HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Vօ.X. «Մեր երաժշտությունը նրանց համար է, ովքեր դեռ չեն կորցրել իրենց խիղճը»

2003 թվականին Vo.X խումբը Բրիտանիայի ազգային մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվեց լավագույն բրիտանական խումբ: «No Metter» երգը տեւական ժամանակ հնչում էր բրիտանական  առաջատար ռադիո եւ հեռուստաընկերությունների եթերում: Իսկ 2004-ին խմբին նույն հաջողությունը բերեց «Gone with the wind» երգը: 

Արամ եւ Գայա Րիանները միասին սովորում էին ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետում. Արամը` անգլիական բաժնում, Գայան` իսպանական: Երկուսն էլ շատ ակտիվ էին բոլոր միջոցառումների ժամանակ, սակայն խոստովանում են, որ միշտ մրցակցել են իրար հետ: «Ես հիշում եմ, որ նույնիսկ ատում էի Արամին: Չգիտեմ ինչու...երեւի այդ մրցակցության պատճառով: Բայց մի օր Արամը հրավիրեց ինձ երգելու իր գրած ռոք օպերայում, ես էլ համաձայնեցի, ու դրանից հետո սկսվեց համագործակցությունը, ատելությունը վերածվեց համակրանքի, այնուհետեւ` սիրո»,- պատմում է Գայան: Ռոք օպերան գրվել էր Բայրոնի ստեղծագործության հիման վրա` «Կայենի կրքերը» վերնագրով, որտեղ Արամը Գայային հրավիրել էր կատարելու իր կնոջ դերը: Դրանից հետո, ինչպես զույգն է նշում, նրանք մտան կնոջ եւ ամուսնու դերի մեջ: Ի սկզբանե Գայան ավելի շատ ստեղծագործում էր լիրիկական, իսկ Արամը` բրիտանական երաժշտությանը հատուկ ռիթմիկ ոճում: Աստիճանաբար նրանք սինթեզեցին իրենց ճաշակները` համախմբելով, խառնելով, իրար հարմարեցնելով:

«Ես Գայային առաջարկություն չեմ արել. պարզապես ասել եմ` ասես այո, թե ոչ, միեւնույն է գիտեմ, որ իմ կեսն ես, ուղղակի ժամանակ եմ տալիս, որ ասես այո»,- ասում է Արամը: Նման ձեւակերպումը Գայային չէր կարող դուր չգալ: Ամուսնանալուց հետո նրանք աշխատանքային հրավերով մեկնեցին Անգլիա: Այնտեղ մասնագիտական աշխատանքից` թարգմանչությունից բացի շարունակում էին ստեղծագործել:

Բացի վերը նշված հաջողություններից` Vօ.X-ը ձայնագրեց երկու սկավառակ, որոնք վաճառքի հանվեցին Բրիտանիայում: Ժամանակն էր արդեն վերադառնալ հայրենիք եւ ձեռքբերումները կիսել հայրենակիցների հետ: Վերադառնալով Հայաստան` զույգը մեծ հիասթափություն ապրեց: Մինչեւ հիմա էլ չեն հասկանում, թե ինչպե՞ս կարող էր ամեն ինչ այդքան փոխվել: Հատկապես Արամը շատ հոռետես թվաց, շատ էր խոցված, վիրավորված:

«Մինչ այստեղ գալը` ինձնից մեծ օպտիմիստ այս աշխարհում չկար: Ես ամբողջ հոգով ու սրտով բաց գալիս էր Հայաստան` կիսվելու այն ամենով, ինչ ձեռք էի բերել այնտեղ: Հուզմունքը մեծ էր, չհասկացանք` ինչ է կատարվել. կամ մենք ենք դարձել այլմոլորակային, կամ` մարդիկ: Փոխվել էին մարդիկ, փոխվել էին արժեքները: Մենք Անգլիայում ամբողջ օրը սառնասիրտ անգլիացիներին ասում էինք, թե իգնչ ժողովուրդ եք, ֆաշիստների նման եք ապրում, ընկերությունը չգիտեք ինչ է... Բայց երբ վերադառնում ես ու տեսնում, որ քո ընկերներն էլ են այդպիսին դարձել, բոլորը զբաղված են ու բոլորը բիզնեսմեն են...Այդ օտարամոլության, բոլոր ազգերին նմանվելու պատճառով կորցրինք մեր հասարակությունը, բարությունը, ընկերասիրությունը»,- ասում է Արամը:

Գայան ավելի լավատես է, կարծում է, որ իրենց լսում են, սիրում են, եւ ռաբիս կոչվածը շուտով իր տեղը զիջելու է որակյալ երաժշտությանը: «Ես օպտիմիստ եմ, կարծում եմ, որ, իրոք, մի մեծ զանգված կա, որին մեր երաժշտությունը դուր է գալիս: Ինձ թվում է, որ մի տեսակ արդեն տենդենց կա, որ պակասի ռաբիսը եթերից, մեր միջից: Ես մի բան գիտեմ. եթե եթերից հնչեր լավ երաժշտություն, ապա մարդկանց ճաշակը հաստատ կզարգանար»:

Արամը մոտ 2.000 երգերի հեղինակ է, իրենց շուրջ 15 տեսահոլովակների ռեժիսորը, մոնտաժողը, հեղինակել է մի քանի ռոք օպերաներ: Գումար վաստակելու համար այսօր նա երգեր է գրում, գործիքավորում եւ տեսահոլովակներ է նկարահանում այլ արտիստների համար: «Երբ այդքան մեծ քանակությամբ ստեղծագործություն կա, այլեւս չես ափսոսում բաժանելու համար: Բացի այդ, սա էլ է գովազդի մի ձեւ: Միգուցե ես դա անում եմ այնպիսի արտիստների համար, որոնց ոճը հնարավոր է, որ տարբերվում է իմ ոճից, բայց համագործակցության միջոցով ինչ-որ բաներ ենք իրարից սովորում»,- ասում է Արամը:

Ժամանակին նա տարված էր ծանր ռոքով. «Բարձր գոռում էի, ճչում...Հետո հասկացա, որ նույն բանը կարող եմ շատ հանգիստ ասել, ինչոգւ եմ բղավում, իգնչ եմ ուզում ասել, եթե նույնը կարելի է շատ հանգիստ ասել»: Vօ.X-ի բոլոր  երգերը մարդկային փոքրիկ պատմություններ են, որոնք բարձրաձայնում են սոցիալական, բարոյական, հոգեւոր խնդիրներ: Բոլոր երգերի մեջ լույսի, սիրո ու բարության կոչեր կան: Խմբի առաջնային նպատակը մարդկանց բարություն փոխանցելն է:

Հայկական տեսահոլովակների ոճից առանձնանում են Արամի նկարահանած տեսահոլովակները: Նա Բրիտանիայում գտնվելու տարիներին «Բի-բի-սի»-ի կազմակերպած դասընթացներին է մասնակցել, որտեղ էլ յուրացրել է հոլովակ նկարահանելու հիմունքները: Իսկ երեւակայության առումով Արամը հաստատ խնդիրներ չունի: Երբ հարցրի, թե փոքր ժամանակ ի՞նչ էին երազում դառնալ, Գայան պատասխանեց` դերասանուհի: Արամի պատասխանը անակնկալ էր նույնիսկ կնոջ համար. «Ամբողջ կյանքում երազում էի կախարդ դառնալ: Ինչ-որ զենքեր էի հորինում, որոնցով կարողանայի ոչնչացնել աշխարհը, կախարդ լինելը հավես է...սենյակումս փակվում էի, պարապում էի, հետո բակի երեխեքին ասում էի` կանգնի, քեզ հիպնոզի ենթարկեմ: Հիմա մեկը կարդա` կմտածի սեւ ուժեր եւ այլն... Չէ, ես քրիստոնյա եմ...»: Գայան անչափ սիրում է Երեւանը, իրեն այստեղ լավ է զգում, սիրում է երեւանյան շունչը, որը դեռեւս ամբողջովին կորած չի համարում:

«Տգեղ երեւույթներ ամեն տեղ կան, ուղղակի ցավալի է, որ քո հարազատ միջավայրում ես տեսնում այդ արատավոր երեւույթները ու հարցնում ես ինքդ քեզ` ինչոգւ է իմ քաղաքում այսպես: Ցավով ենք նկատում, որ այստեղ արդեն ամեն ինչ շահի համար է արվում: Հասարակ արարքի ժամանակ մարդիկ մտածում են իրենց շահի մասին: Մենք այլ դաստիարակություն ենք ստացել: Այլ միջավայրում ենք մեծացել»,- ասում է Գայան:

«Ես սեփական երկրում ինձ էմիգրանտ եմ զգում,- անսպասելի ասաց Արամը,- այնքան մեծ հույսերով էինք եկել այստեղ, բայց չգտանք ոչինչ... Ես ուզում եմ ինքս ինձ իմ հայրենքում զգալ: Մի ժամանակ այնքան էի զբոսնում Երեւանում, իսկ հիմա չեմ ուզում, ոչինչ չի ձգում: Մատների վրա կարելի է հաշվել ընկերներիս...մեծ մասը մեկնել է...»: Vօ.X-ը համոզված է, որ երկրպագուների մեծ բանակ ունի, դրա վկայությունը անցած տարվա համերգն է, որը մեծ արձագանք ունեցավ: Պարզապես խումբը կարծում է, որ այսօր իրենցից շահ չունեն այն մարդիկ, ում միջոցով նրանք կարող են հայտնվել հեռուստատեսությունում, տարբեր նախագծերում:

«Մեզնից ոգչ փողային շահ ունեն, ոգչ անկողնային, ոգչ էլ մեկը կա, որ վերեւից թելադրի: Տեսահոլովակները մենք ենք նկարում, եւ ոչ մեկը դրանից փող չի վաստակում, որ ուզենա ինչ-որ հեռուստաընկերության թելադրել, որ այն պտտվի բոլոր ալիքներով: Բայց բոլոր այդ մարդիկ, այսինքն` շոու-բիզնեսի հայաստանյան հիմքերը, միշտ էլ ասում են, որ մեզ շատ են սիրում եւ մեր երաժշտությունը համարում են հրաշալի մի երեւույթ»,- ասում է Արամը: Ամեն դեպքում, նրանք չեն հուսահատվում, շարունակում են ստեղծագործել, մեկ ամիս առաջ նոր տեսահոլովակով հանդես եկավ Գայան, եւս մեկի պրեմիերան շուտով սպասվում է: Ծրագրվում է հայերեն սկավառակ թողարկել, քանի որ խումբը Հայաստանում ոչ մի սկավառակ դեռ չունի: Նախատեսվում է նաեւ ոչ շատ մեծ մենահամերգ: «Ես գիտեմ, որ այսօր Հայաստանում կան շատ տաղանդավոր մարդիկ, որոնք պոպուլյար չեն, քանի որ ստեղծում են ակադեմիական լուրջ արվեստ: Սակայն ես ստեղծում եմ կոմերցիոն երգին բոլոր չափանիշներով համապատասխան արվեստ: Ինձ շատերն են ասել, թե որքան ճիշտ են իմ երգերը: Նույնիսկ ամերիկյան մի կազմակերպություն ինձնից միանգամից 3 երգ է գնել պատրաստվող ֆիլմերի soundtrack-երի համար: Բրիտանիայում երգահանների մի մրցույթի ժամանակ երկու անգամ իմ գրած երգերը հայտնվել են եզրափակիչ փուլում: Այսինքն` մեր գործը դրսում, իրոք, գնահատվում է»,- նշում է Արամը: Տես նաեւ՝ VO.X (LIVE) |NO MATTER | HD

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter