HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարալիկում 50 ընտանիք կարող է դառնալ անօթեւան

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կառուցվելու է սոցիալական թաղամաս: Ծրագիրն իրականացնող Քաղաքաշինության նախարարության նպատակն է այստեղ բնակեցնել Լոռու եւ Շիրակի մարզերի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած միայնակ ծերերին: Ապագա թաղամասի 1-ին շենքն արդեն պատրաստ է ու հավանաբար այն էլ Գյումրիի 8 բազմաբնակարան շենքերի հետ միասին շահագործման կհանձնվի այս ամսվա ընթացքում:

«Եթե ինձ եք հարցնում, ապա ես դեմ եմ այդ ծրագրին,-ասում է Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը,- մի քանի տարի է դիմում եմ կառավարությանը, թե լատիշ շինարարների կոմից կառուցված ու 90-ականներից կիսատ թողած մոնոլիտ-բեոտոնյա կոնստրուկցիայով շենքերն ավարտեք, Մարալիկի բնակֆոնդը բարելավվի, աճող ընտանիքներին կարողանամ բնակարանով ապահովել: Դրա փոխարեն որոշեցին սոցիալական թաղամաս կառուցել»: Մարալիկ քաղաքի սկզբնամասում քաղաքապետի նկարագրած 9 կիսակառույց շենք կա, որոնք լատիշ շինարարները սկսել էին կառուցել երկրաշարժից հետո եւ կիսատ էր մնացել: Մարալիկում ներկայում 3 անօթեւան ընտանիք կա, սակայն 50 ընտանիք էլ կդառնան անօթեւան, եթե 2-րդ փողոցի 5-րդ շենքի ճակատագիրն այս անգամ էլ հանձնվի ճգնաժամի տնօրինությանը: 20 տարի է նշված շենքի բնակիչները փորձում են իրենց խնդիրը լսելի ու տեսանելի դարձնել պատկան ատյաններին: «Վերջերս Մարալիկ էր եկել Շիրակի մարզպետը, մենք նորից բարձրաձայնեցիք մեր խնդրի մասին մարզպետն էլ, թե ,գիտեք որ Գյումրիում 80-ից ավել վթարային շենքեր կան, պիտի առաջնահերթ իրանց խնդիրը լուծենք, դուք դեռ համբերեք,-պատմեց բնակիչներից մեկը,-մենք շատ լավ գիտենք, որ էս պրոբլեմն ամբողջ հանրապետությունով է, բայց միթե կարելի է տարբերություն դնել, թե դու մարալիկցի ես, թող շենքը փուլ գա վրադ, էն մյուսի խնդիրն առաջնահերթ է, մենք էլ ենք չէ միս ու այրունից, էս նույն ազգից ենք»:

07_12-hovhanes

5-րդ շենքի բնակիչ, 62-ամյա Հովհաննես Մանուկյանը հիշեց, որ իրենց շենքը վթարային է եղել կառուցած օրվանից: «Մեր շենքը շահագործման հանձնեցին 1986թ-ին, տուն ստացած օրից մենք պրոբլեմներ ենք ունեցել,-հիշում է Հ.Մանուկյանը,-մինչեւ հիմի մեր տան պատերը գաջած է, ռեմոնտ չէինք էնե մտածելով, թե տունը կփոխենք: Հետո էլ երկրաշարժ եղավ, ընդհանրապես հույսերս կտրեցինք: Էս 5 հարկանի շենքի գլխամասային մուտքերում մարդ չի ապրի, կվախենան, պատերն իրարից հեռեցած են»: Մանուկյանները տղային ամուսնացնելուց հետո, որոշում են տղայի կնոջը գրանցել իրենց բնակարանի վրա, սակայն պարզվում է, որ դրա իրավունքը չունեն: «Խեղճ աղջկան իրանց տան գրանցումից հանեցինք ըստեղ էլ չթույլատրեցին, թե ձեր շենքը քանդման են ենթակա է, 4-րդ կարգի վթարայնություն ունի, ստիպված ախպորս տան վրա ենք գրանցել,-ծիծաղում է Հովհաննես Մանուկյանը,-ու էս պրոբլեմով մենակ մենք չենք, շենքն էլի ընտանիքներ կան»: Գազիֆիկացված Մարալիկում 5-րդ շենքի բնակիչներն օգտվում են փայտի վառարաններից: Շենքը գազիֆիկացնել չի թույլատրվում, վթարային է: Մարդիկ ահ ու դողով են քնում-արթնանում: «Էստեղ բոլորս նեվրոզով ենք տառապում,-ասում է Ռուզաննա Հարությունյանը,-ամեն մի ցնցումից դուրս ենք վազում ու դա շարունակվում է արդեն 20 տարի: Մի երկու շաբաթ առաջ Քաղաքաշինութայն նախարարն եկել էր Մարալիկ նորակառույց սոցիալական թաղամասը նայելու, մենք էլ 20 հոգով գնացինք, որ մեր խնդիրը ներկայացնենք նախարարին: Պատկերացրեք մարդը շատ բարեհամբույր մեզ լսեց, հետո էլ ասաց, որ շենքի ամրացում չեն կարող անել, քանի որ դա ավելի թանկ կնստի իրանց վրա, քան նորի կառուցումը»:

Բնակիչներն առաջարկել են ավարտին հասցնել Մարալիկի կիսակառույցները, կոմունալ բոլոր հարցերը լուծել, իրենք էլ հարդարման աշխատանքները կանեն, դա էլ կլինի իրենց ներդրումը: Նախարարն համաձայնվել է առաջարկելով, որպեսզի Մարալիկի քաղաքապետը բնակիչների առաջակը ծրագրի տեսքով ներկայացնի նախարարություն քննարկման: Մարալիկի քաղաքապետի հաշվարկով 5 հարկանի բազմաբնակարան շենքի բնակչներին լիրաժեք ապահովելու համար հարկ կլինի ավարտին հասցնել 5 կիսակառույց:

«Տեսեք, էդ շենքերը 2-3 հարկանի են, սոցիալական շենքը վերակառուցելու համար կառավարությունը 150 մլն դրամ է ներդրել, եթե գոնե 4 շենք ավարտին հասցնի ամենաքիչը 600 մլն պիտի ծախսի, բայց գոնե մարդիկ վթարային շենքից դուրս կգան»,-հաշվարկ է անում քաղաքապետ Արտակ Գեւորգյանը: Արտակ Գեւորգյան բնակիչների հոգսը թեթեւացնելու նպատակով նախարարին առաջարկել է, որպեսզի 50 տոկոսով ավարտված շինությունները համարվեն համայնքային ներդրում, սակայն մերժվել է: Ամեն դեպքում բնակիչները համաձայն են նաեւ իրենց կողմից արվելքի ներդրման պայմանով բնակարան ունենալուն:

07_12-gohar

«Թե չէ մի օր էլ կարթնանանք փլատակների տակ, գոնե էդ տարբերակով ապահով տանիք կունենանք գլխներիս վերեւը»,-բնակիչների մտավախությունը փոխանցեց Գոհար Սիմոնյանը: Մարալիկցիները դեմ չեն սոցիալական թաղամասի կառուցմանը, սակայն տարակուսած են, թե ինչու է ընտրվել իրենց «չոր ու ցամաք, անծառ ու ցուրտ» բնակավայրը: Լսել են նաեւ, որ հատկապես Լոռու մարզի անօթեւանները ցանկություն չունեն Մարալիկ տեղափոխվելու: «12 բնակարանոց շենքը ձեւափոխել, դարձրել են 20 հատ մեկ սենյականոց,-ասում է քաղաքապետը,-էդ շենքի առաջին հարկում պիտի տեղավորվի սոցիալական աշխատողի, բուժքույրի սենյակները, բայց դժվար թե ծրագիրը մեծ արձագանք գտնի: Անգամ Գյումրիից չեն ուզում տեղափոխվել, մենք էլ էդպիսի համապատասխան մարդիկ չունենք: Դրա համար էլ մտածում եմ, որ գուցե առաջնահերթ արժեր փլվող շենքի բնակիչների խնդիրը լուծել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter