HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սահմանամերձ գյուղեր. ի՞նչ են ակնկալում այնտեղ ապրողները

Գտաշենը սահմանամերձ գյուղ է, հայ-թուրքական սահմանից 2 կմ է հեռու: Սահմանապահ 4 ուղեկալ կա գյուղի ողջ տարածքի երկարությամբ: Գտաշենի 2000 հա-ից ավելի օգտագործվող հողատարածքները սահմանի ներսում են, բայց գտաշենցիները դրանից չեն բողոքում:

«Անցաթղթով ներս են թողնում, մեր վար ու ցանքն անում ենք, անասունն անարգել արածում է, ես զարմանում եմ, որ ուրիշ սահմանամերձ գյուղերի գյուղապետեր բողոքում են, 4 ուղեկալ է, ոչ մեկի հետ ոչ մի պրոբլեմ չունենք»,- ասում է համայնքապետ Սամվել Էգնատոսյանը: Այս տարի Ամասիայի նախկին վարչատարածքի Գտաշեն գյուղը նշելու է հիմնադրման եւ հայացման 20-րդ տարին: Նախկինում գյուղն ադրբեջանաբնակ է եղել: Մաղարաջուղը Գտաշենով փոխարինվել է 1989 թ.-ին: Բնակիչները կատակում են. «Դե, մենք տարբեր տեղերից ենք, կարելի է ասել, որ էստեղ գալով` իրար գտել ենք, դրա համար էլ Գտաշենը շատ ճիշտ անուն է մեր գյուղի համար, մենք մեր գյուղը գտանք»: Գյուղը շենացնելու նպատակով այստեղ տեղափոխվել են Ախալքալաքից, Արցախից, Թալինից, Գյումրիից եւ Ամասիայից:

«Շատ համերաշխ ժողովուրդ ենք, գյուղում 95 ընտանիք է ապրում, բայց 9,5 հատ տարաձայնություն էս 20 տարվա մեջ չի եղել,- ասում է Սամվել Էգնատոսյանը,- ես գյուղեր գիտեմ, որի մի կեսն էն մյուս կեսի հետ խռով է, չնայած հին գյուղեր են, ազգ ու բարեկամներ ունեն: Մեր գյուղում էդպիսի բան չկա: Հաշտ-համերաշխ ապրում ենք»: Համայնքապետ Սամվել Էգնատոսյանը հայրենի կառավարությունից միայն ճիշտ քաղաքականություն է ակնկալում: «Անցյալ տարի մեզ ընդգրկել էին Գյուղատնտեսության աջակցության ծրագրում: Սուբսիդավորումը ստացանք, գարի, ցորեն ցանեցինք, շատ գոհ էինք,- պատմում է համայնքապետը,- էս տարի դուրս էին թողել ծրագրից, թե գյուղը 1870 մետրի վրա է: Պարզվում է` պիտի առնվազն 1900 լինի: Հետո քարտեզներով ճշտեցի, որ գյուղի ամենաբարձր կետը 1903 մետր է, ուղղակի էդտեղ բնակելի տուն չկա»: Համայնքապետին խորհուրդ են տվել նշված բարձունքի վրա մի տնակ տեղադրել, ու հարցը կլուծվի: «Իսկ որ սահման ենք պահում, հեչ մեկի պետքը չէ,- դժգոհում է համայնքապետը,- որ կաշվից դուրս գալով ամեն ինչ անում ենք, որ մարդիկ չհեռանան, էլի ոչ մեկի պետքը չէ, 30 մետրի համար ցուցակներից հանում են»: 20 տարի առաջ Գյումրիից Գտաշեն տեղափոխված Անահիտ Մելքոնյանի ընտանիքը որոշել է ետ վերադառնալ: 2010 թ.-ին նրանց բնակարան են խոստացել Գյումրիում, ուսանող աղջիկն ու Ախուրիկի սահմանապահ ուղեկալում ծառայող տղան այլեւս չեն ուզում մնալ գյուղում: Հայ-թուրքական սահմանի բացմանը տիկին Անահիտը դրական է վերաբերվում. «Թշնամությունը հարատեւ չի կարող լինել, կարող ա բացեն, ավելի հանգիստ ապրենք, չգիտեմ»:

26_10-asya

Ասյա Սիմոնյանը Գտաշեն եկել է Ախալքալաքի Խորենյա գյուղից: «Եկել ենք ու մնացել, ոչ մի տեղ էլ չենք պատրաստվում գնալ: Էդ սահման բացելն էլ լավ բանի չի բերի,- ասում է տիկին Ասյան,- թուրքը մնում է թուրք: Մենք սահմանի վրա ենք, լավից վատից հանգիստ ապրում ենք, բայց հենց էդ սահմանը բացվեց, շատ լարված ենք լինելու: Էս վիճակով, այսինքն` փակ սահմաններով, ավելի ապահով ենք»: Թուրքի անուն կամ թուրքերեն բառ լսելիս արցախցի Էմմա Ջանունցի աչքերի առաջ կրկին հառնում են ոչ վաղ անցյալում տեսածն ու ապրածը: «Ամենավառվածը դրանցից մենք ենք,- երկու ազգերին`թուրքերին ու ադրբեջանցիներին նույնացնելով` ասում է տիկին Էմման,- մեզ որ հարցնես, թող չբացվի, բայց եթե պետության շահն է ուզում, մենք ի՞ նչ կարող ենք անել»: 

Էմմայի ամուսինը` 60-ամյա Վլադիմիր Հակոբյանը, 6 անձից բաղկացած ընտանիքը Գտաշեն է տեղափոխել Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղից, 7-րդ զավակը ծնվել է Հայաստանում: Հիմա գոհ է, որ գտաշենցի է, ետ գնալու մտադրություն չունեն, գյուղում իրենց լավ են վերաբերվում: «Էնքան լավ է, որ սաղ իմ լեզուն սովորեցին, մեր գեղի բարբառով են հետս խոսում, ես իրանց լեզուն չսովորեցի: Ես էլ որ խոսում եմ, սաղ խառնում եմ իրար, էլ լենինականցու բարբառ, թալինցու, ախալքալաքցու, էդպես էլ ապրում ենք: Մենակ ախալքալաքցիների վրա եմ շատ ջղայնանում, խոսվածքների մեջ թուրքական բառերը շատ են»,- ասում է Վլադիմիր Հակոբյանը: Թալինցի Աննա Ումրոյանն էլ չի հաշտվում այն մտքի հետ, որ հարեւան երկրի հետ բարեկամական կապեր են հաստատվելու: Ասում է, որ սասունցու թոռ է ու թուրքի հանդեպ եղած ատելությունը գեներով է ժառանգել: «Համ էլ` որ դրանք էդպես ակտիվորեն լցվեն մեր երկիր, մի օր էլ տեռոր կանեն, էդ մասին մեր պետությունը հեչ մտածե՞լ է»,- հարցնում է Աննան:

Կամխուտ Գտաշենից 2 կմ վերեւ, դեպի հայ-թուքական սահմանը ձգվող դաշտամիջյան ճանապարհը տանում է Կամխուտ, նախկին Չախմախ: Գյուղում ժամանակին ապրել են հայեր եւ ադրբեջանցիներ, նաեւ հույներ, ովքեր անգամ եկեղեցի են ունեցել, որից գյուղի կենտրոնում մի կիսաքանդ պատ է մնացել: Չախմախում 60 տուն ադրբեջանցիներ են եղել, 40 տուն` հայեր: 1950-ականներից սկսած հայերը հեռացել են` գյուղը թողնելով ադրբեջանցիներին: Սումգայիթյան դեպքերը գյուղի ճակատագիրն այլ կերպ որոշեցին: Նախկին Չախմախը, ինչպես եւ Ամասիայի շատ ադրբեջանաբնակ գյուղեր, ամբողջովին դատարկվեց: Դատարկված գյուղը վերականգնելու նպատակով Գյումրիից նախկին չախմախցիներից 20 ընտանիքներ որոշեցին վերադառնալ ու շենացնել նախնիների ծննդավայրը: Սակայն, ոչ բոլորը հարմարվեցին եղած պայմաններին: Ներկայումս Կամխուտում 7 ընտանիք է ապրում: Գյուղում ձմեռելու մնում են միայն 4-ը: Կամխուտն ընդամենը 30 մետր է հեռու հայ-թուրքական սահմանից: Ու քանի որ ընդամենը բնակավայրի կարգավիճակ ունի, ենթարկվում է Գտաշեն համայնքին: Գտաշենի համայնքապետն ասաց, որ 20 տարի է ջանք է թափում Կամխուտում ընտանիքների թիվը շատացնելու համար, բայց ապարդյուն, եղած պայմաններին շատերը չեն հարմարվում, թողնում հեռանում են:

Կամխուտում օտար մեքենա կամ մարդ հայտնվելիս առաջինը տեղյակ է Վաչագան պապը: «Բա ո՞ նց, աղջիկ ջան, բա չիմանա՞մ` ով ես, ինչացու ես, ինչի ես մեր գյուղ եկել,- իր հարցապնդման նպատակն է բացատրում Վաչագան Առաքելյանը,- մենք սահմանապահների հետ կապ ունենք, հենց մի հատ կասկածելի բան ենք նկատում, անմիջապես զանգում ենք իրանց, բա ո՞ նց, իրանք էլ մեզ են զգուշացնում, թե որ մի բան է լինում»: Ոսկեհասկ գյուղից Կամխուտ տեղափոխվելու գաղափարը Վաչագան պապի տղան` Կամոն է տվել: Կամոն մեզ դիմավորում է իրենց տան բակում: Կողքին կանգնած հսկա շան համար պարծենալով` ներկայացնում է. «Գելխեղդ է ու շատ խելացի, տեսա՞ք` ձեր վրա մի կես բերան հաչաց ու վերջ, գիտի, որ վտանգավոր չեք, բայց վայ էն մարդուն, ով մեր շան բերանն ընկավ, նկատի ունեմ սահմանախախտներին,-կատակում է Կամոն ու ներս հրավիրում,- գյուղում մի քանի էսպիսի շներ կան, էնպես որ, ավելի ապահով ենք, չնայած սահմանը հսկվում է, բայց դե շներն ավելի շուտ են տեղյակ լինում»: Կամոյի մոր` տիկին Սիրանույշի պապերը Մշո գավառի Ալվառինջ գյուղից են եղել: Սիանույշ տատն էլ նույն այդ բարբառով է խոսում: Տղան ծիծաղելով ասում է, որ մայրը թեպետ 20 տարի է սահմանին այսքան մոտ է ապրում, բայց դեռ չի հարմարվել. «Մերս շատ կվախենա թուրքերից, ցերեկը եթե տունը մենակ եղավ, ուրեմն դուռը պիտի փակե»,- պատմում է Կամոն: «Իմ հոր տուն 40 անձ են եղել, ձագ ջան, 40-ից իմ հեր ու հորոխպեր են մնացել, թուրքը սաղին կոտորել է,- արդարանում է Սիրանույշ տատը,- հըմել գուզեն գրանից բացեն, ինչի՞ կբացեն, մեզի հեչ հարցուցե՞լ են»:

77-ամյա Շուշանիկ Պետոյանը, որին հանդիպեցինք գյուղամիջում, եւս վատ է տրամադրված սահմանների բացմանը. «Մերոնք Ղարսից են գաղթել, ու հեռուստացույցով հենց ցույց կուտան էդ ջարդի կադրերը կամ թե էդ թեմայով հաղորդումներ կեղնին, միսս ոսկորիս ձեն կուտա, ըբը էդ արնախում ազգի հետ արժե՞ բարեկամություն էնել»,- հարցնում է Շուշան տատը: Շուշան տատը պատմում է, որ մի քանի տարի առաջ իրենց գյուղից երեք տղամարդ թույլտվություն են ստացել միջսահմանային գոտում փորսուղի որսի գնալ: Թուրք ասկյարները սկսել են կրակել, անգամ իջել, հասել են մինչեւ հայկական սահման, կրակել գյուղից դեպի սահման վազող մարդկանց ուղղությամբ: Սահմանապահների ջանքերով միջադեպը հարթվել է, սակայն թուրքի նկատմամբ անվստահությունն ավելի է խորացել կամխուտցիների մոտ: «Դրանք մարդ չեն, դրանցից ամեն ինչ սպասելի է»,- ասում է Շուշան տատը: Կամխուտում եւ Գտաշենում սահմանային լռությունը հազվադեպ է խախտվում: Համայնքապետն ու բնակիչները վստահեցնում են, որ սահմանը լավ է հսկվում, մյուս կողմից էլ իրենք են շատ աչալուրջ: Սակայն հայ-թուրքական սահմանների բացման հետ կապված` լավ կլիներ, որ իրենց կարծիքն էլ հաշվի առնեին, թե չէ` քաղաքներում հարցումներ արեցին, իսկ սահմանի վրա ապրողի կարծիքն այդպես էլ վերեւներ հասցնելու եղանակ չգտան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter