HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հնարավոր է, որ Ջավախքից ձեռք քաշելու միջոցով մենք ազատություն տանք Ջավախքին»

alvrcyan-sargsyan_30.10.09Հայ-թուրքական հարաբերությունները լուրջ և ծանր հետևանքներ են ունենալու և բացասական են անդրադառնալու Ջավախքի վրա, քանի որ այն ամբողջ տարածաշրջանի ամենալարված, նախակոնֆլիկտային տարածքներից մեկն է` իր բոլոր հարցերի հանգույցով: Այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայտարարեց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների վավերացմամբ երկու պետությունները պարտավորություններ են ստանձնում: Հայաստանը ևս վերցնում է մի շարք պարտավորություններ, որոնցով հրաժարվում է Հայ դատի` Հայկական հարցի հետապնդումից: Ըստ Հայկազուն Ալվրցյանի` հայ-թուրքական հարաբերությունները հոգեբանական վատ անդրադարձ են ունենալու Ջավախքի վրա: Հայ դատից, հողային պահանջներից, ցեղասպանության ճանաչումից հրաժարվելով` ջավախահայությունը ևս ընկնում է բարդ կացության մեջ: «Չի կարող որևէ կառավարություն կամ իշխանություն պաշտպանել այն երկրի հայության շահերը, որը, ըստ էության, մերժվում է հայկական իշխանությունների կողմից: Այս պայմանագրերի տրամաբանությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Հայ դատից, ինչպես վարչապետն է ձևակերպել` Հայաստանի իշխանությունները պատասխանատու են 3 մլն հայության համար, որոնցից դուրս է մնում ինչպես ողջ սփյուռքահայությունը, արցախահայությունը, այնպես էլ ջավախահայությունը»,- ասաց բանախոսը: Այսինքն, Հայկազուն Ալվրցյանի մեկնաբանմամբ, Ջավախքի հայության խնդիրներից հայկական իշխանությունները հրաժարվում են և չեն միջամտելու, ինչպես նաև հրաժարվում են Ջավախքում հայությանն ամրապնդելու գործընթացից: Բանախոսի գնահատմամբ, Ջավախքը կհայտնվի նաև տնտեսապես ծանր կացության մեջ, քանի որ այսպես թե այնպես Հայաստանի հետ ունի տնտեսական որոշ կապեր, որոնք ջավախահայերը տարիներ շարունակ փորձել են ակտիվացնել  և ուժեղացնել: «Սակայն երբ Հայաստանը ինքը կհայտնվի Թուրքիայի տնտեսական ճնշման տակ, Ջավախքի հայությունը այլևս Հայաստանի հետ հույսեր չի կապի, որը կխթանի նաև արտագաղթը Ջավախքում»,-ամփոփեց Հայկազուն Ալվրցյանը: Մյուս բանախոսի` «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով` հայ-թուրքական սահմանի բացումը կարող է երկակի ազդեցություն թողնել Ջավախքի վրա. հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանը ամբողջապես կկողմնորոշվի դեպի Թուրքիա: Այսինքն` Հայաստանի և Վրաստանի միջև անջրպետը կմեծանա: «Այս դեպքում կամ Հայաստանը ամբողջովին հանձնելու է Ջավախքը Վրաստանին, ինքը այլևս խնդիր չի ունենալու` ոչ ճանապարհային, ոչ էլ այլ»,- ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը: Իսկ մյուս կողմից, Վահե Սարգսյանի կարծիքով, այս հանձնումը անուղղակիորեն բերելու է նրան, որ այլևս չի խանգարելու ջավախքյան կազմակերպություններին և նրանց ազատ գործելու հնարավորթյուն է տալու, այսինքն` Հայաստանից այլևս Ջավախքը չի վերահսկվելու: «Սա հնարավոր է օգուտ բերի Ջավախքին, քանի որ մենք այն եզրակացությանն ենք հանգել, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը Ջավախքի հարցում Վրաստանի հետ գործել է փոխպայմանավորված: Ստեղծվել են կազմակերպություններ, օրինակ` «Վիրահայերի միասնություն» կազմակերպությունը, որը հստակ ծրագիր-կառույց էր` Ջավախքը վերահսկելու: Հնարավոր է, որ Ջավախքից ձեռք քաշելու միջոցով մենք ազատություն տանք Ջավախքին»,- ասաց Վահե Սարգսյանը: «Այլևս չեն ասի, որ մի բան որ անենք, Հայաստանի ճանապարհները կփակվեն»,- հավելեց Հայկազուն Ալվրցյանը: Հանրապետական ցուցակով երեք ծնունդով ջավախքցի պատգամավորների հավանությունը հայ-թուրքական արձանագրություններին Հայկազուն Ալվրցյանը հետևյալ մեկնաբանությունը տվեց. «Ինչպես կարող ես մեկի հետ աշխատել, որը քաղաքականապես այլ կողմնորոշում ունի: Ջավախքը իրենց համար օրախնդիր չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter