HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Դինո Գոլդ Մայնինգը» տեղյակ չէ ԴԱՀԿ-ի արգելանքի մասին

dino-gold_18.11.09

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Շահումյան ավանի սեփականատերերի նոր հայցն ընդդեմ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի»: Այս անգամ ևս գործը դատավոր Անահիտ Թումանյանի վարույթում է, իսկ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 25-ին։ Հիշեցնենք, որ երկու անգամ դատարանը մերժել է հայցը՝ նշելով, որ գործի նյութերում բացակայում են ապացույցները։ Միաժամանակ դատարանը արգելանք է դրել հանքի շահագործման  վրա։

Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը  «Սոսի» հեռուստաընկերության հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ դատարանի կողմից ուղարկված կատարողական թերթիկով  պետք է միջոցառումներ իրականացվեն «կանխելու մարդկանց կյանքի և առողջության համար ռիսկերը»։ Իրավաբանների  կարծիքով, «դատավորը հստակ չի ձևակերպել իր որոշումը, այսինքն՝ կոնկրետ գործողություններ կիրառելու մասին  ոչինչ չի նշել։ Այնուամենայնիվ, հարկադիր կատարման ծառայությունը ապահովել է հայցը, ձեռնարկել է միջոցներ՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությանը պարտավորեցնելով «չշահագործել հանքը»։ «Եթե ձեռնարկությունը չկատարի այս որոշումը, ապա գործող կարգի համաձայն՝ կտուգանվի»,-ասաց Ռուբեն Գրդզելյանը:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունում տեղյակ չեն արգելանքի մասին։ Ըստ ընկերության շահերը պաշտպանող իրավաբանական կազմակերպության ներկայացուցիչ Աշոտ Հայրումյանի՝  վարույթը կարճվել է։ Նա խորհուրդ տվեց դիմել մյուս կողմի իրավաբանին։ Դատարանում «էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման»  ՀԿ-ի շահերը պաշտպանող փաստաբան Իրա Մանուկյանն էլ նշեց, որ գործի վարույթը շարունակվում է, արգելանքը չի հանվել։

«Պարոն Հայրումյանը սխալվում է»,-ասաց նա։ ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարը նույնպես բացառեց այն փաստը, որ ձեռնարկությունը տեղեկացված չէ: Սույն գործով զբաղվող  «էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման»  ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանից փորձեցինք տեղեկություններ ստանալ: Վերջինս նշեց, որ  մեր հարցերին կպատասխանի  միայն փոստով  պաշտոնական գրություն ստանալուց հետո։

Հետաքրքիր է, որ այլ դեպքերում, ասենք, երբ ՀԿ-ները հերթական դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում, անպայման հրավիրում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ավելին, ստորագրել են տալիս ինչ-որ ցուցակներ: Իսկ հետո արդեն ԶԼՄ-ի հետ խոսում են միայն պաշտոնական գրություններով: Իսկ դատավոր Անահիտ Թումանյանի նիստերի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ դատավորը զբաղված է ու չի կարող ժամանակ  տրամադրել մեզ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter