HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կապանի հիվանդանոցի նորոգումը՝ տեղացիների ուժերով

Օրերս, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը պաշտոնավարման 1 տարվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսում մեկ անգամ ևս անդրադարձավ Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի նորոգման տարբեր ատյանների կողմից անընդհատ չարչրկվող խնդրին։ «Ես հույսեր չունեմ, որ կառավարությունը կամ առողջապահության նախարարությունը կլուծի հարցը։ Չնայած նախարարը, մարզպետը խոստացել են հարցը լուծել, ու հավաստիացնում են, որ 2010 թվականին 700 մլն դրամ են հատկացնելու։ Ես այս հարցում  թերահավատ եմ»,-ասել է  քաղաքապետը՝  կոչ անելով  գործարարներին սեփական միջոցներով նորոգելու գոնե մեկ սենյակ:

Քաղաքապետի համոզմամբ, գործարարների համար 1 մլն դրամը այնքան էլ մեծ գումար չէ, «մանավանդ այն դեպքում, երբ դա ուղղվում է բարեգործությանը»։  Ա. Աթայանը արդեն հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի մասնաշենքից 2 հիվանդասենյակի նորոգումը սկսել է։  Սյունիքի մարզկենտրոն Կապանում մարզային ենթակայության առողջապահական հաստատությունները բազմաթիվ հիմնախնդիրներ ունեն: Տարեցտարի լուծում չստանալով, դրանք ավելի են սրվում, կրկնակի մեծ ֆինանսական ներդրում են պահանջում, դառնում են սոցիալական լարվածության պատճառ:

«Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և բուժսարքավորումներով ապահովման համար անցած 1 տարվա ընթացքում բազմաթիվ քայլեր եմ ձեռնարկել: Այս պահի դրությամբ, բոլոր իմ ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել: Տրամաբանական և արդարացի կլիներ, եթե մի քանի տարածաշրջանների բնակչության սպասարկող բուժհաստատությունը ընդգրկվեր Համաշխարհային բանկի վարկային ծրագրում: Այնինչ առայսօր Կապանի հիվանդանոցում ներդրումներ կատարելու հարցը մնացել է առկախ։ Ես ամեն կերպ փորձելու եմ ամենատարբեր ատյաններում պաշտոնյաների ուշադրությունն ուղղել դեպի Կապան ու նաև դիմում եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենի բնօրրանի հանդեպ»-,ասված է Կապանի քաղաքապետի կոչում։

Քաղաքապետի կոչին արդեն արձագանքել են Կապանի Ճանշին ընկերության տնօրեն  Արարատ Կարապետյանը, «Հայռուսգազարդի« Սյունիքի ԳԳՄ տնօրեն Արթուր Խաչատրյանը, Հայէլցանցերի «Տաթև» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը, գործարարներ Կարեն Ոսկանյանը, Արայիկ Հարությունյանն ու Միքայել Մովսիսյանը։ Առայժմ պարզ չէ, թե ինչքան ներդրում են պատրաստվում անել վերջիներս, սակայն նրանք արդեն դիմել են քաղաքապետարան ու հայտնել իրենց պատրաստակամությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter