HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Համայնքին մնացած միակ շինությանը տեր դառնալու միտքը Սիզավետի նախկին համայնքապետին հանգիստ չի տալիս

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ փոքրիկ համայնքում կռիվ էր ընկել: Կռիվը հրահրողը նախկին համայնքապետ Գագիկ Քոթանջյանն է: Հոկտեմբերի 23-ին իրենց հեռավոր, սարերի մեջ կորած գյուղից սիզավետցիներն իջել էին Գյումրի` մարզպետի մոտ բողոքի:

Սիզավետցի տղամարդիկ Լիդա Նանյանին տեղեկացրել էին, որ գյուղի միակ չսեփականաշնորհած կառույցին` հանդիսության տանն ուզում է տեր դառնալ նախկին համայնքապետը. անգամ շինությանը կից ապօրինի շինարարություն է իրականացրել` հայտարարելով, թե խանութ է սարքում: Մարզպետը բորբոքված սիզավետցիներին հանգստացրել է` խոստանալով ընթացք տալ գործին եւ հետեւել, որ իր ղեկավարած մարզում ապօրինություններ չլինեն: Առավոտ կանուխ Սիզավետում էի: Գյուղում այդ ժամին տարօրինակ աշխուժություն էր տիրում: Պարզվեց` սիզավետցի երկու երիտասարդի բանակ են ճանապարհում, ու գյուղացիներն էլ այդ ժամին, երկու մասի բաժանված, ուտել-խմելով են զբաղված: Երբ իմացան, թե ինչ խնդրով եմ իրենց գյուղ այցելել, շենքի մոտ խմբված տղամարդկանցից մեկն անմիջապես տեղեկացրեց. «Էս էլ քո ուզած հարսանյաց տունը, քուր ջան, հըմի ըստեղ բանակի քեֆ է, մատաղ ենք էրել, համեցեք»: Հրավերը մերժեցի` պատճառաբանելով, որ համայնքապետին եմ փնտրում: Համայնքապետ Արարատ Պողոսյանին հանդիպեցի գյուղամիջում. շտապում էր Սիզավետ հասած լրագրողին ընդառաջ: Քանի որ մարզխորհրդի գրեթե բոլոր նիստերին լսել էի, որ Սիզավետը եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշ ունեցող համայնքներից է, նախ փորձեցի ճշտել, թե այդ ուղղությամբ ինչ տեղաշարժ է արձանագրվել վերջին ամիսներին: 23_11-sizavet-1

«Էսօրվա դրությամբ, այսինքն` նոյեմբերի 11-ի, 15 մլն պարտքից 3 մլն 800 հազարը հավաքել եմ ու մարզպետին խոստացել եմ մինչեւ տարեվերջ 1 մլն-ի չափ էլ հավաքել»,- տեղեկացրեց Արարատ Պողոսյանը: Նա հայտնեց, որ մարդիկ 1994 թ.-ից հարկ չեն մուծել եւ հիմա դժվարանում են, բայց դե իրենք էլ գիտեն, որ պիտի տան: «Այս տարվա հոկտեմբերի 29-ին երկու դատական հայց եմ ներկայացրել հողի հարկը բռնագանձելու համար»,- ասաց համայնքապետը: Ա. Պողոսյանը պատմեց, որ 2005 թ. նախկին համայնքապետ Գագիկ Քոթանջյանից համայնքապետարանն ընդունել է 35 մլն դրամ ապառքով: Համայնքապետարանի հաշվեհամարը 3 տարի կալանքի տակ է եղել: Ինքը 20 մլն դրամը կարողացել է փակել: 2006-2007 թթ. ստիպված է եղել գյուղում չբնակվող նախկին սիզավետցիների նկատմամբ հողի հարկի բռնագանձման 6 դատական հայց ներկայացնել: «Փոխանակ գյուղի հոգսերով զբաղվենք` դատարաններն ենք, հիմի էլ 2 հայց ունեմ ու սաղին էլ զգուշացրել եմ, որ չտվեցին` գործերը կուղարկեմ դատարան, թող ԴԱՀԿ-ն բռնագանձի»,- ասաց համայնքապետը: Հոկտեմբերի 10-ին գյուղ է այցելել մարզպետարանի տարածքային վարչության պետ Կառլեն Աբրահամյանը, իսկ հոկտեմբերի 26-ին` ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը: Երկու պաշտոնյաներն էլ ժողով են արել գյուղում, բացատրական աշխատանք տարել: «Շատ օգուտ էր իրանց գալը,- ասաց համայնքապետը,- ահագին տեղաշարժ եղավ: Աբրահամյանի ու Սիմոնյանի գալուց հետո բավականին մուծումներ են եղել»: Ներկայումս Սիզավետում 68 ընտանիքից ընդամենը 20-ն է մուծել բոլոր պարտքերը եւ 2009 թ. դրությամբ այլեւս հողի պարտք չունի: Այն, որ գյուղի բնակչության 60%-ը պարտք ունի, թվում է, թե հուզում էր միայն համայնքապետին: «Մի բան կանենք, էդ փողերը կուտանք, հեչ որ չէ` անասուն կծախենք,- հավատացրին սիզավետցիները,- մեր ամենամեծ հոգսը հմի մեր նախկին համայնքապետն է, որ տեռորի կենթարկե գյուղն ու գյուղապետին»: Բողոքեց նաեւ նախկին համայնքապետի հորեղբոր որդին` Ռուդիկ Քոթանջյանը: Վերջինս պատմեց, որ ով-ով` գոնե ինքը տեղյակ է, թե իր ազգականը գյուղում կառուցված երկու շինությունների գումարն ինչպես է յուրացրել ու դրանց համար նախատեսված շինանյութի համար քանդել գյուղի գոմերը: 23_11-sizavet-2

Վիճելի շինությունը, որ սիզավետցիները կոչում են հարսանյաց տուն, կառուցվել է 2003 թ. ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրով: 23_11-sizavet-3«Գագոն դաշնակցական է, ընտրություններին ըսավ` քվեարկե դաշնակցականների օգտին, չքվեարկեցի, բռնեց գործից հանեց: «Աշտարակ կաթ»-ի մեր գյուղի մասնաճյուղում հսկիչ կաշխատեի, էս գյուղին մենակ մե շենքմ է մնացել, որ անփող գյուղացին գոնե իրա տխրությունն ու ուրախությունը մեջն էնե, էն էլ կուզե զավթե անկուշտը»,- տեղեկացրեց Ռուդիկ Քոթանջյանը:

2003 թ. կառուցված շենքը պիտի ծառայեր իբրեւ մսուր-մանկապարտեզ: Սակայն ինչ-ինչ պատճառներով կառույցը չի ավարտվել, ծրագրի պատասխանատուներն էլ հրաժարվել են ընդունել կիսատ-պռատ արված կառույցը: Կառույցի վրա օգտագործվել է հիշատակված գոմերի շինանյութը, իսկ դուռ-լուսամուտը վերանորոգվող դպրոցից են բերել (այնտեղ պատուհաններն ու դռները փոխվել են): Այս տարի նախկին համայնքապետը որոշ շինարարական աշխատանքներ է կատարել նախկին մանկապարտեզի շենքում եւ հայտարարել, թե շենքն իրենն է: Հանդիսությունների տնից օգտվելու համար սիզավետցիները պետք է վճարեն. հոգեհանգստի արարողությունն արժե 30 հազար դրամ, իսկ հարսանիքը` 50 հազար դրամ: Գագիկ Քոթանջյանի հետ հանդիպման մտքից հրաժարվեցի, երբ 60-70 տարեկան մի տղամարդ, տեսնելով, որ զրուցում եմ Ռուդիկ Քոթանջյանի հետ, բավական հարձակողական տոնով հետաքրքրվեց, թե ինչե՞ր է պատմում եղբոր տղան, այնուհետեւ սպառնաց, որ հաշիվները տղայի հետ հետո կմաքրի, ու հայհոյելով հեռացավ: Համայնքապետը դիմել էր ոստիկանություն, որպեսզի արգելվի հանդիսության տանը կից խանութի ապօրինի շինարարությունը: Այնուհետեւ հարցում է ուղարկել ՄԱԿ-ի համաշխարհային ծրագրին` պարզելու, թե որքա՞ն գումար է տրամադրվել նախկին մսուր-մանկապարտեզի` ներկայիս հանդիսության տան կառուցման համար: Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը ներկայացրած գրությունով նա ցանկանում է պարզել` կառույցը սեփականատեր ունի՞, թե՞ ոչ: «Պատասխանը 40 օր հետո են ուղարկել, բա էդքան ուշացնել կլինի՞... էն էլ գրել են, թե իրենց կողմից իրականացվող հաշվառման աշխատանքները չեն ավարտվել. հենց ավարտվեն, կպատասխանեն,- դժգոհեց համայնքապետը,- ես սաղ օրենքով եմ անելու, հենց հարցումներիս պատասխանները եկան, կդիմեմ դատարան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter