HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Կորցնում ենք խաղողի հայկական տեսակները

15_09-xaxoxԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը խոսեց «Ֆիլոքսեռա» կոչվող խաղողի հիվանդությունից, որը վերջերս հայտնաբերվել է Էջմիածնում: Բանախոսը եզրակացնում է, որ այդ հիվանսդությունն այժմ ակտիվ վիճակում է, հետեւաբար վտանգի տակ են նաեւ հարակից շրջանները: «Եվ եթե մեր կառավարությունն այս պահին ոչ մի բան չձեռնարկի դրա դեմ, պատվաստումներ չանի, առաջիկա 7-8 տարիներին Արարատյան հարթավայրում խաղող չենք ունենա եւ  առաջիկա 15 տարիների չենք ունենա Վայոց Ձորում եւ նախալեռներում: Սա նշանակում է, որ մենք կանգնում ենք շատ լուրջ խնդիրների առջեւ: Փաստորեն, այս պահին ոչինչ չի արվել, քանի որ այդ այգին պետք է իզոլացվեր, ոչնչացվեր, իսկ այն բաց է, մուտքը` ազատ, եւ ցանկացած ոք ցանկացած պահի կարող է մտնել այնտեղ»: «Ֆիլոքսեռա» հիվանդությունը տարածվում է 50 կմ տարի արագությամբ: Այս հիվանդության հարուցիչը մի միջատ է, որը ապրում է խաղողի արմատներում: Այն  ծծում է արմատից բարձրացող հյութը եւ չի թողնում, որ հյութը բարձրանա դեպի տերեւներ, եւ բույսը առնվազն 5 տարում չորանում է: Այս հիվանդության դեմ պայքարի ոչ մի միջոց չկա: Նոբելյան մրցանակ է խոստացվել նրան, ով կհայտնաբերի «Ֆիլոքսեռա»-ի դեմ պայքարի արդյունավետ միջոց: 1850-ական թվականներին այն եկել է ԱՄՆ-ից, բայց քանի որ այն ամերիկյան աբորիգեն միջատ է, ամերիկյան վազերը դիմացկուն են դրա նկատմամբ: Այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում այժմ տարբերում են «Ֆիլոսեռա»-ի  երկու տեսակ` տերեւային եւ արմատային: Տերեւայինի դեպքում միջատը քամու միջոցով գալիս, նստում է վազի տերեւներին, իսկ հետո մեկ կամ երկու տարվա ընթացքում իջնում է դեպի արմատներ: «Թուրքիայում կա «Ֆիլոքսեռա», եւ թուքերը սկսել են պայքարի ծրագիր. այժմ տնկում են ամերիկյան վազերի վրա տնկիներ: Քամու միջոցով միջատները կտեղափոխվեն Հայաստան: Մինչեւ հիմա չեն տեղափոխվել, քանի որ տերեւային ձեւը միայն հատուկ է ամերիկյան վազերին: Բայց հիմա, երբ Թուրքիայում սկսեն տնկվել առաջին վազերը ամերիկյան արմատների վրա, «Ֆիլոքսեռան» Իգդիրից կամ հարակից շրջանների այգիներից քամու միջոցով կգա կնստի հայկական տերեւի վրա, հետո կիջնի հայկական արմատի վրա ու կվարակի այն»,- պարզաբանեց Ավագ Հարությունյանը: Բանախոսը փաստում է, որ այգիների փոխումը ֆինանսական տեսանկյունից Հայաստանի համար համարյա թե անհնար է, քանի որ մեկ հեկտար այգու տարածք փոխելն արժե առնվազն 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանն այսօր նման հնարավորություն չունի: Նա նշեց, որ եթե արմատն ամերիկյան տեսակով է փոխարինվում, խաղողն իր տեսակը չի փոխում: Ավագ Հարությունյանի խոսքերով` մեկ արմատակալն արժե 1-2 Եվրո: Բանախոսը նաև նշեց, որ 1984 թվականին արված հաշվառումների համաձայն` Հայաստանում կար մոտ 500 տեսակ խաղող: Այսօր որեւէ հաշվառում չի անցկացվել, բայց նրա խորին համոզմամբ` մնացել է մոտ 250-ը: Տեխնոլոգիական տեսանկյունից կարեւոր տեսակներից ի սպառ անհետացել են «Մուսկատները», եւ շատ քիչ մնացել է «ոսկեհատը», իսկ «Կախեթները» վերանալու շեմին են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter