HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Ես, վրձինս, կտավս... եւ կանայք»

Կառլոս Սայադյանի նկարների հիմնական հերոսը կինն է` իր թեթեւությամբ, ռոմանտիզմով, գերող նրբությամբ: Կանանց սիրահարը նշում է, որ հենց թույլ սեռի մեջ է տեսնում իր նկարների խնդրի` պլաստիկայի, կոմպոզիացիայի, ոգու, գեղեցկության լուծումը: Նրա խոսքերով` կնոջ կերպարն այդ ամենի մեջ հիանալի տեղավորվում է. «Կանանց արդեն վաղուց է, ինչ իմ երեւակայությունից եմ վերցնում:

Ժամանակին բնորդուհիներից էի նկարում, իսկ հիմա ոնց կուզեմ` կնկարեմ, կուզեմ` չաղ կնկարեմ, կուզեմ` նիհար, կուզեմ` կոլոտ, կուզեմ` բոյով... Իմ ուզած կերպարն եմ կերտում: Ամեն նկարիչ նկարչության մեջ պիտի ունենա իր ձեռագիրը, առանց դրա նկարչությունն արժեք չունի»: Նա իր բնապատկերներն էլ է ստանում երեւակայությամբ, սակայն նշում է, որ այն պետք է անչափ իրական լինի, անցկացված լինի սեփական «պրիզմայով» եւ չկրկնի այն, ինչ արդեն կա, բայց երբ դիտողը նայի, մտածի, թե տեսել է այդպիսի բան կամ կարող էր տեսնել:

16_11-k_sayadyan-1

Կյանքում ռեալիստ, արվեստի մեջ ռոմանտիկական ռեալիստ Կառլոս Սայադյանն առաջին անգամ ճանաչման է հասել արտերկրում` Խորհրդային Միության տարիներին: «1988 թվականին, 40 տարեկան էի արդեն, երբ առաջին անգամ փոխանակ ցուցադրվեի Հայաստանում, որտեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում, Սովետական Միությունը ներկայացրի Ռումինիայում` Բուխարեստում: Այնտեղ առաջին անգամ ես հասկացա, որ ինձնից ինչ-որ բան եմ ներկայացնում, որ իմ արածն ինչ-որ մեկին դուր է գալիս: Եվ դուր է գալիս այնպիսի մարդկանց, որոնց հետ կերազեի ծանոթ լինել. օրինակ` Ռումինիայի գեղարվեստի ակադեմիայի տնօրենը: Նա այնպես էր ինձ վերաբերվում, որ պատմեմ, կստացվի` գլուխ եմ գովում: Այն վերաբերմունքը, որ այստեղ չէի ստացել, գտա այնտեղ: Այ, դա էր ինձ համար ցավալի: Այստեղ նայում են ոչ թե այն բանին, թե արվեստ կա՞, թե՞ չկա, այլ` իրենց «թայֆի՞ց» ես, թե՞ «թայֆից» չես: Եթե իրենցից ես, ուրեմն լավն ես, եթե իրենցից չես, վատն ես: Դա է իրականությունը, որի համար ես ցավում եմ»,- ասում է նկարիչը:

16_11-k_sayadyan-2

 

Եվրոպական արվեստի աշխարհում առաջին մեծ հաջողությունից հետո Կառլոս Սայադյանը սկսեց մեծ թափով ու ոգեւորությամբ աշխատել: Հաջորդ անհատական ցուցահանդեսը կայացավ 1990 թվականին` Լոս Անջելեսում: Այդ ցուցահանդեսի բոլոր նկարները վաճառվեցին: Հետո Կառլոս Սայադյանն իր արվեստը ցուցադրեց բազում երկրներում` Լիբանան, Արաբական էմիրություններ, Հունաստան, ԱՄՆ, Փարիզ, Ամստերդամ եւ այլուր` ամեն տեղ արժանանալով հիացմունքի, ամեն տեղ վաճառելով տասնյակ նկարներ: Հայաստանում իր առաջին ցուցահանդեսը նա բացեց 1993 թվականին. «Շատ լավ եմ հիշում, մութ տարիներն էինգմութ էր, դրա համար բացեցի, որ մարդիկ գային, մի քիչ առնչվեին մշակույթին: Մոտ 10 օր տեւեց: Իրականում նորմալ է, եթե ԱՄՆ-ում ես վաճառել եմ մոտ 100, Եվրոպայում` մոտ 80, ապա Հայաստանում` 10 նկար: Չնայած կարծում եմ, որ երբեք ուշ չէ, ու արվեստը երբեք չի կորչում, եթե պետք է, այն վաղ թե ուշ կգնահատվի: Կառլոս Սայադյանն իրեն համարում է եվրոպական արվեստի հետնորդ, քանի որ հայկական դպրոց գոյություն չունի: Բայց նա չի առանձնացնում Եվրոպան Հայաստանից, քանի որ համեմատում է եվրոպական եւ հայկական քրիստոնեության զարգացմանը զուգահեռ մշակույթները. «Եթե համեմատենք, մեզ մոտ եղել է մանրանկարչությունը, այնտեղ` իկոնանկարչությունը, այնպես որ, եթե ես քրիստոնյա եմ, ուրեմն պիտի եվրոպական մշակույթի հետնորդ ինձ համարեմ` հիմնվելով եռաչափ նկարչության վրա` բարձրություն, լայնություն եւ խորություն: Դա շատ է օգնում, որ դրսում քեզ հեշտ ընկալեն, որովհետեւ դա նրանց ծանոթ է»:

16_11-k_sayadyan-3

 

Նկարիչը կարծում է, որ արվեստագետների համար շատ դժվար է մեծ աշխարհ դուրս գալ, այնտեղ հռչակ ձեռք բերել: Սակայն, երբ առաջին քայլն արված է, հետագան ավելի սահուն է կարգավորվում: «Իսկ Հայաստանում դնում ես, դնում ես` մեկ էլ փլվում է, ու ամեն ինչ նորից պիտի սկսես, որովհետեւ մենք պետություն չունենք...Երբ պետություն է մեջքիդ կանգնած, առաջ գնալը հեշտ է»: Այս դեպքում նաեւ դեր է խաղում երկրի, նրա արվեստի պատմության իմիջը: «Վերցնենք մի չեզոք երկիր, օրինակ` Էմիրությունները: Ես գնամ ցուցահանդես բացեմ ու մի ֆրանսիացի ցուցահանդես բացի: Ոչ ինձ են ճանաչում, ոչ` իրեն: Ուգմ գործերն ավելի լավ կգնան, իհարկե` ֆրանսիացու: Որովհետեւ նրանք գիտեն` ֆրանիսացին իգնչ է, ոգվ է, գոնե մոտավոր գիտեն ֆրանսիական արվեստը: Եւ միայն ֆրանսիացի լինելով` նա ունի շատ մեծ առավելություններ: Հային ոգվ գիտի»,- հարցնում է Կառլոսը: Կառլոս Սայադյանը սովորել է Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, այնուհետեւ` Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, իսկ հետո` Գեղարվեստաթատերական ինստիտուտում: «Ու մինչեւ հիմա էլ սովորում եմ: Ամեն օր իմ արվեստանոցում սովորում եմ, քանի որ ցանկացած մարդ, ով դադարում է սովորել, դադարում է գոյություն ունենալ: Շատ բան փոխվում է տարիքիդ հետ: Օրինակ` էմոցիան պակասում է, սակայն ավելանում է լոգիկան: Ես այնպիսի նկարներ ունեմ, որոնք նկարել եմ 20 տարի առաջ ու հիմա չեմ էլ կարող այդպես նկարել»,- բացատրում է նա: Ամեն պայմանականություններին դեմ նկարիչը չի ընդունում տարբեր միությունները կամ կոչումները:

Նրա խոսքերով` այդ միությունները սովետական շրջանից մնացած կառույցներ են, որոնք կոչված են հսկելու եւ սահմանափակելու արվեստագետին: Իսկ պետական կոչումները «լռեցնելու, «մերոնքական» դարձնելու ձեւ են», որով կրկին սահմանափակում են եւ վանդակում արվեստագետին. «Ազատ մարդ ու առավել եւս ազատ արվեստագետ պետք չէր Սովետին, այսօր էլ պետք չի Հայաստանին: Որովհետեւ երբ երկիրդ ֆեոդալական կարգով է քայլում, ազատությունը չի կարող խրախուսվել, իսկ նկարիչը պետք է ազատ լինի»: Դրա փոխարեն նկարիչն այլ ձեւ է առաջարկում. մի խումբ նկարիչներ, որոնք ստեղծագործական առումով նույն մտածելակերպն ունեն, համախմբվեն, ընդհանուր ֆոնդ ստեղծեն, խմբակային ցուցահանդեսներ կազմակերպեն, ճամփորդեն...

«Դա ուրիշ բան կլիներ, դա միայն առաջ կտաներ, կզարգացներ, շփումից նոր բաներ կստեղծվեին»,- ասում է Կառլոս Սայադյանը:

Աշխատասեր, իր գործին նվիրված այս մարդն իր ամենաբացասական գիծը ոչ դիվանագետ լինելն է համարում: Գտնում է, որ այս պայմաններում ավելի լավ կլիներ, եթե կարողանար լռել ու չարտահայտվել, սակայն չի կարողանում: Ֆինանսական վիճակից շատ չի բողոքում, ասում է, որ դրսում իր ֆրանսիացի ագենտի միջոցով վաճառվող նկարներով է կարողանում ապրել: Երազում է հայտնի նկարիչ դառնալ, որն առաջին հերթին կգնահատվի իր երկրում:

«Եթե ես հազար անգամ էլ ապրեի, հազար անգամ էլ նկարիչ կուզեի լինել: Որովհետեւ ես ոչ թե սիրում եմ իմ արվեստը, այլ ապրում եմ դրանով, շնչում եմ դրանով: Մարդուն կյանքը տրված է ինչ-որ բան թողնելու համար: Եթե ստացվում է, ուրեմն լավ է, քո կյանքը ստացվել է: Մարդը պիտի այս աշխարհում ապրի այնպես, ինչպես ծաղիկն է բացվում` բույր ու գեղեցկություն տարածելով, այդպես էլ մենք ծնվում ենք, որպեսզի մի բան ստեղծենք այս կյանքում, մի բան արարենք, մի բարի հետք թողնենք մեր հետեւից»,- եզրափակում է նկարիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter