HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Շարմազանով. «Ղարաբաղը որպես բանկցային կողմ հանդես կգա հիմնախնդրի լուծման առարկայական փուլում»

Քնար Բաբայան esharmazanov_310509Այսօր «Դե Ֆակտո» ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Նրա խոսքերով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնող արտաքին քաղաքականության արդյունավետության ապացույցը մի շարք երկրների դրական արձագանքն է ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, այլև Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը: «Կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների առումով միայն Ադրբեջանն է դեմ արտահայտվել`իրեն դնելով անհարմար իրավիճակում: Ինչ վերաբերում է արձանագրություների վավերացմանը, իմ կարծիքով` դա պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում»,- ասաց Է. Շարմազանովը` հավելելով, որ նախ դա պետք է անի Թուրքիան այն պարզ պատճառով, որ սահման փակողն ու բացողն ինքն է: ՀՀԿ քարտուղարի խոսքերով` դեկտեմբերի 7-ին նախատեսված է Թուրքիայի վարչապետի այցը Վաշինգտոն, որտեղ էլ վերջինս կհանդիպի ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հետ: «Դեկտեմբերի 7-ը Թուրքիայի Մեջլիսում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արձանագրությունների մասին կարծիք հայտնելու վերջնաժամկետն է: Ես կասկած չունեմ, որ այն դրական կլինի, այլապես կասկածում եմ, որ Վաշինգտոնում Ռ. Էրդողանին ոչ թե գրկաբաց, այլ ընդհանրապես չեն ընդունի»,- համոզված է պրն Շարմազանովը: Բանախոսի հավաստմամբ` ՀՀ նախագահը, գիտակցելով այն հանգամանքը, որ 21-րդ դարում փակ սահմանները խելամիտ չեն, հանձն է առել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը` չանտեսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Է. Նալբանդյանը տարբեր ատյաններից բարձրաձայնել են ցեղասպանության, մասնավորապես այն Թուրքիայի կողմից ճանաչելու խնդրի մասին: Արդյունքում հարյուրավոր թուրքեր ներողություն խնդրեցին հայերից կատարվածի համար, որը քիչ չէ մի երկրի համար, որտեղ կա 301-րդ հոդվածը»,- ասաց Է. Շարմազանովը: Ըստ նրա` տարածաշրջանում անհամեմատ բարձրացել է Հայաստանի դերը, եւ դրա ապացույցը Հայաստանի միջնորդի կարգավիճակն է Ռուսաստանի և Վրաստանի միջև: «Հայաստանի` որպես միջնորդի մասին պրն Վաշաձեի հայտարարությունը և ռուսական լրատվամիջոցների արձագանքը խոսում է տարածաշրջանում Հայաստանի լիդեր երկիր լինելու մասին»,- ասաց ՀՀԿ քարտուղարը: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակներում կատարված աշխատանքներին` բանախոսը կարևորեց մի շարք փաստաթղթերի ստորագրումը` պատահական չհամարելով ՀԱՊԿ-ի քարտուղարի` Հայաստանին լոկոմոտիվի դեր վերապահելը: ՀՀ նախաձեռնող արտաքին քաղաքականության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին`Կոսովոյում ավելացնելով խաղաղապահ զորքերի թիվը: Պրն Շարմազանովի հավաստմամբ` ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքար հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության հարցը շարունակում է օրակարգային մնալ, իսկ Մայնդորֆյան արձանագրությունները` ձեռքբերում, որը բացառում է հիմախնդրի ռազմական ճանապարհով լուծումը: «Լեռնային Ղարաբաղի համար գլխավոր հարցը կարգավիճակն է, որը չի կարող լինել ավելի ցածր, քան ներկայիս կարգավիճակը`բացառելով Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի` բանակցային կողմ լինելուն, ապա, ինչպես բազմիցս ասել է ՀՀ նախագահը, առանց Արցախի ժողովրդի այդ հարցը չի լուծվի: Մի խոսքով, հիմնախնդրի բանալին Ստեփանակերտում է և, ըստ իս, Ղարաբաղը որպես բանկցային կողմ հանդես կգա հիմնախնդրի լուծման համար առարկայական փուլում»,- ասաց Է. Շարմազանովը: Ասուլիսի ընթացքում պրն Շարմազանովը կարևորեց նաև Իրան-Հայաստան կառուցվելիք երկաթգիծը` ասելով, որ Հայաստանն Իրանին դիտարկում է որպես գործընկեր: Երկաթգծի օգնությամբ էլ ավելի արդյունավետ կկիրառվի Հայաստան-Իրան ճանապարհը: «Վրաց-օսական պատերազմը ցույց տվեց, թե ինչ դժվարություններ մենք կունենանք նման իրավիճակներում: Ուստի, պետք է օգտագործենք ոչ միայն վրացական, այլև իրանական և հաջողության դեպքում` թուրքական ճանապարհային հնարավորությունները»,- ասաց Է. Շարմազանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter