HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Ըստ փաստաբանի` դատավորի որոշումը խոչընդոտներ է ստեղծում խոսքի ազատության համար

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի` հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը «զրպարտության» միջոցով արատավորելու և փոխհատուցման պահանջի վերաբերյալ գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ նիստը հետաձգվել էր օրաթերթի ներկայացուցչի խնդրանքով` դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմնավորմամբ:

Այսօր պատասխանող կողմը ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդությունը, համաձայն որի` դատարանի կողմից դատաքննության ընթացքում կայացված երկու որոշումները ողջամիտ կասկած են հարուցում տվյալ գործում դատավորի անկողմնակալության հարցում: Համաձայն Քաղ. օր. 1084.1հոդվածի 4-րդ կետի` զրպարտության վերաբերյալ գործերով ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը, այսինքն` տվյալ գործով  «Սկիզմ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն, հետևաբար, դատարանը պետք է հնարավորություն ընձեռներ պատասխանող կողմին, որպեսզի վերջինս կարողանար ապացուցեր իր գործունեության ճշմարիտ լենելը:

Դատարանը, անտեսելով 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և վկայակոչելով նշված հոդվածի 6-րդ կետի պահանջները, պատճառաբանեց, որ հոդվածում հղում չի կատարվել հեղինակի աղբյուրին և մերժեց հեղինակի՝ Անտոն Առաքելովին որպես վկա դատակոչելու միջնորդությունը:

Ըստ 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի՝ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե` դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում: Իսկ տվյալ գործով դատարանին ներկայացվել են ապացույցներ, վկաների հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, քրեական գործում առկա վկայի՝ Անտոն Առաքելովի ցուցմունքներ, հետևաբար, հոդվածում նշված տեղեկատվությունը չի կարող համարվել զրպարտություն, քանի որ այն վերցված է ստույգ քրեական գործից:

Հետևաբար, դատարանը, մերժելով պատասխանողի միջնորդությունը և, հնարավորություն չտալով պատասխանողին` ապացուցելու փաստերը, խախտել է կողմերի հավասարության իրավունքը՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ թերթի շահերը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի` հոդվածի հեղինակը հղում չի կատարել տեղեկատվության աղբյուրին, սակայն «Ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 29-ի հոդվածում  նշել է, որ «մեկ այլ քրեական գործի շրջանակներում որպես վկա հրավիրված անձանցից մեկը միամիտ բերանից թռցրել է, որ Թաթուլ Մանասերյանն իրեն տոկոսով փող է տվել»: Այսինքն` հեղինակի համար հոդվածի աղբյուր հանդիսացել են պաշտոնական փաստաթղթերը, նրա մոտ գտնվող քրեական գործի նյութերը, որոնք պատասխանողը ներկայացրել է դատարան, այլ ոչ թե Անտոն Առաքելովի բանավոր հարցազրույցը: Անտոն Առաքելովին որպես վկա կանչելու միջնորդությունը պայմանավորված էր նրանով, որ ապացուցվեր վերջինիս կողմից վկայություններ ու ցուցմունքներ տալու հանգամանքը, որոնց հիման վրա էլ գրվել է նյութը:

Օրաթերթի ներկայացուցիչը հավելեց, որ վերը նշված փաստարկները բավարար են, որպեսզի ապացուցված համարվի դատարանի` կողմերի հավասարության իրավունքը խախտելու փաստը: Հետևաբար, դատարանի նման որոշումը խոչընդոտում է ժողովրդավարական հանրապետությունում խոսքի ազատության տարածմանը:

Օրաթերթի ներկայացուցիչ Ն. Բաղդասարյանը նաև վկայակոչեց Ա. Մելքումյանի վարույթում քաղաքացիական մեկ այլ գործ, որի վճռում ասվում է, որ թեև պատասխանողը վեճի առարկա հանդիսացող հոդվածի հրապարակման մեջ չի կատարել հղում, այնուամենայնիվ, ՀՀ քաղ. օր. 1087.1 հոդվածի 6-րդ մասով, դատարանը չի կարող զրկել պատասխանող կողմին իր գործի դատաքննության ընթացքում ներկայացնել ապացույցներ, այսինքն` նույն դատարանում տարբեր գործերով տարբեր դատավորներ նույն հարցի շուրջ տարբեր որոշումներ են կայացրել, ինչը համահունչ չէ օրենքի միատեսակ կիրառությանը և առաջացնում է սահմանափակումներ խոսքի ազատության համար: Հետևաբար, դատավոր Կարինե Պետրոսյանը ոչ միայն անհիմն սահմանափակել է պատասխանող կողմի իրավունքները, այլ նաև հնարավորություն է ստեղծել ձևավորել վտանգավոր դատական պրակտիկա, ինչը համատեղելի չէ խոսքի ազատության պաշտպանության հետ, որը բացասական հետևանքներ կառաջացնի Հայաստանը` որպես ժողովրդավարական արժեքներ դավանող պետություն համարելու հարցում:

Պատասխանող կողմը ներկայացրեց Սահմանադրական դատարան դիմելու խնդրանքը մերժելու դատարանի մեկ այլ որոշումը, որի մերժումը դատարանը հիմնավորել է, որ Սահմանադրական Դատարան դիմելը դա բացարձակապես դատարանի իրավունքն է և նա չի ուզում դիմել Սահմանադրական  Դատարան, քանի որ համարում է, որ համապատասխան հիմքեր չկան, որ բավարարվի միջնորդությունը: Պատասխանող կողմը նշում է, որ իր բերած միջնորդությունը ուներ բազմակի կետեր, բայց դատարանը դրանցից ոչ մեկը չի քննել՝ դրանք բավարար չհամարելով:

Պատասխանող կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը ներառում էր վերը նշված փաստարկները, ինչի կապակցությամբ էլ դատարանը ընդհատեց գործի քննությունը և հերթական նիստի օր նշանակեց սեպտեմբերի 6-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter