HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Շուտով կկորցնենք Ռուսաստանը` որպես մեր կոնյակի սպառման շուկա»

Ասում է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը համարվում է «Տրիպսի» պայմանագրի անդամ, որտեղ թույլատրվում է օգտագործել «Հայկական կոնյակ» բառակապացությունը: Կա նաեւ Լիսաբոնյան համաձայնագիր, որի անդամները Եվրոմիության անդամ երկրներն են: Այդ երկրներում արգելված է «Հայկական կոնյակ» բառակապացությունը: Ռուսաստանը բանակցում է Եվրոմիության հետ, որ դառնա Լիսաբոնյան համաձայնագրի անդամ: Սա նշանակում է, որ շուտով մենք կկորցնենք Ռուսաստանը, որպես կոնյակի շուկա, կամ խիստ կնվազեն մեր կոնյակի արտահանման ծավալները:

«Այս հանգամանքն իր հետ կբերի կառուցվածքային փոփոխություններ: Կավելանա գինու արտահանման ծավալները, ինչը մենք հիմա չունենք, որովհետեւ ռուսական շուկան հիմա ակտիվորեն կլանում է հայկական կոնյակը եւ հարուստ արտադրողները կենտրոնացել են կոնյակի վրա: Նաեւ մենք այսօր չունենք անհրաժեշտ լավ տեխնոլոգիաներ, որպեսզի որակյալ գինի արտադրենք: Հենց, որ հարուստ արտադրողները կոնյակից անցնեն գինու արտադրությանը, մենք 3-5 տարում կլուծենք որակի այն մասը, որը կապված է բարձր տեխնոլոգիաների հետ»,- գտնում է Ա. Հարությունյանը: Իսկ ինչու՞ Հայաստանը բացի Ռուսաստանից չի կարողանում իր ապրանքն իրացնել այլ շուկաներում, հատկապես` արեւլյան շրջանում: Հարցին ի պատասխան` Ավագ Հարությունյանն ասաց. «Ինձ համար սա ցավալի հարց է: Չինաստանում ամեն տարի 2-3 անգամ ավելանում է ալկոհոլային խմիչքների ներքին սպառումը: Ամբողջ աշխարհի համար այսօր գերխնդիր է դարձել մտնել չինական շուկա, սակայն Հայաստանն անհայտ պատճառներով չի աշխատում այդ ուղղությամբ»: Բանախոսը կարծում է, որ այսօր Հայաստանը պետք է ստեղծի «այն ոսկե նիշը», որը ուներ մինչեւ 1991 թվականը. «Եթե 91 թ. հայկական գինիների մեջ մոտ 94 %-ը պորտվեյններ էին, եւ ընդամնեը 4 %-ն էր սեղանի գինի, հիմա 99 %-ով միայն սեղանի գինիներ ենք արտադրում: Այսինքն` մենք չունենք այն ոսկե նիշը, որով միշտ Հայաստանը փայլել էր. նկատի ունեմ պորտվեյններ, աղանդերային գինիներ, քաղցր գինիներ, լիկյորային գինիներ… Դա է օրիգինալ ճանապարհը, որով Հայաստանը պետք է գնա: Ի վերջո, մենք չենք կարող լինել Պապից ավելի կաթոլիկ, ավելի լավ է` մենք ունենանք սեփական ճանապարհը, որով չի գնում աշխարհի մեկ այլ երկիր»: Ավագ Հարությունյանը հայտնեց, որ այսօր համաշխարհային շուկան հայացքով շրջվել է դեպի խաղողի հայրենիք` հայկական լեռնաշխարհ: Դրանից փորձում են օգտվել Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը: «Հայ գինեգործների միությունը ծրագրեր է իրականացնում Թուրքիայի,Ադրբեջանի եւ Վրաստանի գինեգործների հետ, որի առաջին քայլն ընդհանուր «Կովկասյան գինի» բրենդի ստեղծումն է: Երկրորդ քայլը` տուրիզմի զարգացումն է, որը կունենա մի երթուղի` ընդգրկելով նշված 4 հանրապետությունները»,- ասաց Ա. Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter