞նչն էր հատկապես հրապուրիչ Կոնյակի կոմբինատի պարագայում, որ որոշեցիք այդտեղ ներդրումներ կատարել` բիզնեսի տեսանկյունից:

-Իհարկե, մենք ներդրումներ ենք անում հայտնի շուկաներում: Բիզնեսի տեսանկյունից` ես տեսա, որ Գագիկ Ծառուկյանը` իր «Մուլտի գրուպ» ընկերությունը, ամենամեծ բաժնետերն է, իսկ ինքը ներգրավված է քաղաքականության մեջ: Նա խորհրդարանի անդամ է, և մինչ այդ ես Հայաստանում վատ փորձ չունեի, միայն լավ փորձ ունեի: Ես նաև տեսա հնարավորություն` առաջարկներ անելու և համագործակցելու, որովհետև մենք արևմտյան շուկայում շատ բան կարող ենք անել: Եթե մեզ ասեին, որ աջակցենք իրենց մարկետինգ իրականացնել, շուկաների դռները բացել, մենք մեծ կապեր ունենք եվրոպական աշխարհի հետ, բազմաթիվ հնարավորություններ կան «Նոյի» համար այդ շուկայում գործելու:

-Եվ ի՞նչ եք դուք նախատեսել, ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ես երկար ժամանակ է սպասում էի և հույս ունեի, թե ինչ-որ մեկը կարող է լուծել այս խնդիրը բիզնես կամ դիվանագիտական ճանապարհով, բայց քանի որ մենք չստացանք որևէ արձագանք, որևէ պատասխան, ես մեծապես համոզված եմ, որ հայկական դատարանում ևս որևէ շանս չունենք: Այնպես որ, մենք բոլոր ճանապարհներով կանցնենք, որպեսզի գործը հասցնենք Եվրադատարան: Մենք դրան պատրաստ ենք: Սա արդեն սկզբունքի հարց է: Մենք իսկապես երկար ենք սպասել և տարբեր առաջարկներ արել` դիվանագիտական ճանապարհով լուծելու այս խնդիրը: Ոչ մի պատասխան: Եվ մենք կպայքարենք բոլոր հնարավոր միջոցներով` անկախ նրանից, թե ինչքան երկար այն կտևի և ինչ կարժենա: Մեր հիմնադրամի համար սա փոքր ներդրում է, բայց սա սկզբունքի հարց է`  կստանա՞մ այս երկրում իրավական պաշտպանություն, թե` ոչ:

-Որպես օտարերկրյա ներդրող` ինչպե՞ս եք գնահատում հայկական բիզնես դաշտն ընդհանրապես:

Բնականաբար, ֆինանսական ճգնաժամն ազդել է Հայաստանի վրա, հատկապես Սփյուռքից փողի ներհոսքի վրա: Կարծում եմ` սա կվերականգնվի: Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, մեծ Սփյուռք: Համեմատած Վրաստանի հետ, որը գրեթե նույնչափ Սփյուռք ունի, Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի համակարգը սկսել է վերականգնվել, և բազմաթիվ վրացիներ վերադառնում են իրենց երկիր, որովհետև հիմա նրանք հնարավորություն ունեն իրենց հայրենիքում աշխատել, միգուցե մի քիչ ցածր աշխատավարձով: Եվ սա օգնում է վրացական տնտեսությանը շատ լավ զարգանալ: Ես նույն պոտենցիալը տեսնում եմ նաև Հայաստանի համար: Ծրագրային ապահովման սարքերի արտադրությունը սկսվել է:  Հնարավորություններն այնտեղ են, որտեղ դրանք ծրագրվում և օգտագործվում են: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, թե ինչպես են միջազգային դաշտում լավ ռեսուրսներ բացվում, որոնց գործընթացը սկսել են միջազգային ընկերությունները: Սա հնարավորություն է և շանս, որտեղ Հայաստանը կարող է հույս ունենալ տեղական զարգացում ապահովել: Թույլ տվեք կրկնել, որ չնայած մեր այս փորձին` ես դեռ մեծապես հավատում եմ ձեր երկրին, այն փայլուն ապագա ունի: Ներդրողները սպասում են, նրանք հերթ են կանգնել այս երկրում ներդրումներ կատարելու համար, այն երկրում, որտեղ նրանք անվտանգ կզգան, ինչի կարիքն ունի Հայաստանը: Դուք օտարերկրյա ներդրումների կարիք ունեք. դա շահավետ է թե' ներդրողի, թե' Հայաստանի տնտեսության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter