HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Հայ արվեստը համաշխարհային համացանցում

05-12_harartՄի խումբ արվեստագետների եւ ինչպես իրենք են իրենց անվանում` էնտուզիաստների կողմից ստեղծվել է մի կայք` http://arartplatform.com, որտեղ ներկայացված են հայազգի 10 նկարիչներ իրենց մոտ 20-ական նկարներով: Այս ծրագրի մարքեթինգի պատասխանատու Ալբերտ Պողոսյանի խոսքերով` իրենց 8 անդամների գլխավոր նպատակն է հայ արվեստը ներկայացնել աշխարհին, ստեղծել Արմենիայի` որպես արվեստի, ստեղծագործ հասարակության երկրի բրենդ:

«Այս փոքր երկրում, իմ հաշվարկներով, կա մոտ 150 պրոֆեսիոնալ եւ հրաշալի նկարիչներ: Շատ փոքր եւ այսքան տաղանդ ունեցող երկրի բրենդը պետք է որ լինի այդպիսին»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Ալբերտը: Սակայն այս կայքի հնարավորությունները միայն նկարիչների օրիգինալ աշխատանքները ցուցադրելն ու վաճառելը չէ: Հետաքրքիր եւ առաջադեմ մտածողությամբ օժտված այս երիտասարդների խումբը ավելի հեռուն է գնացել, ինչի շնորհիվ այսօր երկրագնդի ցանկացած ծայրի բնակիչ կարող է իրեն կոշիկ, մարզաշապիկ, բաժակ, պոստեր կամ պայուսակ պատվիրել օրինակ նկարիչ Արարատ Սարգսյանի նկարներից որեւէ մեկով: ArArtPlatform-ի թիմը համագործակցություն է հաստատել ինտերնետային մի շարք կազմակերպությունների` ebay, imagekind, artsit/rising, red bubble, zuzzle եւ այլնի հետ, որոնց միջոցով էլ կիրականցվի տարբեր ապրանքների վրա հայ արվեստի գործերը պատկերելը: 05-12_Albert-Poxosyan«Այս ամենի ամբողջ հաճույքն այն է, որ պատվիրատուն ինքն է դիզայնը ընտրում, թե ինչպիսին պատվիրի իր կոշիկը կամ պայուսակը եւ պատվիրում է նշված կազմապերպություններից, եւ նրան առաքում են այն, իսկ նկարիչները իրենց տոկոսները ստանում են ցանկացած վաճառքից: Բայց այս ամենի նպատակը հայկական արվեստի տարածումն է: Մենք ուզում ենք արվեստը միշտ կենտրոնում պահել»,-ասում է Ալբերտ Պողոսյանը: Նրա խոսքերով` այս ծրագիրը չունի այլընտրանք ողջ աշխարհում: Իրականացնողները իրենց առջեւ նպատակ են դրել ամեն երկու ամիսը մեկ եւս տասը նկարիչ ավելացնել: Նկարիչների ընտրության հաշվում նրանք խորհրդակցում են բազմաթիվ մասնագետների, նկարիչների, արվեստագետների հետ: Եվ այս պահին կայքում առկա 10 նկարիչները`Արարատ Սարգսյանը, Հրաչ Ավագյանը, Կարեն Առաքելյանը, Մայիս Մխիթարյանը, Անի Ռաշոյանը, Աղասի Թալալյանը, Արարատ Մինասյանը, Հասմիկ Ավետիսյանը, Հրանտ Թաթոսը, Սեւադա Գրիգորյանը, ունեն իրենց անհատական կայքէջերը, որտեղ կան նրանց կենսագրությունը, անձնական նկարները, աշխատանքները: Բոլոր 10 նկարիչները բավականին տարբերվում են իրենց աշխատանքներով` յուրաքանչյուրն ունի իր ոճը եւ իր ասելիքը: «Սակայն նրանց բոլորի մեջ կա մի ընդհանուր բան. բոլորը կրեատիվ են, ունեն նոր բան ստեղծելու ձգտումն ու գաղափարները: Կարեւորը որ ասելիքը հնացած չլինի»,-նշում է Ալբերտ Պողոսյանը: Ծրագրի մարքեթինգի պատասխանատուի հիմնական երազանքը այսօր իրենց կայքում նման ձեւով նաեւ մեր մեծերին ներկայացնել է` Փարաջանով, Երվանդ Քոչար, Մարտիրոս Սարյան եւ Մինաս: «Հիմա ինչ ուզես կարող ես առնել` Պիկասո, Վան Գոգ...ամեն ինչ կա, բայց Սարյան, չկա, Մինաս չկա…Մանավանդ Փարաջանովի վերջին ալբոմը հրաշալի է, եւ կարծում եմ, որ մեծ պահանջարկ կլինի աշխարհում: Նրանց ներակայացնելն ավելի հեշտ կլինի»: Ալբերտն ասում է, որ իրենք երբեմն կատակում են, թե մշակույթի նախարարության գործն են անում: ArArtPlatform-ի նպատակը մեր նկարիչների բրենդը ստեղծելն է, որպեսզի նրանց մասին գրեն համաշխարհային արվեստի թերթերում: Կայքում վաճառվող նկարները տատանվում են 600-ից մինչեւ 50.000 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter