HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ի՞նչ կանեին Գեդիկյանի հերոսները մեր փոխարեն

27_11-GedikyanՖրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Ոճրագործության բանակ» (L'amee du crime)  ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 29-ին Մոսկվա կինոթատրոնում: Իսկ նրանց համար, ովքեր ցանկանւմ են ֆիլմը դիտել ֆրանսերեն բնագրով, այն կցուցադրվի դեկտեմբերի 1-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդեն Հայաստանում մի քանի օր գտնվող ռեժիսոր Գեդիկյանը ներկայացրեց իր ֆիլմը. «Ֆրանսիայի պատմության դրվագներից մեկն է, որը շատ կարեւոր եմ համարում: Պատմությունը տեղի է ունենում 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ իրենց երկրների բռնապետություններից խուսափած իտալացիները, իսպանացիները, ռումինացնիերը, լեհերը, հունգարացիները եւ հայերը եկել էին Ֆրանսիա`գտնելու հեղափոխության եւ լույսի, ազատության երկիրը: Բայց հանկարծ հայտնվում են ֆաշիստական լծի տակ»: Ռեժիսորը նշեց, որ չնայած ֆիլմում օգտագործված գերմանական զորքերը և, առհասարակ, գերմանացիները բնորոշվել են ոչ դրականորեն, ինքը նկատի է ունեցել միմիայն ֆաշիստական, նացիստական Գերմանիան եւ ոչ երբեք Գերմանիայի ժողովրդին: Ֆրանսիայում ապաստարան փնտրող այդ օտարերկրացի երիտասարդներն ընդամենը 17,18, 19 տարեկան են: Նրանք Ֆրանսիայում առաջինը եղան, ովքեր սկսեցին պայքարել ֆաշիստական բռնությունների դեմ: Ջոկատի մեջ խմբավորված երիտասարդները ձերբակալվում են ֆրանսիական ոստիկանության կողմից, որովհետեւ Ֆրանսիայի կառավարությունը համագործակցում էր Ֆաշիստական Գերմանիայի հետ: «Եվ այստեղ Ֆրանսիան և Գերմանիան միասին որոշում են մի խաղ խաղալ երիտասարդների գլխին: Ձերբակալելուց հետո երիտասարդներին, իհարկե, խոշտանգում են, հետո` սպասում, որպեսզի վերքրերը սպիանան, մի մասին էլ` ստիպում, որ մորուք թողնեն, որպեսզի ավազակի տեսք ստանան: Որից հետո էլ  ստեղծում են մի կարմիր աֆիշ ու վերնագրում «Ոճրագործների բանակ», որից էլ ծնվել է ֆիլմի վերնագիրը: Այդ կարմիր աֆիշի վրա փակցվում են բոլոր այդ երիտասարդների լուսանկարները, ներքեւում նշում են նրանց անունները, գրում, որ նրանք օտարերկրացիներ են, եւ բոլորը ավազակներ են, ովքեր պայքարում են Ֆրանսիական պետության դեմ»: Երիտասարդների ջոկատի ղեկավարը հայազգի Միսակ Մանուշյանն էր, որն իր կյանքի վերջում` ֆաշիստների  կողմից գնդակահարությունից մի քանի ժամ առաջ,  կնոջը գրել է մի նամակ, որի վերջում նշել է. «Ես ուղղակի մի բան գիտեմ, որ ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի նկատմամբ»: Գեդիկյանն ասաց, որ այս պատմությունը,  իր կարծիքով, երկրորդ համաշխարհային պատերազմի ամենասարսափելի էջերից մեկն է: Այս ֆիլմով նա ուզում է ցույց  տալ, որ թեկուզ այն ժամանակ մարդկանց մեջ հումանիզմը եւ մարդկային արժեքները շատ խորն էին, նրանք կարողացել են հասկանալ, որ այդ ամենը ժողովրդի հետ կապել չի կարելի: Դրանով իսկ վերջիններս ապացուցեցին, որ, լինելով տարբեր ազգերի, հավատքի ներկայացուցիչներ, իրենց համար համամարդկային արժեքներն ավելի բարձր են, քան միջազգային կոնֆլիկտները: «Մանուշյանի նամակը համաշխարհային պատմության եւ գրականության մեջ ամենագեղեցիկ նամակն է` գրված սիրելի կնոջը: Բոլորին խորհորդ կտամ այն անվերջ կարդալ, կարդալ եւ անգիր անել»,- ասում է ռեժիսորը: Ռոբեր Գեդիկյանը նշեց, թե չի ուզում, որ մարդիկ, դիտելով այդ ֆիլմը, մտածեն, թե ինչ կանեին հերոսների փոխարեն: Այլ ուզում է, որ դիտողները մտածեն, թե ֆիլմի հերոսներն այս պահին, մեր տեղը լինելով, ինչ կանեին: «Ոճրագործության բանակ» Ֆիլմի պրեմիերան Ֆրանսիայում եղել է այս տարվա սեպտեմբերին: Ֆիլմը ցուցադրվել է նաեւ Կաննի փառատոնի ոչ մրցութային մասում: Ֆիլմը գնվել է բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ Չինաստան կողմից: Հիմնականում հետաքրքրվում են Եվրոպական երկրները: Այս ֆիլմում հայազգի դերասան Սերժ Ավեդիկյանն էլ խաղացել է Միշա Ազնավուրյանի` Շառլ Ազնավուրի հոր դերը: Կրկին հայազգի, ֆրանսաբնակ դերասանուհի եւ պարուհի Քրիստինե Գալստյանը կատարում է Քնարի դերը, իսկ Մելինեի դերը մարմնավորել է Ֆրանսուհի: 27_11-S-Avedikyan«Կարծում եմ, որ մենք ֆիլմում շատ լավ զույգ ենք ներկայացնում: Միշան եւ Քնարն իրականում իրենք են ծանոթացրել Միսակին եւ Մելինեին: Կարծես, նրանք լինելով տարիքով մի փոքր մեծ, քան Միսակը եւ Մելինեն, հովանավոր են կանգնում երիտասարդ զույգին: Ֆիլմում կտեսնեք  հայկական զույգերի բարոյական հարաբերություն եւ մտերմություն: Կա նաեւ հումոր, որովհետեւ երբ ես հանդիպեցի Շառլ Ազնավուրին, որպեսզի նա խոսի իր հոր մասին, ասաց, որ հայրը միշտ շատ լավ հումոր է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ ինձ Գեդիկյանը ստիպեց երգել, քանի որ Միշային առանց երգելու անհնար էր պատկերել: Բայց ես երգիչ չեմ. ստիպված երգեցի` «Այսօր ես իմ յարին տեսա»: Մի երգ, որը Միշան երբեք չի երգել»,- ծիծաղելով ասաց Սերժ Ավեդիկյանը: Սիմոն Աբգարյանը, ով ֆիլմում մարմնավորել է Միսակ Մանուշյանին, այս երեկո կժամանի Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter