HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Հայ միգրանտները Փարիզում. ճանապարհները նրանց բերում են ետ՝ Հայաստան

Փարիզի մարդաշատ կայարաններից մեկում, ժխորի մեջ ականջս է ծակում մի ծանոթ մեղեդի: Մեղեդին մի պահ սթափեցնում է նաեւ շտապող անցորդներին, որոնք մոտենում են երաժշտին ու ժպիտով ունկնդրում իրենց անծանոթ մեղեդին: «Տեր, ողորմյա՜»-ն է: Կատարմամբ հիացած` անցորդները բացում են իրենց դրամապանակները:

Մի քանի մետաղադրամ է զրնգում կենտրոնում դրված տուփի մեջ: Ես կանգնած լսում եմ: «Տեր, ողորմյա՜»-ին հաջորդում է «Հայր մեր»-ը, հետո` «Հայրենիքես հեռացել եմ»: Մեր զրույցը դժվար ստացվեց, բայց դա սկիզբն էր, Կարինեն չէր վստահում սկզբում: Կարինե Գեւորգյանը Հայաստանը լքել է 2008-ին: Իր պատմելով` խնդիրներ ուներ Հայաստանում, վաճառեց տունը, 11 200 դոլար վճարեց իր եւ աղջկա վիզայի համար եւ եկավ Փարիզ: «Ինչու՞ Ֆրանսիան ընտրեցի, քանի որ հեռվից լսում էի, որ Ֆրանսիայում ավելի նորմալ է կյանքը: Բայց անպայման ետ գնալու պայմանով էի եկել»,- ասում է Կարինեն: Ֆրանսիայում, իհարկե, փոխվեցին բոլոր ակնկալիքները: Ապաստան խնդրելու հայցով մայրը եւ աղջիկը դիմեցին համապատասխան կառույցին, որը վերջիններիս միայն կացարանով ապահովեց: Ամսական երեք հարյուր եվրո նպաստը, որի մասին դեռ Հայաստանում էին զգուշացրել, այդպես էլ չստացան: Փոխարենը մի քանի ամիս յոթանասուն եվրոյի չափով գումար են ստացել, որը Փարիզում երկու անձի նույնիսկ սննդի ծախսերը հոգալու համար բավարար չէ: Նրանք երբեմն սննդամթերք են օգնություն ստացել: «Մեկ-մեկ օգնություն էին տալիս, ասում էին` հենց էսօր ժամկետն անցնում է, էսօր կերեք»,- հիշում է Կարինեն: Մեկ տարուց ավելի մայր ու աղջիկ ապրել են ծանր պայմաններում: Երկուսի առողջական վիճակն էլ վատացել է: Կարինե Գեւորգյանն էլ շատերի նման հավատացել է «եվրոպական հեշտ կյանքի հրաշքին»: Հայաստանում պատկերն իրեն այլ կերպ էին ներկայացրել: Լեզվին չտիրապետելով եւ չունենալով Ֆրանսիա մեկնելու ոչ մի հիմք` Կարինեին ու դստերը ինչպե՞ս հաջողվեց ստանալ այնքան դժվարությամբ տրվող մուտքի արտոնագիրը: Չցանկանալով անուններ տալ` Կ. Գեւորգյանը անկեղծորեն պատմեց, որ տարբեր մարդիկ են միջամտել ու գործը ավարտին հասցրել: Այդ «մարդկանց» ձեռքին կնիքներ են եղել, ու շատ արագ պատրաստվել են բոլոր փաստաթղթերը: Վերջում Ֆրանսիա մեկնողները շատ հեշտությամբ իրենց վիզան ստացել են Իտալիայի դեսպանատնից: «Գործը դասավորողները» Կ. Գեւորգյանին նախապես զգուշացրել էին անձնագիրը պահել ու ճշմարտությունը չասել: «Մի կին կար, եկել ասում էր` հանձնվելուց գնա ասա` մարդս թուրք է: Բայց ես չէի կարող: Երեք հարյուր եվրոն տալիս են նրանց, ովքեր խաբում են, ասում են` մարդը թուրք է: Ինձ ասել էին անձնագիրդ ցույց մի տուր, բայց չէին ասել, թե ինչու: Ես էլ ցույց տվեցի: Չգիտեի, որ փողից կզրկվեմ: Չեմ հասկանում, թե էդ որ մի հիմարն է, որ մտածում է, թե էստեղ լավ է: Ստոր բաների միջով են անցնում: Ասում եմ` գնացեք Հայաստան, ասում են` չէ, ստեղ մեզ լավ ենք զգում: Ի՞նչ են անում: Սրա-նրա տունն են մաքրում, գողություն են անում: Խորտակված վիճակում են: Բայց մեկ ա, դրանք նույն սոված հայերն են: Ավելի լավ չի՞ ամեն հայի պետականորեն հետեւեն: Բայց եթե պետական կնիքները տրված են հասարակ մարդկանց ձեռքը, ինչի՞ մասին է խոսքը»: Կարինե Գեւորգյանը պատմեց այն բոլոր դժվարությունների մասին, որոնք ստիպված հաղթահարել է աղջկա հետ այստեղ: Շուկայում գողացել են պայուսակը, որի մեջ անձնագրից բացի եղել է նաեւ գումար եւ իր անտիպ բանաստեղծությունների ընտրանին, որ հետը Ֆրանսիա էր բերել մի օր տպագրելու հույսով: Հայի շեմերը... Հին, մամռակալած, բայց չմոռացված, Դարձած մի մասունք իմ հոգու խորքում, Ինձ ուժ են տալիս եւ ինձ մասնատում, Հայի շեմերը... Այս բանաստեղծությունը Կարինեն արտասանեց Մոնմարտրի բարձունքում, արցունքն աչքերին: Նա շուտով աղջկա հետ վերադառնալու է Հայաստան: «Սրտիցս արյուն է կաթում էն մարդկանց համար, ովքեր չեն հասկացել` ինչը ինչի հետ են փոխում: Մարդիկ ասում են` խփեն, չեմ վերադառնա: Գոնե մինիմալ պայմաններ ստեղծվեն, աշխատատեղ ստեղծվի էդ «խփեն, չեմ գնա»-ների համար, չէ՞ որ նրանցից ծնված երեխան կարող է հանճար լինել ու մնալ օտար հողում»,- ասում է Կարինեն: Իհարկե, Հայաստանում Կարինեին ու դստերը նոր խնդիրներ են սպասվում: Տուն չունեն: Հույսները Ֆրանսիական էմիգրացիոն ու ինտեգրացիոն գրասենյակի կողմից տրամադրվող երկու հազար եվրոն է, որ տրվում է յուրաքանչյուր կամավոր վերադարձող չափահասի: «Ամենավատ շրջանում թեկուզ գոնե մի բան կարողանամ առնել, տանիք լինի գլխիս»,- ասում է կինը: Առանց տանիքի է մնացել նաեւ Սարգիս Ղազարյանը, որը կնոջ եւ չորս երեխաների հետ այս տարի է Ֆրանսիա եկել: Պատմությունը նույնն է: Սարգիսը վաճառել է տունը, յուրաքանչյուր վիզայի համար վճարել 5200 եվրո: Այնուհետեւ վիզաները հեշտությամբ ստացել է նույն Իտալիայի դեսպանատնից եւ ընտանիքի հետ եկել Ֆրանսիա: Գործ սարքողը երեւանցի է, նա տարիներ շարունակ կեղծ փաստաթղթեր ձեւակերպելով` Իտալիայի դեսպանատան միջոցով մարդկանց տեղափոխում է Ֆրանսիա: «Պատահական ծանոթացա այդ մարդու հետ: Ինձ պատմեց, խոստումներ տվեց: Խոստանում էր, որ ամսական թոշակ կտան, ապրելու տեղ: Նույնիսկ ասաց` երեխաների համար շոր մի վերցրեք: Պատմում էր, որ գնացած ընտանիքները մինչեւ հիմա զանգում են, իրեն շնորհակալություն են հայտնում: Ասում էր` երեխաները վաղը նորմալ ապագա կունենան: Ասում էր` որ գնաս տեսնես, կափսոսես, թե ինչու ես հայ ծնվել»,- հիշում է Սարգիսը: Միջնորդը պատմել էր նաեւ, որ կառավարությունում բարեկամ ունի, որն իրեն օգնում է: Ասել էր, որ մի քանի տարի է անում է այս գործը ու «չի բռնվել»: Սարգսի կինը պատմեց, որ իրենց հետ միեւնույն ինքնաթիռով Ֆրանսիա է եկել եւս երեք ընտանիք: Բոլորը միեւնույն մարդու միջոցով էին վիզա ստացել: Ֆրանսիայում նրանց դիմավորել էին «գործը դասավորողի» եղբայրն ու մայրը, կրկին գումար վերցրել զանազան մանր ծախսերի համար: «Էդ անձը մեզ խորհուդ էր տալիս, որ ադրբեջանցու անունով հանձնվենք, որ երկիրը մեզ ստատուս տա: Բայց ես որպես հայ մարդ չեմ ուզում երկրիս դավաճանեմ, պատմություններ պատմեմ: Ուղղակի խաբվել, եկել ենք, մտածում ենք ետ գնալու մասին»,- պատմեց Սարգիսը: Այս ընթացքում ծախսել են իրենց հետ բերած բոլոր խնայողությունները, այժմ պատրաստվում են հայրենիք վերադառնալ: Սակայն Հայաստանում այլեւս տուն չունեն: Ս. Ղազարյանը նշեց, որ ետդարձի դեպքում անպայման «լուծելու է հարցերը» այդ մարդու հետ, պահանջելու է գումարը: «Ես խաբված եմ, տունս կորցրել եմ»,- ասում է Սարգիսը: Ղազարյան եւ Գեւորգյան ընտանիքները միակը չեն: Այսօր դեռեւս շարունակվում է հայերի անօրինական հոսքը Ֆրանսիա: Շատ դեպքերում վիզա ձեռք բերելու համար ընտանիքները վաճառում են իրենց տունը, ինչը շատերի համար այրում է ետդարձի կամուրջը: Կիրակի օրը Փարիզի Հայկական եկեղեցում մի կին պատմեց, որ վերջերս եւս մի ընտանիք է հանձնվել` ապաստան ստանալու խնդրանքով: Մայրը եւ չորս անչափահաս երեխաները: Մայրն արդեն իսկ զղջում է Հայաստանը լքելու համար, սակայն չի կարող վերադառնալ, քանի որ Հայաստանում վաճառել է տունը:

Սեդա Գրիգորյան, Փարիզ Հ.Գ. Բոլոր անունները փոխված են: Ընտանիքների եւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան ցանցի մասին «Հետքը» կպատմի նրանց Հայաստան վերադառնալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter