HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Մեյ Լիան. «Չգիտես ինչու համոզված եմ, որ Հայաստանում դեռ հիշում են ինձ»

 Նոյեմբերի 9-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի «Հայկական կիթառ-2009» երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչներ Լիլի Կարապետյանը եւ Վահագն Ամիրխանյանը հուսով են այն դարձնել ամենամյա:

Փառատոնին մասնակցելու են շուրջ 13 հայ կիթառահարներ, յուրաքանչյուրը պետք է ներկայացնի երկու սեփական ստեղծագործություն: Փառատոնի միակ երեկոն խոստանում են անմոռանալի դարձնել ազգությամբ հայ, ռուսաստաբնակ Մեյ Լիանը (Յուրի Մայիլյանը) եւ կանադացի վիրտուոզ, կիթառահար Դեյվ Մարթոունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերը նշված կիթառահարները կիսվեցին հայաստանյան գալիք համերգի ակնկալիքներով: 07_11-Deyv-MartounԴեյվ Մարթոունն ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է եկել, եւ Հայաստանի մասին գիտի այն, որ այստեղ շատ լավ շախմատ են խաղում եւ մեծ ուրախությամբ կընդուներ այդ խաղում իր հետ մրցելու ցանկացած առաջարկություն: «Իսկ համերգի հետ կապված բավական լուրջ ակնկալիքներ ունեմ: Ես ուզում եմ Հայաստանում ներկայացնել իմ երաժշտությունը որքան հնարավոր է ուժեղ եւ տպավորիչ: Եվ ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսին է երաժշտական աշխարհն այստեղ»,-ասաց նա: Հայկական երաժշտությանը Դեյվն առանձնապես ծանոթ չէ, սակայն ունեցել է մի քանի հայ ուսանողներ, որոնք you-tube-ով նրան ցույց են տվել որոշ հայկական երաժշտական կատարումներ, եւ նրան շատ դուր է եկել «այդ էկզոտիկ, յուրօրինակ երաժշտությունը»: 07_11-Mey-LianՀայազգի Մեյ Լիանն էլ շատ ոգեւորված է Հայաստան գալու կապակցությամբ, քանի որ շուրջ 20 տարի բացակայության ընթացքում միշտ ուզել է այցելել, սակայն ժամանակ չի ունեցել: Հենց խոսքը տրվեց նրան, նա հայերեն լեզվով հայտարարեց. «Հայերեն գիտեմ, բայց խոսել չգիտեմ»: Կիթառահարն ասաց, որ Հայաստանը իր հայրենքիը չի համարում, քանի որ ծնվել է Բելառուսում, սակայն այն, ինչ սկսվեց իր մոտ երաժշտության հետ կապված` տեղի է ունեցել Հայաստանում: Նա նվագել է հայկական «Ասպարեզ» խմբում: «Ես սիրում եմ այս երկիրը: Եւ ուրախ եմ, որ շատ շուտով առաջին անգամ հանդես կգամ հայ հանդիսատեսի առջեւ»,-խոստովանեց Մեյ Լիանը: Մեյ Լիանը, առաջին անգամ 9 տարեկանում ձեռքն առնելով կիթառը, այլեւս այն չի թողնել: Ստեղծագործելու համար իրեն միայն մեկ պայման է անհրաժեշտ` միայնությունը. «Մի օր ես հասկացա, որ երաժշտությունը դա մի մոլորակ է, որին դու պետք է հասնես ու դիպչես: Այն մի կծիկ է, որը դու անըդհատ քանդում ես, բայց այն չի վերջանում, չի սպառվում եւ եթե դու հասել ես այդ մոլորակին, ուրեմն երջանիկ ես»: Իսկ կանադացի կիթառահար Դեյվը կարծում է, որ կիթառ նվագելու համար առաջին հերթին պետք է հաճույք ստանալ դրանից: Նրա խոսքերով `կարեւոր չէ ոչ տեխնիկան, ոչ էլ արագությունը: Կարեւոր է, որ երաժշտությունը լինի լավը, եւ կիթառահարը դրանից միայն հաճույք ստանա: «Կիթառ նվագել սովորել եմ շատ զավեշտական ձեւով: Հայրս ուզում էր հայտնի կիթառահար դառնալ, սակայն դա նրա մոտ չստացվեց, ու ինքը միշտ ուզում էր, որ ես դառնայի նրա երազած կիթառահարը: Հիշում եմ, որ չէի ուզում նվագել սովորել, ինքը ինձ նվագել սովորելու համար սկսեց վճարել: Ես էլ դրանից ոգեւորվելով` նվագում էի: Եւ այդպես ես դարձա հայտնի կիթառահար»,-անկեղծացավ Դեյվը: Նա նվագում էր դասական կիթառ եւ ծանոթ չէր ռոքին: Եւ օրերից մի օր, երբ Դեյվը 10-11 տարեկան էր, ընկերներից մեկը նրան նվիրեց «Black Sabbath» խմբի սկավառակը, որը լսելուց հետո Դեյվը հորը հայտարարեց, որ այլեւս չի ուզում դասական երաժշտությամբ շարունակել եւ ուզում է այսուհետ միայն ռոք նվագել ու պահանջեց նվիրել էլեկտրոկիթառ: Այսպիսով, փառատոնի կազմակերպիչները ակնկալում են լավ երաժշտությամբ լի երեկո: Փառատոնը բաղկացած է լինելու մեկ համերգից, որը իր հերթին բաղկացած է լինելու երկու մասից: Ամեն մաս ավարտվելու է ջեմ-սեյշններով (իմպրովիզներ): Փառատոնը մեկ օրում անցկացնելը կազմակերպիչները բացատրեցին ֆինանսական սղությամբ: Կազմակերպիչ Լիլի Կարապետյանն ասաց, որ հովանավոր չունեն, չնայած դիմել են բոլոր հնարավոր միջոցների: «Դիմել ենք Մշակույթի նախարարությանը, մերժվել ենք, սակայն նրանք խոստացել են մյուս տարվա համար իրենց ծրագրի մեջ ընդգրկել նաեւ այս փառատոնը: Դիմել ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք սովորաբար հովանավորում են նման պրոյեկտներ` «ՎիվաՍել-ՄՏՍ», «Բիլայն», սակայն նրանց կողմից եւս մերժում ենք ստացել: Այդ պատճառով մեկ համերգ կլինի, որը կտեւի 5 ժամ»,-պարզաբանեց Լիլի Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter