HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Մեղրեցիները պատրաստ են փակելու միջպետական ճանապարհը

Մեղրեցիները պատրաստվում են առաջիկա երեքշաբթի` նոյեմբերի 17-ին Մեղրիում հանրահավաք կազմակերպել ու բողոքել կառավարության այն որոշման դեմ, որով պիտի օպտիմալացվեն Մեղրիի ու Ագարակի բժշկական կենտրոնները: Հանրապետության մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագիրը հաստատվել էր 2006թ-ի նոյեմբերի 2-ի կառավարության որոշմամբ:

Եթե այդ ցանկում առանձին-առանձին էին Ագարակի ու Մեղրիի հիվանդանոցները, ապա 2009 թ. սեպտեմբերի 17-ին այդ որոշման մեջ որոշակի լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ընդունվել: Արդյունքում պետք է միավորվեն «Մեղրիի բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲ ընկերությունները՝ ստեղծելով  «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ընդ որում, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն ծառայությունները կմատուցվեն Ագարակի հիվանդանոցում, իսկ թերապեւտիկ, մանկական ծառայությունները՝ Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում, ասել է թե Մեղրիի պոլիկլինիկայի մասնաշենքում: Օպտիմալացման արդյունքում ազատվում են նաև մասնաշենքեր, որոնք կօտարվեն: Մասնավորապես, այդ ցանկում են Ագարակի հիվանդանոցի ծննդատան եւ ինֆեկցիոն, Մեղրիի բժշկական կենտրոնի մասնաշենքերը: «Ինչու, ինչի համար են ուզում շենքերը ծախել, քանդո՞ւմ են Մեղրին, ով պիտի առնի շենքերը, ում հրամանն են կատարում»,- վրդովված ասում  են մեղրեցիները:  Նրանք դեռեւս չեն ուզում հանդես գալ իրենց անուններով, վախենալով, որ կարող են կանխել կազմակերպվեիք բողոքի ակցիան: Վերջիներս օպտիմալացումից հետո ստիպված պետք է կտրեն 12 կմ հասնեն Ագարակ, որպեսզի օգտվեն  վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն ծառայություններից, նաև  ստացիոնար բուժումն է իրականացվելու Ագարակում, մեղրեցի հղի կանայք պետք է հասնեն Ագարակ քաղաքի հիվանդանոց: Մեղրիի հիվանդանոցի շենքը ավելի լավ տեղ է, քաղաքից դուրս, այգու մեջ, աղմկոտ չէ: Ագարակինը մաքսակետի ու զորամասի հարևանությամբ է: Մեղրիի հիվանդանոցի օպտիմալացումից ոչ միայն մեղրեցիներն են տուժում, այլ հարակից 9 գյուղերի` Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Թխկուտ, Վահրավար, Լեհվազ, Նռնաձոր, Ալվանք, Շվանիձոր գյուղերի բնակիչները: Բնականաբար կսրվի նաև սոցիալական իրավիճակը քաղաքում, գործազուրկների թիվը կավելանա: «Չենք թողնի շենքը օտարեն, դա պետք է Մեղրիին ու Մեղրիի հիվանդանոցը պիտի գործի: Հենց ընտրություն ա լինում, ասում են ՄԵղրին հարավային դարպասն է հանրապետության, Մեղրի փոխանակաման հարց չկա, բա հիմա, դանդաղ սպանդ են անում»,- ասում են մեղրեցիները` կարծելով  ֆինանսատնտեսական ճգնաժամի ստվերում որոշումը կփորձեն իրականացնել: Վերջիներս արդեն դիմել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին, կառավարությանը, միջազգային ու հասարակական կազմակերպություններին: Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը բոլորվին այլ կարծիքի է: Պաշտոնյան գտնում է, որ որոշումը իրականանալուց հետո, բարելավվելու է բուժսպասարկման ոլորտը: «Օպտիմալացման նպատակն այն է, որ միեւնույն ծառայություններն իրականացնող առանձին ստորաբաժանումների կենտրոնացմամբ ու միավորմամբ պետբյուջեի միջոցները ծախսվեն ավելի նպատակային՝ ուղղված բնակիչների առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը: Չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների պահպանման համար նախատեսված գումարները կուղղվեն նոր, ժամանակակից բուժսարքավորումների ձեռքբերմանը, դեղորայքով ապահովվածությանը, բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը: Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններում հաշվի է առնվել այն փաստը, որ Մեղրին սահմանամերձ գոտի է, հաշվի են առնվել աշխարհագրատեղանքային առումով կտրվածությունը ու ճանապարհատրանսպորտային հաղորդակցության դժվարությունները, ամրագրվել է, որ ե՛ւ Մեղրիում, ե՛ւ Ագարակում գործեն ստացիոնար ծառայություններ»,- լրագրողների հետ հանդիպումում նշել է Ա. Ծատրյանը: Մարզպետարանի վարչության պետը նաև գիտի մասնաշենքերի հետագա ճակատագիրը. Ագարակի հիվանդանոցի ազատված 2 մասնաշենքերից նորոգումից հետո կծառայի որպես բնակատեղի՝ հեռավոր այս շրջան գործուղված կամ այստեղ մշտապես գործունեություն հաստատելու ցանկություն հայտնած բժիշկների համար, իսկ մյուս մասնաշենքը հաշմանդամների համար վերականգնողական կենտրոն կդառնա: Մեղրիի մասնաշենքերի մասին պաշտոնյան ոչինչ չի ասում: Այստեղ էլ թերևս տեղին է մեղրեցիների վրդովմունքը ու նրանք նոյեմբերի 17-ից սկսում են պայքար: Նույնիսկ պատրաստ են փակելու Երևան-Մեղրի միջպետական 2 ճանապարհները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter