HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ կողմը` երկրորդ ճակատ

Իհարկե, Թուրքիայի համար անսպասելի չէր Ադրբեջանի նյարդային ռեակցիան` իր հնարավոր դրսեւորումներով, երբ որոշեց Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել: Ընկալումը, որ միեւնույն է` Ադրբեջանը չի կարող վերջնականապես ու մեկընդմիշտ հրաժարվել իրենից, անսխալ է: Բավական շատ են այն կապերը, որոնց շնորհիվ Թուրքիան հիմա էլ չի կորցնում Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունները:

Եվ դրանց մեջ, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, Թուրքիայի էներգետիկ կապվածությունը, ավելի ճիշտ` կախվածությունն է Ադրբեջանից: Բավական երկար ժամանակ ու ջանք է պահանջվել երկու երկրներից` ունենալու համար այն էներգետիկ-տարանցիկ կառույցը, որ կա այսօր:

Եվ այդ կառույցում Ադրբեջանի տնտեսական ու ռազմական առաջըթնացն ապահովող հիմնական, նավթագազային գործոնն այսօր աշխատում է Թուրքիայի մասնակցության շնորհիվ: Ադրբեջանը միանգամից տնտեսական ու քաղաքական լոկոմոտիվ փոխելու ժամանակ ու լիարժեք հնարավորություն չունի:

Վստահաբար, Ռուսաստանում հասկանում էին, որ անգամ եթե Հայաստանին առաջ մղեն դեպի հայ-թուրքական հաշտեցման բացահայտ հարթություն` Հայաստանի համար ոչ նպաստավոր պայմաններով, միեւնույն է` մեծ ցանկության դեպքում էլ Հայաստանը չի կարող վերջնականապես ու մեկընդմիշտ հրաժարվել իրենցից:

Ու չնայած այս դեպքում եղբայրական կապերի մասին չէ խոսքը, ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի դեպքում է` բայց այդ կապերը (ավելի ճիշտ` էներգետիկ ու տրանսպորտային, ռազմական կախվածությունը) «եղբայրականից» պակաս ազդեցիկ չեն:

Նախքան հայ-թուրքական արձանագրությունների մասին հրապարակային հայտարարելը` օգոստոսի 5-ին, Թուրքիայում կնքվեցին ռուս-թուրքական մի շարք պայմանագրեր, որոնցով իրականություն կդառնա հաղորկցական նախկին համակարգերի դիվերսիֆիկացման խնդիրը: Այն դիվերսիֆիկացիան, որի անհրաժեշտության մասին այդքան շատ հայտարարում էին եվրոպացիներն ու ամերիկացիները, ավելի քիչ խոսելով` իրականություն է դարձնում Ռուսաստանը:

Ճիշտ է, եվրոպացիների պատկերացրած դիվերսիֆիկացիան պետք է նվազեցներ իրենց կախվածությունը ռուս-ուկրաինական եւ այլ երկկողմանի հարաբերությունների տատանումներից, մինչդեռ այս դեպքում էլ ավելի կմեծանա ռուսական ազդեցությունը եվրոպացիների վրա, ընդ որում` արդեն առանց ուկրաինացիների:

Գործարքը (եթե իրականություն դառնան բոլոր նախատեսված նախագծերը` «Հարավային հոսք», «Կապույտ հոսք-2») հանճարեղ է իր պարզությամբ ու սպասվող արդյունքներով մասնակից երկու կողմերի համար էլ. Ռուսաստանը թույլ չի տալիս իրականացնել իր տարածքները շրջանցող որեւէ էական հաղորդակցական ծրագիր, եւ շրջանցողը մղվում է երկրորդ պլան, իսկ Թուրքիան շեշտակի մեծացնում է եվրոպական քաղաքականություն վարելու եւ եվրոպական որոշումների վրա ազդելու իր հնարավորությունները:

Այն առավելագույնը, որ խոստացել էին եվրաինտեգրվող Թուրքիային` ԵՄ ոչ թե լիիրավ, այլ ասոցիացված անդամություն, չի կարող փարատել Թուրքիայի ինքնասիրությունը, չի կարող ծառայել եւ ներդաշնակել աշխարհաքաղաքական այն հնարավորություններին, որոնք բացվում են Թուրքիայի առջեւ եւ եվրոպական, եւ մերձավորարեւելյան, եւ կենտրոնասիական ուղղություններով` շնորհիվ ռուս-թուրքական գազային եւ այլ պայմանավորվածությունների:

Սա մի ծուղակ է հարավ-կովկասյան տարածաշրջանի` առանց բացառության բոլոր (եւ կարեւոր, եւ ածանցյալ) դերակատարների համար: Քանի որ ոչ նոր գործընկերային հարաբերություններն են ամրապնդվել այնքան, որ կարողանան հավակնել իրենց թելադրանքների անվերապահ կատարման, ոչ էլ հին կապերն են խզվել այն աստիճանի, որ թույլ տան կողմերին գործելու միայն ու միայն սեփական շահերի տեսանկյունից: Հաղորդակցական ուղիների բազմազանությունը էլ ավելի է սրում ընդհանուր անվտանգության ապահովման պահանջը:

Ուստի, Ղարաբաղյան կարգավորման մեջ էական տեղաշարժի արձանագրումը պարզապես կենսական անհրաժեշտություն է դարձել ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլեւ` որքան էլ տարօրինակ է, Ռուսաստանի համար:

Այս ուղղությամբ գործադրվող ջանքերի ու իրականացվող գործողությունների տրամաբանությամբ` Թուրքիան ի վիճակի է ազդելու ադրբեջանական, իսկ Ռուսաստանը` հայկական դիրքորոշումների վրա: Հետեւաբար, այս կամ այն կողմի անզիջողականությունը իր հերթին կարող է ռուս-թուրքական հարաբերություններում դիտարկվել որպես գործընկերոջ կողմից իր լծակները լիարժեք կիրառելու կամ տրամադրվածության, կամ ունակության բացակայություն:

Այս ամբողջ պատմության մեջ տարօրինակ ֆունկցիա է բաժին հասնում ԱՄՆ-ին: Տարօրինակ, քանի որ ի տարբերություն իր նախկին դիրքորոշման (երբ հայ-թուրքական հաշտեցման միակ ջատագովը ԱՄՆ-ն էր)` այսօր ռուս-թուրքական էներգետիկ գործարքը խափանելու եւ այլ բնագավառներում համագործակցությունը կասեցնելու համար խնդիր կա... տապալելու հայ-թուրքական հաշտեցումը:

Հատկապես Սարգսյան-Ալիեւ քիշնեւյան հանդիպման նախօրեին (հոկտեմբերի 8-ին) ամերիկյան տարբեր պաշտոնյաների արած հայտարարությունները, թե ղարաբաղյան կարգավորումը պետք է ընթանա իր ուրույն տրամաբանությամբ եւ կապ չունի հայ-թուրքական գործընթացի հետ, գոնե այդքանով դեմ է թուրք-ադրբեջանական սպասելիքներին:

Նույն խնդիրն են լուծում ամերիկյան կոնգրեսականների վերջին հայտարարություններն այն մասին, որ Ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է եւ չպետք է ստորադասվի հայ-թուրքական գործընթացին: Բոլորը լավ հասկանում են, որ Ղարաբաղյան կարգավորումը ճնշումներով առաջ մղելու ջանքերն էլ ի վերջո հասցնելու են հայ-թուրքական գործընթացի կամ սառեցման, կամ էլ տապալման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter