HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Մեկ շաբաթից կմեկնարկի Ռեանիմանիան. ի՞նչ է խոստանում փառատոնը

Մեկ շաբաթից Երեւանում կմեկնարկի «ՌեԱնիմանիա» երեւանյան երրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Այն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 14-ից 19-ը:

Ինչպես եւ անցած 2 տարիներին, այս տարի եւս փառատոնի օրերին Երեւանում սպասվում են հյուրեր արտերկրից: Փառատոնը ստացել է 320 հայտադիմում 40 երկրներից: Ֆիլմերը մրցելու են 4 մրցութային անվանակարգերում:

Ի ուրախություն երեւանցիների, փառատոնն այս տարի ունենալու է նաեւ բացօթյա ցուցադրություններ, որոնց ժամանակ հանդիսատեսը միաժամանակ կվայելի անիմացիոն կինոարվեստը եւ երեւանյան աշնանային եղանակը: Բացօթյա ցուցադրությունների համար կազմակերպիչները նախատեսել են Սիրահարների այգին:

Ինչ վերաբերում է արտամրցութային ծրագրերին, փառատոնը ունենալու է 5 պրեմիերա: Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ այս տարի կոնկրետ շեշտադրում կա հայկական անիմացիայի վրա: Արդեն 3 տարիների ընթացքում հատուկ ռետրոսպեկտիվ ծրագրով ներկայացվում է 74-ամյա անիմացիայի պատմությունը: Այս տարի Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի հետ կապված «20-ամյա անկախ անիմացիա» խորագրով ներկայացվելու են հայկական անիմացիոն ֆիլմերը, որոնք նկարահանվել են Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:

Փառատոնն ունենալու է նաեւ հոբելյանական երեկոներ: Ներկայացվելու է անցած տարի մահացած ռեժիսոր եւ անիմատոր Աբրահամ Սահակյանի հիշատակի երեկոն, որտեղ կցուցադրվեն նրա աշխատանքները, ինչպես նաեւ հնարավորություն կլինի ծանոթանալ նրա ստեղծագործություններին կազմակերպվելիք ցուցահանդեսի ժամանակ: Փառատոնի շրջանակում կազմակերպվելու է նաեւ Նաիրա Մուրադյանի հոբելյանական երեկոն:

Հիշեցնենք, որ անցած տարի որպես փորձ «Ռեանիմանիա» փառատոնը Կինոկենտրոնի հետ միասին սկսեց մի ծրագիր` «Տաղանդների որս» անվանումով, որը նախատեսված էր երիտասարդ նկարիչների եւ դիզայներների համար, ովքեր ցանկություն ունեն անիմատոր դառնալ: Ծրագրի նպատակը նրանց անիմացիայի ասպարեզ մտցնելն է: Եվ ահա այս տարի արդեն փառատոնի ընթացքում կարող ենք դիտել սկսնակ անիմատորների առաջին փորձը` «Խավարասեր» կաճամետրաժ ֆիլմը: «Տաղանդների որս» ծրագիրն այս տարի կունենա իր շարունակությունը. կինոկենտրոնը խոստացել է մյուս տարվա դեբյուտային ծրագրերի համար նույնպես ֆինանսավորում տրամադրել:

Ոլորտի սիրահարների եւ պրոֆեսիոնալների համար կան եւս այլ ուրախալի իրադարձություններ: Երկրորդ անգամ Հայաստանում կգտնվի Stop-motion-ի համաշխարհային ճանաչում ունեցող Աարդման Ստուդիոն, եւ կվարի 6-օրյա մասնագիտական դասընթաց: Բացի այդ առաջին անգամ Հայաստան այցելող “First Squad” (2010) ֆիլմի հեղինակ Յոշիհարու Աշինոն կանցկացնի անիմեի մասնագիտական դասընթացներ, եւ կվարի դասախոսություն ճապոնական անիմացիայի պատմության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter