HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կինոյի  լեզվով` հակամարտությունների  լուծում

paraton_28.11.09

«Հակամարտությունների ռեսուրսներ» բրիտանական կազմակերպության ֆինանսավորմամբ Ստեփանակերտի մամուլի ակումբը, «Ինտերնյուս Հայաստան» և «Ինտերնյուս Ադրբեջան» կազմակերպությունները իրականացնում են ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Կինոերկխոսություններ» ծրագիրը: Նկարահանվել են 5 ադրբեջանական և 5 հայկական ֆիլմեր:

Ծրագիրը նպատակ ունի կինոյի լեզվով հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ անել: Մամուլի աջակցման «Ինտերնյուս» ՀԿ արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանը չի կարող ասել, թե ինչքանով կայացավ երկխոսությունը: Բայց մարդիկ, ըստ նրա, կարող են տեսնել, թե ինչ է կատարվում սահմանի այն կողմում: «Ոսկե ծիրան-2009» կինոփառատոնում այս ծրագրի ֆիլմերից մեկը` «Կովկասցի զարմուհին» ստացել է հատուկ դիպլոմ` վավերագրական կինոնկար անվանակարգում: Ֆիլմերը ցուցադրվել են Երևանում ու Արցախում: Ուրբաթ` նոյեմբերի 27-ին երիտասարդական միջոցառումների կազմակերպման Սյունիքի մարզային կենտրոնում կապանցիները հնարավորություն ունեցան դիտելու 4 ֆիլմ: «Պարտադիր պայման չէ ֆիլմերը ցուցադրելու հանրապետության այլ մարզերում: Պարզապես Կապանը եղել է հակամարտության գոտում, կապանցին ինքը զգացել է պատերազմը, այդ իսկ պատճառով մտածում եմ, որ կապանցիներին կհետաքրքրեն ֆիլմերը»,-ասաց Հ. Մանսուրյանը:

«Ամուր ընկույզ» ֆիլմը պատմում է ղարաբաղցի մի կնոջ մասին, ում ամուսինը գերի էր ընկել: Կինը չէր հուսահատվել, հավատացել է ամուսնու վերադարձին: Ու եթե հնարավորություն լիներ նորից վերսկսելու  իր կյանքը, նա կցանկանար վերապրել այդ ամենը: Ադրբեջանական «Վերածնունդ» ֆիլմի կույր հերոսն էլ է պատրաստ հարկ եղած դեպքում կրկին ձեռքը վերցնելու զենքը: Չնայած թե հայ, թե ադրբեջանցի կինոհերոսները խաղաղության կողմնակից են: Կապանցի 24-ամյա Մերի Ստեփանյանը, ով ներկա էր ցուցադրությանը, նշեց, որ «հարցը պետք է լուծել բանակցությունների միջոցով»: Կառլեն Թադևոսյանի կարծիքով էլ` «պետք է թույլ տալ պատերազմ, ու հետո մտածել, թե ինչպես լուծել կոնֆլիկտը»: Հարություն Մանսուրյանը քննարկմանը խոսեց կինոնկարների ստեղծման դժվարությունների մասին: Ադրբեջանական կողմը հատկապես դեմ էր այն տեսարաններին, որտեղ խոսվում էր արցախցու բնականոն կենսապայմանների մասին: Ըստ Հ. Մանսուրյանի` հայկական 5 ֆիլմերից 4-ը ցուցադրվել են Հայաստանի հեռուստաալիքներով: Ադրբեջանական ոչ մի ֆիլմ դեռևս մեզ մոտ եթերով չի ցուցադրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter