HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը 3,8 մլն-ից դարձել է 3 մլն

27_10-asulisՀայաստանն առաջին տեղում է «Միջին մարդկային զարգացում» ունեցող երկրների շարքում Աշխարհի բնակչության 6,7 մլրդ-ից 1 մլրդ-ը մասնակցում է միգրացիոն գործընթացներին, այսինքն` մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը միգրանտ է: Նրանցից 740 մլն-ը ներքին միգրանտներ են, իսկ 214 մլն-ը` միջազգային: Միջազգային միգրանտներից մոտ 70 մլն-ը զարգացող երկրներից տեղափոխվում է զարգացած երկրներ, իսկ մեծամասնությունը տեղափոխվում է զարգացող երկրից մեկ այլ զարգացող երկիր կամ զարգացած երկրից մեկ այլ զարգացած երկիր: Միջազգային միգրանտների շուրջ կեսը տեղափոխվում է տարածաշրջանի երկրներ, և նրանց մոտ 40 տոկոսը տեղափոխվում է հարևան երկիր: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի 2009 թ. Մարդկային զարգացման զեկույցում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Երևանում: Այս տարի զեկույցը նվիրված է միգրացիային և ունի «Հաղթահարելով խոչընդոտները. մարդկային շարժ և զարգացում» վերնագիրը: Սովորաբար, միգանտների եկամուտներն ուղղվում են նաև հայրենիքում նրանց ընտանիքներին և համայնքներին: Դա հիմնականում կատարվում է դրամական փոխանցումների միջոցով: Զարգացող երկրներ կատարված փոխանցումների ծավալը 4 անգամ գերազանցում է զարգացմանը պաշտոնապես տրամադրվող օգնությանը: Ավելի քան 20 զարգացող երկրում փոխանցվող դրամական միջոցների ծավալը գերազանցում է հիմնական արտահանվող ապրանքներից ստացված մուտքերը: «2009 թ. Մարդկային զարգացման զեկույցը երևան է հանում միգրացիայի դերը մարդկային զարգացման գործում և կառավարություններին տեղեկատվություն է տրամադրում այս ներուժը լիովին իրացնելու համար: Այնուամենայնիվ, միգրացիան չի կարող փոխարինել աղքատության կրճատմանն ու զարգացման ամրապնդմանն ուղղված տեղական համալիր ծրագրերին: Այդ իսկ պատճառով կառավարությունները պետք է մեծացնեն միգրացիայից ստացվող օգուտները` մարդկային շարժը նպատակաուղղելով ազգային զարգացմանն ու աղքատության նվազեցմանն ուղղված ռազմավարությունների մշակմանը»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: Որպես 2009 թ. Մարդկային զարգացման զեկույցի մաս` այսօր նաև ներկայացվեց Մարդկային զարգացման համաթիվը: Այն երկրի բնակչության բարեկեցության մակարդակն արտահայտող ամփոփ ցուցանիշ է և հաշվարկվում է կյանքի տևողության, գրագիտության, կրթական մակարդակի և բնակչության մեկ շնչի հաշվով` ՀՆԱ-ի չափի հիման վրա: Մարդկային զարգացման համաթիվը փաստում է, որ աղքատ և հարուստ երկրներում մարդկանց կենսամակարդակների տարբերությունը շարունակում է անընդունելի մեծ մնալ` չնայած վերջին 25 տարում շատ ոլորտներում արձանագրված առաջընթացին: 2009 թ. զեկույցում Մարդկային զարգացման համաթիվը հիմնված է 2007 թ. տվյալների վրա և ամենաընդգրկունն է` ներառում է տեղեկատվություն 182 երկրից և տարածքից: Մարդկային զարգացման ամենաբարձր ցուցանիշն ունեն Նորվեգիան, Ավստրալիան, Իսլանդիան, Կանադան, Իռլանդիան: Ցուցակը եզրափակում են Նիգերիան, Աֆղանստանը, Սիերա Լեոնեն: Հայաստանը` Մարդկային զարգացման զեկույցում «Հայաստանի համար սահմանված Մարդկային զարգացման համաթիվը 0.798 է, որով Հայաստանը 84-րդ տեղում է 182 երկրների շարքում և 0.023 միավորի աճ է գրանցել` իր նախկին Մարդկային զարգացման համաթվի համեմատ: Այս բարելավումը գրանցվել է հիմնականում ի հաշիվ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի թվի մեծացման: 1990-2007 թթ. Հայաստանի Մարդկային զարգացման համաթիվն աճել է տարեկան 0.51 տոկոսով: Հայաստանն առաջին տեղում է «Միջին մարդկային զարգացում» ունեցող երկրների շարքում: Հայաստանին հաջորդում են Ուկրաինան և Ադրբեջանը: Իրանը և Վրաստանը համապատասխանաբար զբաղեցնում են 88-րդ և 89-րդ տեղերը: Ռուսաստանը և Թուրքիան համապատասխանաբար 71-րդ և 79-րդ տեղերում են»,- նշված է ՄԱԶԾ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Հայաստանում արտագաղթի մակարդակը 20.3 տոկոս է: Հայաստանից արտագաղթածների 78.2 տոկոսը բնակվում է Եվրոպայում: Հայաստանում կա շուրջ 482 հզ. միգրանտ, որոնք կազմում են երկրի բնակչության 16.1 տոկոսը: Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 1 մլն մարդ: «Դուք նշեցիք, որ մեր ազգաբնակչության 3 մլն-ից 1 մլն-ը արտագաղթել է: Այսինքն` կարո՞ղ ենք այսօր մեր հանրապետության բնակչությունը համարել 2 մլն»,- շնորհադեսի մասնակիցներից մեկը հարցրեց Միգրացիոն գործակալության պետի տեղակալին: Իրինա Դավթյանը պատասխանեց, որ արտագաղթողների թիվն, իրոք, գնահատվում է 800 հզ.-1 մլն, սակայն դա ոչ թե առկա 3 մլն-ից է, այլ նախկին 3,8 մլն-ից: Այդ պատճառով այսօր Հայաստանի բնակչության թիվը 3 մլն է: «Մեր միգրանտների 2/3-ը ընտրում է Ռուսաստանը, 9%-ը մեկնում է ԱՊՀ այլ երկրներ, 15%-ը` եվրոպական երկրներ, և 10%-ը` ԱՄՆ»,- ասաց նա: Այսինքն` Հայաստանի դեպքում միգրանտների 1/4-ն է, որ զարգացողից զարգացած երկիր (եվրոպական երկրներ և ԱՄՆ) է տեղափոխվում: Մեծ մասը տեղափոխվում է զարգացող երկիր` Ռուսաստան, որը, սական, Մարդկային զարգացման համաթվով ավելի բարձր տեղ է զբաղեցնում (71), քան Հայաստանը (84): «Տեղաշարժվելու դրդապատճառները բազմազան են` սկսած իրենց երեխաների համար լավ ապագա չտեսնելուց, ապագայի նկատմամբ վստահության պակասից և այլն: Բայց ամենակարևոր և առաջին դրդապատճառը, որը ստիպում է մարդկանց տեղափոխվել Հայաստանից, իհարկե, տնտեսական դրդապատճառն է, այսինքն` աշխատանքի, աշխատատեղերի բացակայությունը: Յուրաքանչյուր 3 էմիգրանտից 2-ը որպես Հայաստանից մեկնելու դրդապատճառ նշում է հենց այս հանգամանքը»,- ասաց Իրինա Դավթյանը: Նա հավելեց, որ 4-5 տարի առաջ, պատասխանելով Հայաստանից մեկնելու դրդապատճառների մասին հարցին, արտագաղթողների գրեթե 100 տոկոսն ասել է, որ Հայաստանից մեկնում է աշխատատեղերի բացակայության պատճառով: Ավելի ուշ կատարված հետազոտություններում այս պատասխանը բաժանվել է 2 մասի. մի մասը նշում էր, որ աշխատատեղեր չկան, իսկ գրեթե 50 տոկոսը նշում էր, որ աշխատատեղեր կան, սակայն առաջարկվող վարձատրությունն իրենց չի բավարարում: «Այսինքն` որոշակի շարժ կա, բայց դա դեռևս բավարար չէ, որ մարդիկ հետ կանգնեն դրսում աշխատանք որոնելուց»,- ասաց Իրինա Դավթյանը: «Տեղաշարժերի մասշտաբներն այնքան են աճել, որ լուծումներ են պահանջում արդեն ոչ թե լոկալ կամ տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով: Բախվելով ընդհանուր մարտահրավերների` պետությունները փորձում են լուծումներ գտնել, և այդ լուծումները պետք է գտնեն ընդհանուր ջանքերի շնորհիվ` այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Պատահական չէ, որ այսօր ՄԱԿ-ի հովանու ներքո ձևավորվել է նաև միգրացիայի և զարգացման հարցերով գլոբալ ֆորում, որին անդամակցում է 150 երկիր, այդ թվում նաև մեր երկիրը»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter