HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ֆրանչեսկո Գալլոն համոզված է, որ Մինասին Իտալիայում կհասկանան

2010 թվականին Մինաս Ավետիսյանի 100-ից ավելի նկարները կցուցադրվեն Իտալիայի մի շարք քաղաքներում` Վենետիկում, Միլանում, Հռոմում, Ֆլորենցիայում, Նեապոլում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Իտալացի  ճանաչված արվեստաբան, Հռոմի եւ Պոլերմոյի համալսարանների պրոֆեսոր, Նեապոլի  Գեղեցիկի արվեստների ակադեմիայի դոկտոր-պրոֆեսոր   Ֆրանչեսկո Գալլոն:

Ֆրանչեսկո Գալլոն երկրորդ անգամ է Հայաստանում, ծանոթացել է  Մինասի արվեստին, այս այցի ընթացքում դասախոսություն կարդացել ԵՊՀ-ում եւ այժմ ցուցահանդես է կազմակերպելու Իտալիայում, որից հետո հույս ունի, որ ցուցահանդեսների մեծ հոսք կլինի, քանի որ ցուցահանդեսը ցուցահանդես է ծնում: «Մինասի գործերը Իտալիա տանելով, համոզված եմ, որ այնտեղ նրան բոլորը կհասկանան, որովհետեւ իրական արվեստը մեկնաբանության կարիք չունի»,-ասաց նա: Գալլոն պատահական  չի համարում այն, որ հայկական արվեստին առնչվելու մեծ հնարավորություն  է ստացել. «Ապրել եմ Վենետիկում եւ միշտ աչքիս առջեւ է եղել Սուրբ Ղազար կղզին` աշխարհի մշակութային հզորագույն հայկական կենտրոններից մեկը: Այնուհետեւ տեղափոխվել եմ Նեապոլ` Սուրբ Գրիգոր եկեղեցու հարեւանությամբ: Եվ սա է իրոք ճակատագիրը, այլ ձեւով չէր կարող լինել»: Պրոֆեսոր Գալլոն համոզված է, որ  արվեստը ժողովրդի պատմության մարմնավորումն է: Նա Հայաստանն ու Իտալիան համարում է եղբայրական ազգեր, քանի որ հունահռոմեական, լատինական մտածելակերպը մեզ համախմբում է: «Մեր մեջ ամեն ինչը` նույնիսկ օդը քրիստոնեական է: Արվեստն այն է, ինչ մենք ենք: Միայն ուժեղ ժողովուրդը կարող է հզոր արվեստ ունենալ, թույլերին դա հասու չէ: Մենք ենք ստիպում  ապրել այդ քարերին, հետեւաբար պատմությունը հենց մենք ենք»,- ասում է նա: Ֆրանչեսկո Գալոն  ասաց, որ Հայաստանում տեսել է  շատ հնագիտական վայրեր, եկեղեցիներ, խաչքարեր, եւ իր տեսածը վկայում է այն մասին, որ հայ ազգը խելացի է եւ հպարտ, որովհետեւ ներկայում մտածում է իր հզոր անցյալի մասին եւ դրանով կերտում նորը. «Արվեստը մի հորիզոն է, որին երբեք չի կարելի հասնել, բայց աղետալի կլինի, եթե մենք չհասնենք այդ հորիզոնին: Իսկ հայ արվեստագետներին խորհուրդ եմ տալիս, որ նրանք միայնակ չգործեն, շփվեն իրար հետ, մեծ ցուցահանդեսներ կազմակերպեն»: Պրոֆեսոր Գալլոն ցուցահանդեսի կոնկրետ ժամկետ չի նշում, քանի որ առաջնային նպատակ է համարում այն անթերի ու պրոֆեսիոնալ կազմակերպումը: Իսկ դրա համար երկար ժամանակ է պետք. «Ես մեծ երազանք ունեմ` Հայաստան բերել Լոնդոնի ամենամեծ պատկերասրահի տնօրեն, ձեր հայրենակից Լերի Կակոսյանին: Հուսով եմ, որ մի օր ինձ կհաջողվի»: Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկ Ավետիսյանն էլ ասաց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի բոլոր անհրաժեշտ նյութերը տրամադրվեն ու ցուցահանդեսը անթերի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter