HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հայաստանը հետ է կանգնում Ղարաբաղի հարցում ձեռք բերված պայմանավորվածություններից

Ղարաբաղյան բանակցային գործընթացում վերջին մեկ տարում արձանագրված «առաջընթացը» կարծես հետընթաց է ապրում: Հայ-թուրքական հաշտեցումը գրեթե աննկատ թողեց հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` թվով 7-րդ հանդիպումը:

Մինչդեռ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Քիշնեւում կայացած հանդիպումը կառուցողական չի եղել, եւ որ հայկական կողմը հանկարծ սկսել է քննարկել այն հարցերը, որոնք համաձայնեցվել են դեռ երկու-երեք տարի առաջ:

«Մենք հասկանում ենք, որ կա կանոն` ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Սակայն անհնար է առաջ շարժվել, երբ հետ ես նայում եւ սկսում քննարկել առաջարկներն ու գաղափարները, որոնք համաձայնեցվել են առնվազն երկու-երեք տարի առաջ»,- նշել է Մամեդյարովը:

Ավելի ուշ հայկական կողմին ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ մեղադրեց Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` նշելով, որ Ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից: Նա նաեւ հայտարարեց. «Ադրբեջանը պահանջում է ազատել բոլոր տարածքները, սակայն առաջին փուլում մենք համաձայն ենք 5 շրջաններն ազատելուն` միաժամանակ մյուս երկու շրջաններից դուրս գալու օրը նշելով»:

Եվ միայն դրանից հետո «երկու երկրների միջեւ կբացվեն հաղորդակցման բոլոր միջոցները» եւ «բանակցություններ կընթանան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»: Ըստ էության, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը որեւէ նոր բան չասաց. նա միայն վերարտադրեց Մադրիդյան սկզբունքներով նախատեսված գործընթացն իր հաջորդականությամբ:

Սակայն Մոսկվա մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց. «Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել: Նա (Իլհամ Ալիեւը- հեղ.) դժգոհ է բանակցությունների ընթացքից եւ արդյունքներից, որովհետեւ մենք քննարկել ենք ընդամենը երկու հարց` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի եւ միջանկյալ կարգավիճակի հարցերը»:

Հայտարարությունն անակնկալ էր նրանով, որ նախկինում բանակցությունների մասին խոսելիս հայ պաշտոնյաները սահմանափակվում էին անորոշ եւ ընդհանուր պատասխաններով, եւ սա այն դեպքում, երբ տարածքների հանձնման մասին խոսակցությունները մամուլում վաղուց են շրջանառվում:

Միաժամանակ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Մեկնաբանելով Հայաստանի հասցեին ադրբեջանական կողմի մեղադրանքները` Ղարաբաղյան բանակցություններում ապակառուցողական լինելու մեջ, նա հայտարարեց, որ իր «կառուցողականությամբ» Ադրբեջանը «հրաժարվեց 2001 թ. Փարիզյան սկզբունքներից, որոնք թղթին հանձնվեցին Քի-Վեսթում»:

Սա, փաստորեն, ոչ այլ ինչ էր, քան ակնարկ, թե նույն հաջողությամբ նաեւ Հայաստանը կարող է հրաժարվել նախկինում համաձայնեցված սկզբունքներից: Այսպիսով, հաստատվում է վերլուծաբանների այն կանխատեսումը, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հաջողության դեպքում Հայաստանը կխստացնի իր դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Պաշտոնական Երեւանը ակնհայտորեն փորձ է անում «տարածքներ կարգավիճակից առաջ» սկզբունքը փոխարինել «կարգավիճակ տարածքների դիմաց» սկզբունքով: Հենց սրանից է վախենում Բաքուն, որը Անկարային շանտաժի ու բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հետ պահել հայ-թուրքական կարգավորումից, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը: Սակայն Բաքվում ավելի ու ավելի չեն վստահում Անկարայի այն հավաստիացումներին, թե «Թուրքիան երբեք չի կատարի որեւէ քայլ, որը կհակասի Ադրբեջանի շահերին»:

Չնայած Էրդողանի եւ Դավութօղլուի ջանքերին` թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Պատահական չէր Ադրբեջանի նախագահի` հոկտեմբերի 18-20-ը կայացած պաշտոնական այցը Շվեյցարիա: Այստեղ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ինքը երկրի նախագահի հետ քննարկել է «տարածաշրջանային զարգացման, հայ-ադրբեջանական` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները»:

Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ` Ալիեւը Շվեյցարիա էր մեկնել վերջինիս միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները «վերծանելու» նպատակով:

«Պաշտոնական այցի օրակարգի առաջին դրույթն այն է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները Ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացի վրա: Մեր նախագահն այդ հարցում նպատակ ունի ծանոթանալ Շվեյցարիայի տեսակետի հետ»,- նշել է Շվեյցարիայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլչին Ամիրբեկովը:

Սրանից կարելի է եզրակացնել, որ Բաքվում այնքան էլ չեն վստահում Անկարային եւ փորձում են այլընտրանքային տեղեկատվություն ստանալ երրորդ կողմից: Սակայն, Ադրբեջանի նախագահի այցը Շվեյցարիա կարող է եւ ավելի հեռահար նպատակներ ունենալ: Չի բացառվում, որ Բաքուն շոշափում է Բեռնի տրամադրությունները` մտորելով նոր շվեյցարական միջնորդության մասին: Սա լրիվ տրամաբանական է:

Եթե, այնուամենայիվ, Բաքվին չհաջողվի ազդել Անկարայի վրա եւ նրան ետ պահել Երեւանի հետ հաշտեցումից, Ադրբեջանը ստիպված է լինելու միայնակ լուծել Ղարաբաղի հարցը: Այդ դեպքում Մինսկի խմբի ձեւաչափը Շվեյցարիայի միջնորդությամբ փոխարինելու կամ համալրելու տարբերակը կարող է միակ այլընտրանքը լինել Բաքվի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter