HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սամվել Կարապետյան. «Այսօր մենք ցավ ենք ապրում, որ Մուղնու Սբ. Գեւորգը կործանվեց, բայց դեռ կանգուն Սբ. Նշա՞նը ինչ վիճակում է»

30_11-mughniՄուղնու Սբ. Գրիգոր եկեղեցին շուրջ 35 մ բարձրություն ուներ եւ ուշագրավ հորինվածք: Մասնավորապես, արեւելյան ճակատում ընդգծված ձեւով արտացոլվում էին ավանդատները եւ ավագ խորանը: Նման հատակագծով ընդամենը 2 եկեղեցի ունեինք ամբողջ Վրաստանում: Երկրորդը ներկայիս Մարնեուլի շրջանի Շահումյան ավանի (նախկին Մեծ Շուլավեր) Սբ. Մեսրոպ եկեղեցին է, որն ուղղակի կրկնել է Մուղնու Սբ. Գեւորգի հատակագիծը:

Նոյեմբերի 19-ին Մուղնու Սբ. Գեւորգ եկեղեցին փլուզվեց: Այս խնդրի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

-Վթարային լինելու պատճառո՞վ փլուզվեց Թբիլիսիի Սբ. Գեւորգ եկեղեցին:

-Այո, վթարային էր եկեղեցու շենքը: Բայց իրականում այդ վթարային վիճակը տասնամյակների անխնամ վիճակի հետեւանք էր: Եկեղեցու վթարային վիճակի հասունացումը պետականորեն հովանավորվում էր Վրաստանի կողմից: Այսինքն` հատուկ հովանու ներքո էր շենքի փլուզման նախապատրաստությունը: Բնականաբար, եթե մի շենք վթարային է, որը պատմական արժեք է ներկայացնում, այդ շենքին անհրաժեշտ շուտափույթ միջոցառումներ են իրականացվում` ամրակայման, հենակներ են դնում. տարբեր ձեւեր կան: Օրինակ` Անի քաղաքում բոլոր մեր եկեղեցիները, որոնք նույնիսկ վթարային վիճակում չեն, այլ մի հատված, նույնիսկ 1-2 քար վթարային է, այդ 2 քարը թուրքերը ապահովել են հենակներով: Այսինքն` Մուղնու Սբ. Գեւորգ եկեղեցու համար պետք է նույն կարգի միջոցառումներ ձեռնարկվեին, որպեսզի շենքը, թեկուզ վթարային, կանգուն մնար: Պետությունը կարող է ասել. «Հիմա մենք բյուջե չունենք», բայց ամրակայման, վերջապես շենքը փլուզումից ապահովելու աշխատանքները կարող էին շատ համեստ գումարներով անել եւ շենքի գոյությունը ապահովել:

-Որեւէ մեկը Վրաստանի կառավարության առջեւ հարցը բարձրացրե՞լ էր, որ եթե եկեղեցին չվերանորոգվի, ի վերջո, փլուզվելու է:

-Գիտեմ, որ դեռ խորհրդային վերջին տարիներին` 1990 թ., Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունը նման հարց արծարծել է, բայց տեղյակ չեմ` դրանից հետո` վերջին 2 տասնամյակի ընթացքում, խնդիրը բարձրացվե՞լ է, թե՞ ոչ: Ենթադրում եմ, որ` ոչ:

-Սբ. Գեւորգը վրացականացված եկեղեցի չէ՞ր:

-Ոչ, վրացականացված չէր, որովհետեւ ինքը խիստ վթարային վիճակում էր, եւ վրացիները իրականում գիտեին, որ շենքը, այս ձեւով մի քանի տարի քարշ տալուց հետո, ինքը-ինքը պիտի փլվի: Դրա համար էլ չէին վրացականացնում: Վրացականացնելու համար վթարված այդ շենքը պիտի ահագին մեծ ծախսով նորոգեին: Բացի դրանից` Մուղնու Սբ. Գեւորգը` որպես հայկական եկեղեցի, Թիֆլիսի պատմության մեջ հայ համայնքի կյանքում դեր կատարած ամենաակնառու եկեղեցիներից էր: Այսինքն` դրա վրացականացնելը, բնականաբար, շատ մեծ ալիք պիտի բարձրացներ: Իրենք ավելի հարմար նկատեցին ուղղակի ազատվել շենքից` շենքը տարիներ անխնամ թողնելով: 88-89 թթ.-ի դրությամբ եկեղեցում Թբիլիսիի ժողարվեստի թանգարանն էր: Ներսում ցուցանմուշներ կային եւ այլն: 89 թ. թանգարանը փոխադրվեց այլ վայր. ամբողջ այդ ցուցանմուշները հանեցին: Ի դեպ, շենքն արդեն փոքրիկ ճաքեր ուներ: Անցյալ տարի առիթ եմ ունեցել լինել եկեղեցում, եւ անցյալ տարվա վիճակով այնպիսի ճաքեր կային, որ մարդը կարող էր ճաքից ներս մտնել: Երեւակայեք` ինչ ճաքերի մասին է խոսքը: Եվ 89-ից մինչեւ հիմա` ճիշտ 20 տարվա ընթացքում, ուղղակի հովանավորվեց եկեղեցու մոտալուտ փլուզումը:

-Ձեր կանխատեսմամբ` հիմա, երբ արդեն եկեղեցին փլուզված է, վերականգնման մասին խոսելը ավելո՞րդ է:

-Վստահ եմ` ավելորդ է, որովհետեւ շենքը, նախ եւ առաջ, ամբողջապես աղյուսաշեն է: Եվ երբ աղյուսաշեն եկեղեցիները փլուզվում են, ուղղակի աղյուսի ջարդոնի մի կույտի են վերածվում: Նույն տեսքը ընդունեց Հավլաբարում Շամքորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցին, որը պայթեցումով ավերվեց 1989-ի ապրիլին: Եվ նա էլ, ըստ էության, հնարավոր չէր վերականգնել, որովհետեւ աղյուսաշեն լինելով` ինքը ուղղակի մի հատ հողաթմբի է վերածվում: Վստահաբար, կորցրինք Մուղնու Սբ. Գեւորգը: Ճիշտն ասած, մենք Կարմիր Ավետարանի պայթեցմամբ ոչնչացնելու հետ կապված` ալիք չենք բարձրացրել, իսկ այս դեպքում շենքը ինքը-ինքը փլվեց: Օրինակ` տեղի հայ համայնքը պետությանը առաջարկել էր, որ ինքն իր ծախսով նորոգի Շամքորեցոցը, եւ ոչ միայն թույլ չտվեցին, այլեւ պայթեցումով ավերեցին: Չեմ իմանում` Մուղնու Սբ. Գեւորգի համար հայ համայնքից նման առաջարկ կառավարությանը եղե՞լ էր, թե՞ ոչ: Ենթադրում եմ, որ` ոչ, որովհետեւ այսօր մոտավորապես 80-100 հզ. հայ համայնք ունենք հենց Թբիլիսիում, Վրաստանում` ավելի շատ, եւ օրինակ` Սբ. Նշան եկեղեցին, որը մի քանի տարի առաջ հրդեհեցին, եւ մինչեւ հիմա, իհարկե, կանգուն է, ճաքեր չունի, բայց հրդեհից հետո ամայի, կեսավերակ մի շինություն է, եւ շենքը որպես զուգարան է օգտագործվում` 80-100 հզ. հայ համայնքի աչքի առաջ: Սբ. Գեւորգը եւ Սբ. Նշանը իրար հարեւանությամբ եկեղեցիներ են. մի քանի հարյուր մետրի խնդիր է: Մեկը տարիների անխնամ վիճակից փլուզվեց, եւ մեզ հայտնի չէ ոչ մեկ դիմում` Վրաստանի իշխանություններին, եկեղեցին հայ համայնքի կամ Առաջնորդարանի ուժերով (թեմ ունենք վերջապես) նորոգելու ցանկության հետ կապված: Նույնը Սբ. Նշանն է: Այսօր մենք Մուղնու Սբ. Գեւորգի համար ցավ ենք ապրում, որ կործանվեց, բայց դեռ կանգուն Սբ. Նշա՞նը ինչ վիճակում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter