HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ավել վաճառված տոմսե՞ր, թե՞ պարզապես թյուրիմացություն

03-12_bagrattourԵրեկ երեկոյան 10:45-ի «Երեւան-Ստամբուլ» չվերթը մեկ ժամ տասը րոպե ուշացումով է իրականացվել: Մեր թղթակցի փոխանցմամբ` բոլոր ուղեւորներին իջեցրել են ինքնաթիռից եւ երկրորդ անգամ անվտանգության զննում իրականացրել:

«Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց տեղի ունեցածը. «Երբ բոլոր ուղեւորները բարձրացել են ինքնաթիռ, երկու ուղեւորներ են հայտնվել, որոնք եւս տոմսեր ունեին: Թե ինչպես է դա տեղի ունեցել, «Բագրատ տուր»-ի ներքին խնդիրն է եւ նրանից պետք է ճշտել: Այդ պահին իրենք որոշել են, որ այդ երկու կանանց պետք է հանեն: Երբ մեկ ուղեւոր թեկուզ հանվում է ինքնաթիռից, պարտադիր ձեւով անվտանգության վերազննում են անցնում թե' օդանավը, թե' բոլոր ուղեւորները: Բոլոր ուղեւորներին ինքնաթիռից իջեցրել են ըստ կանոնակարգի պահանջների»: Չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերության ավիատոմսեր վաճառող «Բագրատ տուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանից տեղեկացանք, որ չնայած վերը նշված կանանց անունները գրանցված չեն եղել իրենց ցուցակում, սակայն նրանք տոմսեր են ունեցել: «Բանն այն է, որ տոմսերը վաճառող «Դեբիտ տուր» ընկերության դիսպետչերը շփոթել է ամսաթվերը եւ դեկտեմբերի 7-ի փոխարեն գրանցել դեկտեմբերի 2-ը»: Իսկ «Դեբիտ տուր»-ի տնօրեն Գրիգոր Բալյանի խոսքերով` շփոթության պատճառը ինֆորմացիայի փոխանցման հետ է կապված. «Ամեն դեպքում, դիսպետչերների մեղքով է եղել` թե' մեր, թե' «Բագրատ տուր»-ի: Երբ մենք տոմս ենք գրանցում, տվյալները ուղարկում ենք «Բագրատ տուր»-ին` որպես գլխավոր գրասենյակի, որ այսինչ անուն ազգանունով տոմս է գրվել: Հիմա մեր աղջիկը ասում է, որ ինքն այդ ինֆորմացիան տվել է, «Բագրատ տուր»-ը ասում է` չենք ստացել: Իսկ այդ ինֆորմացիան համակարգչի մեջ չի պահվում: Թյուրիմացություն է եղել»: Վերոնշյալ կանայք, ըստ Գրիգոր Բալյանի, ապահովվել են դեկտեմբերի 7-ի չվերթի տոմսով: «Բագրատ տուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանն ասաց, որ այս տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր: Նշենք, որ «Հետք»-ին հայտնի են նմանատիպ այլ դեպքեր, երբ «Երեւան-Ստամբուլ» չվերթի ժամանակ տոմսեր ունեցող ուղեւորները չեն կարողացել թռչել ինքնաթիռում բոլոր տեղերն արդեն զբաղեցված լինելու պատճառով: Այս մասին կարդացեք Հետքում առաջիկա օրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter