HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Լույսի հոգեւոր կողմը գտած նկարիչը

«Հիշում եմ` մի անգամ հայրս` Մինասը, ինձ իր հետ տարավ արվեստանոց: Ռադիոընդունիչն էր մոռացել, առանց որի աշխատել չէր սիրում, ինձ խնդրեց, որ մնամ, իրեն սպասեմ: Ես էլ 4,5 տարեկան էի, ասացի` չէ, ես էլ եմ գալիս, վախենում եմ մենակ: Ինքն էլ մի թուղթ տվեց եւ ֆլոմաստեր, ասաց` նստիր, նկարիր: Ասացի` ի՞նչ նկարեմ:

Ասաց` այ, հենց ինձ, նայիր վրաս, հիշեցի՞ր, դե հիմա նկարիր: Երբ նկարես, քեզ երբեք մենակ չես զգա»: Նարեկը նկարեց հոր դիմանկարը: Այն մինչեւ հիմա պահվում է Նարեկի` Մինասի կրտսեր որդու արվեստանոցում, որը բուրում է տասնամյակների ընթացքում պատերի մեջ ներծծված, նրանց մասը դարձած ներկերով ու գույներով: Գույներն էլ վառ են ու մաքուր: Չնայած Նարեկը վեց տարեկանում կորցրեց հորը, հուշերը նրա մեջ մինչ օրս շատ վառ են. հաճախ է հիշում հոր խորհուրդները ու հասկանում, թե որքան դիպուկ էին դրանք: Նարեկ Ավետիսյանն ինքն իրեն միայն վրձինը ձեռքին է հիշում ` միշտ նկարելով, ինչ-որ նոր բան հորինելով: «Նկարելն իմ ամենաերանելի վիճակն էր թե դպրոցում, թե տանը: Անշուշտ, վատ չէի սովորում, բայց հաճախ անջատվում էի դասերից, ու ձեռքս ավտոմատ նկարում էր: Մի անգամ էլ, 10-11 տարեկան էի, ուզեցի մեր տան պատին նկարել: Մայրս էլ, որքան էլ տարօրինակ է, ասաց` շատ լավ ես անում, ուզում ես` նկարիր: Ես էլ մի ամբողջ պատի վրա մանուկ Հիսուսի խաչելությունը պատկերեցի: Փոքր էի, այդպես էի պատկերացնում»:

14_12-n_avetisyan-3

Երբ արդեն Մինասը չկար, Նարեկենց այցելում է Վլադիմիր Սպիվակովը: Մինասը եւ Սպիվակովը ծանոթ չեն եղել, սակայն Սպիվակովը նրան շատ էր հարգում, երկրպագում եւ գալիս էր նկարները տեսնելու: Նարեկը պատմում է, որ այդ օրը շոգ էր, աշխարհահռչակ դիրիժորը մի բաժակ ջուր խնդրեց: Փոքրիկ Նարեկը վազեց խոհանոց` ջուր բերելու:

«Երբ գլուխը բարձրացնելով խմում էր ջուրը, հանկարծ տեսավ պատի վրայի որմնանկարը: Ասաց` վա~յ, ես չգիտեի, որ Մինասը նույնիսկ տանն է որմնանկար արել: Դե, ես էլ երեխա էի, ասացի` էտ ինքը չի, էտ ես եմ նկարել: Ասաց` ты мальчик?: Ասացի` да: Ինքն էլ ժպտալով ասաց` Ну все, я тобой заинтересовался»: Մի երկու ամիս անց մի շատ լուրջ մարդ է մեր դուռը ծեծում: Հաստ ալբոմներ տալով` ասում է` Владимир Теодорович послал для Нарека: Շշմելու ալբոմներ... Երեւանում նման բան չկար: Այդպես մեկ-երկու ամիսը մեկ գրքեր էր ուղարկում, նամակներ»: Ամենից քաղցր հիշողությունները կապված են հարազատ Ջաջուռ գյուղի հետ, որտեղ չկա ոչ մի պայմանականություն, ոչ մի պարտադրանք: Կատարյալ ազատությունը, լեռների բարձրությունը ոգեշնչում էին արդեն պատանի Նարեկին: Պատմում է, որ սիրելի զբաղմունքներից էր գյուղի հին տներն այցելելը: «Կար մի շրջան` ուսումնարանից առաջ, երբ գնում էի հին տները ու նկարում տատիկներին: Ինձ տեսնելով` նրանք ուրախանում էին, ասում էին` տղա ջան, մածուն կուզե՞ս: Ասում էի` հա, ու առիթից օգտվելով` նկարում էի իրենց: Սկզբում գծանկարն էի անում, հետո վերածում էի գրաֆիկաների: Ու այդպես տատիկների շատ դիմանկարներ եմ արել»:

Աբստրակտ մտածելակերպը նրան «ստիպեց» մաքրել գույները մինչեւ աներեւակայելի աստիճան, նրա խոսքերով` դրանից այն կողմ գույնը տեխնիկապես մաքրելու հնարավորություն չկա: Դրանով իսկ գույնը նրա մոտ վերածվեց լույսի: Նարեկը նշում է, որ հենց գույնի միջոցով էլ նկարը դիտողի մոտ պետք է որոշակի շոկ առաջացնի:

«Գույնը լույս է: Եթե դու ձգտում ես դեպի լույսը, քո գույները գնալով պիտի մաքրվեն: Ինձ, անշուշտ, հետաքրքրում է լույսի խնդիրը: Տեսակով ավելի ժամանակակից արվեստի ներկայացուցիչ եմ, դրա համար էլ որպես կոնցեպտ առանձնացնում եմ լույսը: Գույների թեորիան ինչ-որ չափով հաշվի առնելով` գույնը աշխատացրի այնքան, որ գտա լույսի հոգեւոր կողմը, ոչ թե ֆիզիկական ճառագայթումը, այլ այն, որ ներսից է լույս տալիս»:

14_12-n_avetisyan-2

Նարեկ Ավետիսյանն ասում է, որ իր նկարների վառ գույներն իր հոգուց են բխում, այն, ինչ կա ներսում, արտահայտում է նկարներում` աբստրակցիայի միջոցով:

«Կանդիտսկին աբստրակտիզմի հիմնադիրն է: Ասում է` ես այդ տերմինը հորինել եմ, որ մեզ ռեալիստներից տարբերեն: Կա արտաքին իրականություն, կա ներքին իրականություն: Դարեր շարունակ արվեստը արտաքին իրականությունն է արտացոլել, իսկ աբստրակցիան եկել է արտացոլելու ներքին իրականությունը, հոգեվիճակը, վերաբերմունքը»,- պարզաբանում է Նարեկը:

Նկարիչը խոստովանում է, որ մանկուց իր սիրելի զբաղմունքներից է եղել տարբեր նկարիչների գործերը փոփոխությունների ենթարկելով վերանկարելը: Նրան հետաքրքրում էր, թե ինչպես կարող են կլասիկ նկարիչը եւ մոդեռնիստը միեւնույն առարկան տարբեր կերպ ընկալել եւ այդ ընկալումներով տարբեր առարկաներ ստանալ:

14_12-n_avetisyan-1

«Նկարիչը միշտ, բոլոր դարերում նույն մարդն է, ուղղակի աշխարհն է փոխվում: Նկարչի վերաբերմունքն է փոխվում նույն առարկայի նկատմամբ: Երբ գնում ես Լուվր կամ Էրմիտաժ, նայում ես հանճարեղ գործերին ու ասում` եթե ես անեի էս բանը, հենց այսպես կանեի, ես ձգտում եմ դրան: Նայում ես ու ասում` ես եմ սա արել... Սա կարող է մի քիչ ծիծաղելի հնչել, բայց դա այդպես է...»: Վարիացիաների սիրահար Նարեկը մոտ երեսուն նկարից բաղկացած շարք է ստեղծել Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարի հիման վրա: Պատկերել է տարբեր նկարիչների` Ռեմբրանդի, Մ. Սարյանի, Պիկասոյի, Դա Վինչիի, Յավլենսկու, Մոդիլիանիի եւ այլոց աչքերով, նրանց պատկերացումներով, նրանց հատուկ մտածելակերպով:

«Ամբողջ էֆեկտն այն է, որ բոլորի դիրքը պահված է: Ուղղակի փոփոխում ես` ըստ նկարչի առանձնահատկությունների: Գործեր կան, որ ամեն նկարիչ, նայելով դրանց, հասկանում է, որ ժամանակի եւ տարածության մեջ ինքը վերապրում է այդ նույն պատկերը: Իրականության հանդեպ տրանսֆորմացիա է: Վերմերի այս աշխատանքը, անշուշտ, գլուխգործոց է: Բայց այս հեղինակների արածները, եթե վերանանք այն բանից, որ ես եմ նկարել, ամեն մեկի գործը մի գլուխգործոց է: Ու արդեն հարաբերական է դառնում, թե նրանցից ո՞րն է ավելի լավը: Միեւնույն ժամանակ, սա մի տեսակ մեծերին հարգանքի տուրք տալ է: Այստեղ առավելագույն նվիրում կա ու վերապրում, ամեն նկարչի վերապրումը: Ես էլ վերապրում եմ նրանց հետ»: Փանոս Թերլեմեզյանի անվ. ուսումնարանում Նարեկն իր ընկերներին հրահրում էր վարիացիաների մրցույթ կազմակերպել, որոշում էր, որ այս օրերին նկարում են Միքելանջելո, Պիկասո եւ մրցում, թե ով ավելի նման կնկարի: Իրականում դա մեզ ավելի շատ բան տվեց, քան սոցռեալիզմից ժառանգած քարացած մեթոդները: Իսկ ահա ինստիտուտում ես արդեն բունտարության եկա, որի պատճառով երկու անգամ ինստիտուտից հեռացրին, այդպես էլ դիպլոմս չպաշտպանեցի»,- պատմում է Նարեկը:

Բանն այն է, որ այդ ժամանակաշրջանում Նարեկը եւ իր ընկերները տարվել էին ավանգարդիզմով, իսկ Գեղարվեստաթատերական ինստիտուտում, նկարչի խոսքերով, դեռ տիրում էր սոցռեալիզմը, եւ դասախոսական կազմը պատրաստ չէր ընդունել մոդեռնիստների մտածելակերպը:

«Չեք պատկերացնում` ինչ թթված միջավայր էր ինստիտուտում: Մի հատ տատիկ էին նստեցնում` կոլտնտեսական թեմայով: Մունդառ-կեղտոտ դրապիրովկաներով, թեման էլ` անհամ, ու էդ զզվելի «լեպկաներով» ստիպում էին նկարել: Ասում էին, թե մեզ սովորեցնում են կլասիկ նկարչություն: Ես էլ տաքարյուն էի, գժվեցի, ձեռքս խփեցի, ասացի` ո՞վ ա կլասիկը, դո՞ւ ես կլասիկը, ակադեմիզմը ո՞րն ա, դասականը ի՞նչ է նշանակում, հենց հիմա ինձ ասեք, ուսանող եմ, ասեք, որ սովորեմ, ասաց` դե...բա...բա... Ասացի` հա՞, չեք իմանու՞մ: Անգրագե՞տ եք: Գժվել էի: Ասացի` ոչ մի բան չգիտեք, տեղներովդ սոցռեալիզմ եք, մեզ էլ խաբում եք»:

Իհարկե, նման պահվածքով ու համարձակությամբ Նարեկը ինստիտուտում չէր կարող երկար մնալ: Նրան հեռացրին չորրորդ կուրսում, որից հետո նա մեկնեց Լեհաստան, այնուհետեւ Սպիվակովի աջակցությամբ հայտնվեց Իսպանիայում: Ապրում էր մաեստրոյի տանը, վերջինիս «կարգադրությամբ» ուսումնասիրում էր եվրոպական արվեստը ու ստեղծագործում` Փարիզում Միջազգային երաժշտության փառատոնի շրջանակներում անհատական ցուցահանդեսով ներկայանալու համար:

«Երբ առաջին օրն առավոտյան արթնացա Սպիվակովի Իսպանիայի բնակարանում, շուրջս կտավներ էին շարված ու այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նկարելու համար: Ասաց` ինչ ուզում ես արա, միայն տունս չվառես, չպայթեցնես,- ժպիտով հիշում է Նարեկը,- գիտեր, որ վառելով գործեր էի անում»:

Ցուցահանդեսը հրաշալի է անցնում. բոլոր նկարները վաճառվում են, Նարեկին մեծ ապագա են խոստանում, հրաշալի հնարավորություններ, սակայն... «Ես այդ հիմար «խասիաթը» ունեմ, չգիտես ինչու` որոշեցի, որ Փարիզում արվեստը լճացել է ու արդեն պիտի գամ Երեւան: Ամեն ինչ թողեցի, կորցրի: Եկա Երեւան, ամուսնացա ու ինձ տարան բանակ` երկու տարով»: Հարցնում եմ, թե ինչու չի մեկնում արտերկիր, որտեղ ավելի ազատ կստեղծագործեր:

Պատասխանում է. «Հայաստանը մեզ սպանում է, մեր վերջը տալիս է, բայց եթե մենք գնանք այստեղից, ռաբիսները մեր վերջը կտան: Ադրբեջանի մասնաճյուղ կդառնա մեր երկիրը: Ես ինձ համարում եմ այն փոքրիկ պատճառը, որի շնորհիվ մենք դեռ պահպանվում ենք: Իրականում ես շատ եմ քննադատում իմ երկիրը, բայց շատ պատրիոտ եմ, շատ»: Հայաստանում էլ Նարեկ Ավետիսյանը ձեռքերը ծալած չնստեց: Ընկերներով ստեղծեցին կոնցեպտուալ արվեստի խումբ, որը, իր խոսքերով, շատ բան տվեց հայկական արվեստին, ավանգարդիստական արվեստի գաղափարները տեղայնացվեցին: Նարեկը Հայաստանում առաջինն էր, ով աշխատեց համակարգչային գրաֆիկայով: Հետո Վենետիկում ամենամյա ցուցահանդեսին իր «Երկիր, տիեզերք, երազ»  աշխատանքներով ներկայացրեց Հայաստանը: Նկարիչը փաստում է, որ յոթանասունական թվականներին Հայաստանը գիտամշակութային վերելք ապրեց, իսկ այսօր սերիալների, տարբեր «որոգայթների», շղթաների եւ դրանց մակարդակի մարդկանց վերածնունդն է:

Ցավով նկատում է, որ այն «սլենգը», որն այսօր հեռուստատեսությունում նորմա է դարձել, այն ժամանակ չէր գործածվում նույնիսկ փողոցում. «Միջնադարում մարդը սովից կոտորվում էր, բայց եկեղեցի էր սարքում, չէր ասում` վա~յ, կոշիկս, վա~յ, ստամոքսս: Եթե վերեւներում կարող են ռաբիս երաժշտություն լսել, նրանք կզարմանան, եթե դու կանգնես, նրանց ասես, թե սխալ բան են լսում: Ուրեմն ի՞նչ ենք ուզում մենք նրանցից, հենց նրանք կուլտուրայի հետ կապված խնդիրներ ունեն: Այդ պատճառով էլ այս վիճակում ենք...Արվեստն այսօր տառապում է սոցիալական եւ քաղաքական ճնշումների տակ: Այսօր ամեն նախագիծ ֆինանսավորվում է, եթե արծարծում է սոցիալական կամ քաղաքական թեմա: Իսկ արվեստի հիմքում պիտի արվեստը, մտածելու, արտահայտվելու բացարձակ ազատությունը լինի, որը պայմանավորված չլինի քաղաքական, տնտեսական կամ սոցիալական կապանքներով»: «Ամեն օր աշխատում եմ: Մեկ-մեկ էլ շատ նկարելուց ասում եմ` գժվել եմ, էս ի՞նչ եմ անում: Հետո դուրս եմ գալիս փողոց, մարդկանց եմ տեսնում ու ասում եմ` չէ, սրանք են գիժ: Ես նորմալ մարդ եմ...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter