HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սուրեն Սավադովը ՀՀ քաղաքացի չէ՞

16_11-s_savadov

58-ամյա Սուրեն Սավադովը, ինչպես 21 տարի առաջ` բռնագաղթելիս, այնպես էլ այսօր կացարան չունի: Մոտ մեկուկես տարի է, ինչ Սուրեն Սավադովը ապրում է` ուր պատահի: «Մի ծածկ էի տեսնում, անմիջապես մտնում էի էդտեղ ու գիշերում»,-ասում է նա:

Վերջինիս պատահաբար հանդիպել է հաշմանդամների աջակցության Կապանի «Ողջի» հասարակական կազմակերպության նախագահ Կամո Դավթյանն ու հետաքրքրվել նրա ճակատագրով: «Արդեն օրվա վերջ էր, դռները փակում էի, որ տուն գնամ,- հիշում է Կ. Դավթյանը,- խորդանոցից ձայներ լսեցի: Մտա` տեսնեմ ինչ-որ մեկը թերթերն ու գարդոնները գցել է գետնին ու պառկել»:

Իսկ խորդանոց կոչվածը նախկինում զուգարան է եղել ու այդ պահին լցված էր աղբակույտերով: Սավադովը հետո խոստովանել է Կ. Դավթյանին, որ արդեն 5 օր է` այդտեղ է քնում: Վերջինս Սավադովին առաջարկել է ժամանակավորապես հանգրվանել ՀԿ-ի գրասենյակում: Սուրեն Սավադովը մոր, եղբոր եւ քրոջ հետ Հայաստան է ներգաղթել 1988 թ.-ին: Նրանց ընտանիքը ապաստանել է Կապանում ապրող հորաքրոջ տանը: Գործող կարգի համաձայն` նրանք փախստականների հարցերի կոմիտեում հաշվառվել են ու ստացել փախստականի կարգավիճակ: «Հիշում եմ` ստացա 100 ռուբլի օգնություն: Երկրաշարժից հետո գնացի Սպիտակի շրջան ու որպես բանվոր աշխատեցի Սարալ գյուղում»,- հիշում է Սուրեն Սավադովը: Մեկ տարի անց նա տեղափոխվել է Երեւան եւ աշխատել Խարբերդի կոշիկի արտադրամասում: 1990 թ. սեպտեմբերին մեկնել է Սանկտ-Պետերբուրգ: Երեք տարի այստեղ աշխատելուց հետո տեղափոխվել է Մոսկվա:

Մի անգամ Մոսկվայի մետրոյից դուրս գալիս նրա վրա հարձակվել են եւ դաժանաբար ծեծել: Անգիտակից վիճակում Սուրենին տեղափոխել են հիվանդանոց: Հիվանդանոցից դուրս գալուց հետո, ժամանակավոր փաստաթղթերով, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան օգնությամբ տեղափոխվել է Երեւան, այնտեղից էլ` Կապան, քրոջ տուն: Սուրեն Սավադովը անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չունի` գողացել են: 4 տարի է առանց փաստաթղթերի է ապրում. սրա այգում է գործ անում, մյուսի գոմաղբն է տանում ու այդպես մի կերպ գոյատեւում է: Երկու տարի առաջ քույրը վաճառել է բնակարանը, մեկնել Կրասնոդար, ու արդեն հաշմանդամ Սուրենին քրոջ երեխաները չէին հանդուրժում ու չէին ուզում պահել: «Դե, ախր թոշակ էլ չեմ ստանում, որ տայի, մնայի իրենց հետ: Երեսիս ասացին` հազիվ ենք ապրում»,-պատմում է Ս. Սավադովը: «Ողջի» ՀԿ-ի նախագահը ձեռնամուխ է եղել Ս. Սավադովի փաստաթղթերի վերականգնմանը:

«Հիվանդ է, եթե փաստաթուղթ լիներ, հաշմանդամության կարգ կտային, իրեն էլ կտեղափոխեինք Արծվանիկի տարեցների տուն: Բայց ոչ մի բան հնարավոր չէ»,- ասում է Կ. Դավթյանը: Մոսկվայում ծեծի ենթարկվելուց հետո ոտքերի պոլիմելիտ հիվանդություն է ստացել, ձախ ոտքը կարճացել է:

Առկա փաստաթղթերով, վկայություններով` Կամո Դավթյանը նամակ է հղել ՀՀ նախագահին: Նախագահի աշխատակազմից էլ նամակը ուղարկել են ՕՎԻՐ, վերջինս էլ մերժել է` պատճառաբանելով, թե «առկա փաստաթղթերը բավարար չեն Սուրեն Սավադովին ՀՀ քաղաքացիություն տալու համար»: «Ողջի» ՀԿ-ի նախագահը որոշել է նորից դիմել ՀՀ նախագահին` այս անգամ մի քիչ վերափոխված խնդրանքով:

«ՀՀ նախագահին` ՀԿ-ում հաշվառված 4000 հաշմանդամների անունից խնդրելու եմ որեւէ կերպ Սուրեն Սավադովին տեղավորել Կապանի տարեցների կենտրոնում»,- ասում է Կ. Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter