HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Մշակույթի նախարարության խաղը վերածվել է էժանագին ներկայացման»

26_11-asulisԵրիտասարդական փորձարարական թատրոնի («Փոսի թատրոն») անձնակազմը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեղադրեց մշակույթի նախարարությանը, քանի որ ըստ նրանց` նախարարությունը փորձում է իրենց թատրոնը միավորել Արմեն Մազմանյանի «Գոյ» թատրոնին: Մշակույթի նախարարութության նման ցանկությունը «Փոսի թատրոնի» գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանը բացատրեց այն հանգամանքով, որ իրենց թատրոնը պետական կարգավիճակ ունի, իսկ «Գոյ» թատրոնը արդեն տեւական ժամանակ է պայքարում է այդ կարգավիճակի համար: «Փոսի թատրոնը» կցելով «Գոյ» թատրոնին, վերջինիս կշնորհվի պետական կարգավիճակ: Վերջերս թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստի ժամանակ «Փոսի թատրոնի» փոխտնօրեն Հերմինե Վահանյանի խոսքերով` տեղի է ունեցել ամենաաբսուրդ միջադեպը. «Նիստին ներկայացվել էր պիեսների 4 հայտ: Ներկա էին բոլորը, բացառությամբ մեկ հայտատուի, եւ, ի զարմանս ինձ, ընդունվեց այն գործը, որի հայտատուն ներկա չէր, ներկայացված չէր նաեւ բեմադրական ծախսերի նախահաշիվը: Նման բան ոչ մի տեղ չի կարող լինել: Դա աբսուրդ է»: Նրա խոսքերով` գեղարվեստական խորհրդի նիստից կես ժամ առաջ Արմեն Մազմազյանը հանդիպել է գեղարվեստական  խորհրդին եւ ուղղորդել է հենց այդ պիեսի`Արկադի Մանուկյանի բեմադրությամբ Էժեն Իոնեսկիի «Մակբեթ»-ի ընդունումը: Այս դեպքից հետո Հերմինե Վահանյանը արձանագրություն  է կազմել, որին կցել է իր հատուկ կարծիքը եւ ուղարկել Մշակույթի նախարարություն` այն հույսով, որ նախարարությունն ինչ-որ պատասխան կտա այդ «հանելուկային միջադեպի» վերաբերյալ: Սակայն նա պատասխան չի ստացել: 20 օր անց Հերմինե Վահանյանը իր «հատուկ կարծիքի» հետքերով գնում է մշակույթի նախարարություն: «Ես հանդիպեցի փոխնախարար Դավիթ Մուրադյանի հետ: Նա ինձ համոզում էր, որ դա շատ համակարգված աշխատանք է,ասում էր, որ ունի բարի միտում` մեր  թատրոնը հանել այս վիճակից (ես չգիտեմ, թե նա ինչ վիճակի մասին էր խոսում) եւ տանել կցել Մազմանյանի «Գոյ» թատրոնին: Նա բառացիորեն դա ասաց: Եվ տեսնելով իմ վրդովմունքը` նաեւ ավելացրեց. «Ինչո՞ւ քեզ չես տեսնում այդ նոր ծրագրում»»: Դրան հաջորդել է մեկ այլ իրադարձություն, ինչն ամրապնդել է Երիտասարդական փորձարարական թատրոնի անձնակազմի կասկածները: «Թատրոնի բոլոր աշխատակիցներին տրվել է մի արձանագրություն, որտեղ գրված է, որ շուտով լրանում է մեր աշխատանքային պայմանագրի ժամկետը: Ո´չ նշվում է հիմքը, ո´չ պատճառը: Ես կարդացած մարդ եմ, գիտեմ, որ նման ծանուցագիր է ուղարկվում, երբ հակառակ կողմն ուզում է խզել աշխատանքնային պայմանագիրը: Ես գիտեմ, որ վաղը նոյեմբերի 27-ն է, կարիք չկա ինձ ծանուցագրով դրա մասին հիշեցնել»,- վրդովվում է Կարեն Հովհաննիսյանը: Երիտասարդական փորձարարական թատրոնի անձնակազմին հայտնի չէ` պահպանվելու է իրենց թատերախումբը, թե ոչ: Սակայն մի բան «պարզ է, որ այս ամենը մշակույթի նախարարությունը սկսել էր մի քանի ամիս առաջ եւ այժմ այն վերածվել է էժանագին ներկայացման»: «Փոսի թատրոնի» փոխտնօրեն Հերմինե Վահանյանը նշեց, որ երեկ Արմեն Մազմանյանը հեռուստատեսությամբ ասել է, թե «ճզմում է եւ շարունակելու է ճզմել «Փոսի թատրոնը»»: Հերմինե Վահանյանը փորձեց մենկաբանել, թե ինչու է «Գոյ» թատրոնի ղեկավարը նման հայտարարություն արել. «Նա նշեց, որ «Փոսի թատրոնը» սկսեց կործանվել, երբ զրկվեց իր շենքից: Քավ լիցի, վերջին 4 տարվա ընթացքում մեր թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել 20 բեմադրություն: «Գոյ» թատրոնը չի կարող գոյատեւել մեր թատրոնի չգոյության հիման վրա, որովհետեւ մեր թատրոնն արդեն գոյություն ունի 30 տարի, եւ, վերջին հաշվով, սուր վերցնողը սրից էլ կընկնի: Ապաշխարեք…»,- խորհուրդ տվեց Հերմինե Վահանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter