HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջրաձորի գյուղապետը պատրաստ է գյուղն անվանակոչել «Լիդա» միայն թե այն կառուցվի

Նոյեմբերի 18-ին, Ամասիայում կայացած մարզխորհրդի արտագնա նիստում, Ջրաձորի համայնապետ Գեւորգ Հովակյանը կատակով դիմեց Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին. «Տիկին Նանյան, գյուղս կառուցեք, պատրաստ եմ անունը փոխել «Լիդա» դնել: Մարդիկ մեղք են, գյուղից չեն ուզե դուրս գալ, բայց դե էդպես ապրելն էլ արդեն անհնար է»:

Ջրաձորն հիմնել են Բասենից եկած գաղթականները, 1820-ականներին: Խորհրդային տարիների գյուղը մինչեւ 600 բնակիչ է ունեցել, ներկայում 296 մարդ է ապրում Ջրաձորում, ընդամենը 75 ընտանիք: Գյուղի բնակֆոնդի 80%-ն ավերված է: Ջրաձորի 100-ամյա տները պարզապես չդիմացան երկրաշարժի ցնցումներին: Քանդված տների բնակիչները տեղափոխվեցին ապրելու տնակներում: «69 ընտանիք բնակարանի կարիք ունի,խարխուլ, կիսաքանդ տներում են ապրում,18 ընտանիք ունեմ տնակներում ապրող: Երկրաշարժից հետո էնպիսի գյուղերում տներ կառուցեցին, որ իմ կարծիքով դրա կարիքն էդքան էլ չունեին, բայց մեր գյուղն էլի դուրս մնաց ուշադրությունից: Էս սարի դոշին կպած կապրինք, քամու ու ձյան բերան, մի քիչ էլ մեզ ուշադրություն դարձնեն էլի, ինչ կլիներ որ, կարող է էս երկրի խորթ զավակն ենք»,-ասում է համայնքապետ Գեւորգ Հովակյանը: Անցյալ դարի 80-ականերին սկսեցին խոսել Կապսի ջրամբարի կառուցման մասին: Բավական խոշոր ծրագիր էր, որի համար հարկ էր, որպեսզի նոր ճանապարներ կառուցվեին, որոշ բնակավայրեր էլ պիտի տեղահանվեին: Ջրամբարի կառուցման վերաբերյալ խոսակցություններն առավել հուզում էին ջրաձորցիներին: Գյուղում մարդիկ դադարեցին նոր տներ կառուցել: Կապսի կառուցվելիք ջրամբարը ընդգրկելու էր գյուղի տարածքը եւ Ջրաձորը տեղափոխելու հրահանգ կար: Նոր Ջրաձորը պիտի կառուցվեր հին բնակատեղիից 5-6 կմ հեռավորության վրա, Գտաշեն գյուղի հարեւանությամբ: Երկրաշարժը խափանեց թե ջրամբարի կառուցումը, թե գյուղի տեղափոխումը: 30_11-jradzor-1

Գեւորգ Հովակյանը գյուղի կառուցման համար բազմիցս է բարձրաձայնել, բայց որեւէ դրական տեղաշարժ դեռ չկա: Մարզպետն առաջարկել է մի շենք կառուցել, կարիքավոր ընտանիքներին տեղափոխել, հարցը փակել: «Բայց դե դա ասելու բան է,-ուսերն է թոթվում գյուղապետը,-հլա էս գյուղի մեջ մի հատ ուղիղ տեղ ցույց տվեք, որ հետն էլ շենք են ուզում կառուցել, մենք հո քաղաքաբնակ չենք, էդ որ գյուղացին առանց գոմի յոլա կգնա»: Համայնքաետը հաշվարկել է, որ եթե կառավարությունն ամեն մի ընտանիքին 15 հազար դոլար գումար տա, մարդիկ տեղում իրենց տները կկառուցեն: «900 հազար դոլարի խնդիր է, որ էս երկրի մեծահարուստները մի քիչ կամեցող լինեն, իրանք էլ կֆինանսավորեն, պետության վրա չեն թողնի,-հաշվարկ է անում Գեւորգ Հովակյանը,-ախր մերոնք էլ չեն ուզե գյուղից դուրս գան, չեն ուզե որ գյուղը դատարկվի, բայց ապրելու տեղ չկա: Գյուղում ընտանիք կա, որ 14 հոգով մե տան մեջ են: Գյուղի ջահելները չեն նշանվի, որովհետեւ ապրելու տեղ չունին: Տուն պիտի էղնի չէ, որ մարդիկ էլ ուզենան ընտանիք կազմել»: Համայնքապետի առաջարկով ուղեւորվում ենք Ադամյանների տուն: Գերդաստանի հայրը` Վահագն Ադամյանը մի կողմից դժգոհ չէ, որ ապրում է շրջապատված 7 զավակներով, հարսներով ու թոռներով, բայց մի կողմից էլ հասկանում է, որ 21-րդ դարում ավանդական հայկական ընտանիքի կերպարը երիտասարդները դժվարությամբ են ընդունում: 30_11-jradzor-2«14 հոգով դժվար է էլի մի տան մեջ ապրելը, դրա համար էլ ստիպված եղա մի հատ տնակ ձեռք բերել, որ էն մի տղիս ընտանիքը գոնե առանձին քնելու տեղ ունենա,- ժպտալով պատմում է Վահագն Ադամյանը,- 6 տղա ունիմ, մե աղջիկմ, երկու հարս, երեք թոռ, հերքի չէ... 4 տղես էլ ամուսնացնելու են, բայց տուն չկա, ես էլ չեմ ուզե որ իրանք գյուղից դուրս գան, բայց դե 3 սենյակի մեջ ո՞ր մե աղջիկը հարս գուկա, էսքան մարդու մեջ»: Այս տարի Ադամյաններից մեկը արտագնա աշխատանքի է եղել, որոշ գումար է հետը բերել, գերդաստանի հայրը Գյումրիում փորձել է բերած գումարի չափով տուն գտնել, չի գտել: «Կուզեմ կառավարությանը նամակ գրեմ, ինչ խորհուրդ կտաք,-հարցնում է 54-ամյա Վահագնը,-գրեմ, որ էս երկրին 6 զինվոր եմ տվել,պատվով ծառայել, շնորհակալագրերով տուն են եկել ու հարցնեմ, թե էդ երկիրը հեչ չի ուզե մե ձեւով ինձի օգնած լինի, գոնե մի հատ տան հարց լուծի»: 30_11-jradzor-3Պետությունից դժգոհ է նաեւ Վահագնի կինը` Նատալիան: «7 երեխա եմ բերել, էն վախտն էլ հեչ մի օժանդակություն չենք տեսել, գոնե հիմի որ մեծացել են երեխեքս, գոնե հիմի ձեռք բռնեն: Եվրախորհուրդ կմտնինք, մարդիկ տաշտի մեջ կլողնան,բաղնիք չունինք, էն թիփուն ու սառնամանիքին էլ փետից զուգարան կերթանք, էս էլ եղավ կյանք»,-ծիծաղելով ասում է տիկին Նատալիան: Գյուղի վերակառուցման խնդրով մտահոգ համայնքապետը տեղեկացնում է, որ գյուղում պակասել է ծնելիությունը: Այս տարի ընդամենը 2 փոքրիկ են ծնվել Ջրաձորում: Դպրոց հաճախող երխաների թիվն էլ է կրճատվել: 45 երեխա է հաճախում գյուղի միջնակարգ դպրոց: Ջրաձորցիները բնակարանի պատճառով ոչ կարողանում են ամուսնանալ, ոչ էլ մեկ-երկու երեխա ավել ունենալ: Համայնքապետը տեղեկացրեց նաեւ, որ ջրաձորցիների տները կադաստրում գրանցված չեն, «գյուղը դուրս է գրված»: «Հա, հա ճիշտ է ասում, ախր պիտի գյուղը սովետի տարիներին հանեին էստեղից,-համայնքապետի ասածն հաստատում է Վ.Ադամյանը,-սովետի վախտով էլ էս տների փողերը ստացանք, որպես հատուցում, տարանք գցեցինք բանկը, ժաժքն ու անկախությունն եկան, սաղ կորցրինք»: 2 մլն դոտացիայով ու 2մլն 136 հազար սեփական եկամուտով գյուղում հնարավոր է ընդամենը գյուղամիջյան ճանապարհների հարթեցում կատարել, ձմռանն էլ ձյուն մաքրել, մեկ էլ դպրոցում իրականացվող միջացառումների ժամանակ որոշ չափով գումար տրամադրել: Որեւէ մեծ խնդիր այդ 4մլն-ով հնարավոր չէ լուծել: Համայնքապետն ինքն էլ 12 տարի տնակում է ապրել, ապա գնել գյուղից հեռացող ջրաձորցիներից մեկի տունը: 2002-ին, Գեւորգ Հովակյանը երբ համայնքապետ է ընտրվել, ստիպված է եղել 18 մլն աշխատավարձի պարտք փակել: «4 տարի առաջ նախկին համայնքապետն իրա աշխատակազմով մտավ դատարան աշխատավարձի պահանջով, դատարանն էլ հայցը բավարարեց: Ես կոպեկ-կոպեկ կհավաքեի, ԴԱՀԿ-ն կտաներ,-պատմում է համայնքապետ Գեւորգ Հովակյանը,-փաստորեն հարկեր չհավաքած համայքապետն իրեն ամիսը 100 հազար դրամ աշխատավարձ էր գրել ու վերջում էլ լրիվ ստացավ, իսկ ես 30 հազար դրամ կստանամ, 63 տոկոս սեփական եկամուտներս կկատարեմ, բայց ոչ մի կոպեկի օգուտ հարազատ գյու ղիս չեմ կրնա ցույց տա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter