HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Սերը որպես քաղաքակրթությունների ժառանգություն

«Մի անգամ կտավ չունեի նկարելու համար, այդ շինարարության մեջ օտագործվող ցանցը աչքիս ընկավ, ձգեցի կտավի փոխարեն, ուզում էի գրունտ քսել վրան, հետո սկսեցի քաշքշել ու մի պորտրետ ստացա: Զարմացա, բայց անչափ հաճույք ստացա»,- իր արվեստանոցում պատմում է գեղանկարիչ Վիկտոր Գրիգորյանը:

Այդ դեպքից հետո նա զգացել է, որ ինչ-որ նոր բան է հայտնաբերել, որը նաեւ իրեն տանում է մի այլ տարածություն:  Գեղանկարչի աշխատանքները պատահաբար տեսա համացանցում: Երկար չէի կարողանում հասկանալ, թե ինչ նյութից են դրանք ստեղծված: Կարծես նկարների հերոսները դուրս էին եկել շրջանակներից ու մտել իրական աշխարհ: Երբ գտա Վ.Գրիգորյանի հեռախոսահամարը, զանգահարեցի եւ հարցրի հենց նյութի մասին: Վիկտոր Գրիգորյանը հստակ չասաց, սակայն հրավիրեց արվեստանոց` տեղում ծանոթանալու աշխատանքներին: Արվեստանոցում պարզվեց, որ կրքով եւ կնոջ էությանը բնորոշ ամեն մի մանրուքով լցված կերպարները գեղանկարիչը ստացել էր շինարարության մետաղական ցանցով: Եւ ահա նա այդ ցանցի վրա կերտել է կնոջը` հստակ դիմագծերով ու բնավորության գծերով: Վիկտոր Գրիգորյանը իր աշխատանքները ցուցադրել ու վաճառել է աշխարհի տարբեր ծայրերում, սակայն այսօր իր համար նոր ու անչափ հետաքրքիր այս ուղղությունը իրեն ընձեռել է նոր հնարավարություններ. նա դուրս է եկել ինչ-որ տեղ կաղապարող գեղանկարչությունից եւ ներխուժել դեռեւս ամբողջությամբ իր հնարավորությունները չբացահայտած աշխարհ: Վիկտոր Գրիգորյանը կարծում է, որ մարդիկ չպետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ նյութից են իր աշխատանքները, այլ պետք է ասելիքին նայեն, հասկանան, սիրեն կամ ոչ: «Կա ասելիք, կա միտք, սակայն արտահայտչամիջոցներն են տարբեր: Հիմա ես ռելիեֆն եմ ընտրել որպես արտահայտչամիջոց: Սա իմն է: Սա մի նյութ է, որը թույլ է տալիս թափանցիկության միջոցով տեսնել ներքին շերտը: Ես չեմ ուզում, որ մարդիկ խորանան, թե ինչ նյութով եմ մատուցում իմ ասելիքը: Ես ուզում եմ` նրանք նկատեն միայն մատուցման թեման»,- ասում է գեղանկարիչը: 23_11-v_grigoryan-1 Վ. Գրիգորյանը արդեն 9 տարի է, ինչ աշխատում է ցանցով եւ հենց սկզբից փորձում էր գտնել համախոհների, որովհետեւ համոզված էր, որ «հեծանիվ» չի հայտնաբերել, եւ իր նման մտածողներ հաստատ կգտնվեն: «Համացանցի միջոցով գտա այդպիսի մարդկանց, սակայն մեր մեջ ընդհանուրը միայն նյութն էր եւ ոչ թե թեման: Մարմարը կար մինչեւ Միքելանջելոն եւ կա Միքելանջելոյից հետո: Այստեղ կարեւորը Միքելանջելոն է, ոչ թե մարմարը»: Այսօր նկարիչը էսքիզներ է պատրաստում իր նոր գրաֆիկական աշխատանքների համար, որոնք էլ այնուհետեւ տանելու են դեպի նոր գեղանկարչություն, որով նկարիչը արդեն 3 տարի է, ինչ չի զբաղվել: Այս երեք մոտեցումներին (քանդակ, գեղանկարչություն, գրաֆիկա) միավորելու է մի վերնագիր` «Սերը որպես քաղաքակրթությունների ժառանգություն»: Այս վերնագիրը ներառելու է մի հսկայական ժառանգություն եւ ուսումնասիրելու հսկայական նյութ: «Սա շատ պլաստիկ թեմա է: Արվեստում հիանալի ժառանգություն կա, այնպիսի կլաս կա, որ է~...Ճապոնական փորագրանկարները, հունականում` խեցեգործության նմուշները, ֆրանսիականը երեւի թե ռոկոկոյով եմ պատկերացնում, անգլիականում, որ ոչինչ էլ չգտնեմ, հաստատ Ռոմեո եւ Ջուլիետը հավերժ կլինեն, ու ես կարող եմ վստահորեն դրանք օգտագործել: Իտալիայում` Դանթեն ու Բեատրիչեն կան ու կան, ու էլ չեմ խոսում «Դեկամերոնի» մասին... եւ այդպես շարունակ: Պարզապես պետք է գտնել յուրաքանչյուր ազգին բնորոշ մտածելակերպը: Այնքան հսկակայն նյութ կա, որ եթե ես դա անեմ, դրանից հետո կարող եմ արխային մեռնել»,- ծիծաղում է նկարիչը: Վիկտոր Գրիգորյանը, ցանցի թափանցիկությունը օգտագործելով, հասնում է հրաշալի էֆեկտի. նույն աշխատանքի ֆոները փոխելով` ստանում է այլ միջավայր ու այլ կերպար: Սակայն նրա պատկերացումները ոչ մի ընդհանրություն չունեն Վիկտոր Վազարելիի օպարտի հետ: «Ես կարող եմ մի աշխատանքիս հիման վրա մի ամբողջ ալբոմ տպել մի քանի հարյուր էջով: Այ սա է ամբողջ «կայֆը», ինձ սա է գրավում: Մի գործ ունեմ. մի աղջիկ է պառկած` կարծես ջրի մեջ սուզված, ջրի եւ նրա մարմնի թափանցիկության միջոցով այնպիսի էֆեկտ էի ստացել, որ ով տեսնում էր, գալիս ուզում էր անպայման մատով դիպչել, որ հասկանա, թե ինչ է»,- իր գործից ոգեւորված` պատմում է նա: Նկարիչը նշում է, որ իր աշխատանքների մեջ կա համադրում ` գրաֆիկայի, տարածականության, ֆորմայի, գույնի, լույսի, լազերային ճառագայթի: Այն միաժամանակ եւ գեղանկարչություն է, եւ քանդակ, եւ գրաֆիկա, եւ բոդի արտ, եւ բատիկա, միաժամանակ պարունակում է ժողովրդական արվեստի տարրեր` մետաղի գործ, դարբնություն: «Եթե ես ուզում եմ մի բան անել եւ եթե այդ նույն օրը չավարտեմ, հաջորդ օրը հաստատ էլ չեմ կարող անել: Դա գալիս է, եւ պահը պետք է օգտագործես: Ամառները քանի գիշեր չէի քնում ու փորձում էի ինձ ենթարկել մետաղյա ցանցի կտորները...ամբողջ հատակս արյուն էր...ամբողջ ձեռքերս` վերքերի մեջ... Բայց դրանից էլ էի «կայֆ» ստանում... Եւ ամեն անգամ, երբ սկսում եմ, կասկածում եմ, որ կկարողանամ ավարտել, ու ամեն ավարտելուց հետո կասկածում եմ, որ դա ես եմ ստեղծել: Ինձ մոտ տպավորություն կա, որ ես չեմ անում այդ ամենը: Եվ դա, չնայած տարակուսանքներիս, ինձ ստիպում է նորից ստեղծել, որպեսզի վերջնականապես պարզեմ` ե՞ս եմ անում դա, թե՞ ոչ, ու մինչեւ հիմա էլ չգիտեմ...»: Վիկտոր Գրիգորյանի գեղանկարներում եւ գրաֆիկաներում գերիշխողը ոսկեգույնը, կարմիրը եւ սեւն են: Այս գույներով բազում աշխատանքներ է ստեղծել, որոնք գտնվում են տարբեր երկրներում: Հսկայական ծավալի նկարները այսօր զարդարում են հայտնի մարդկանց տները: Վիկտոր Գրիգորյանն այդ ամենի մասին համեստորեն լռում է: «Սերը որպես քաղաքակրթությունների ժառանգություն». այս թեման նոր գաղափարներ է հուշում նկարչին. «Հիմա «համբույրներից» ուզում եմ անցնել ավելի կրքոտ, ավելի պլաստիկ, ավելի գունեղ ստեղծագործությունների, քանի որ այնտեղ էլ շատ ասելիք ունեմ»: Նկարիչը ամեն օր նոր բան է հղանում ու կարծում է, որ այդ ամենը իրեն դեռ շատ հեռու կտանի: Ամեն օր նկարիչը զրույց է սկսում: Իր փոքրիկ արվեստանոցում նա օրերով փակվում ու ստեղծագործում է, արտաքին աշխարհի հետ իր կապը պահում համացանցի միջոցով: Ասում է, որ վերջին ժամանակներում իր գործով չափազանց տարվելու պատճառով չի շփվում ընկերների հետ: Ամենօրյա նորությունները եւ անըդհատ փոփոխվող ծրագրերը անհնար են դարձնում ամփոփել Վիկտոր Գրիգորյանի աշխատանքը: Այդ պատճառով մենք պարբերաբար կանդրադառնանք նրա գործունեությանը: Նկարիչը խոստացավ միշտ պատմել իր ստեղծագործական նորությունների եւ ծրագրերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter